Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Սիսիան Սիթի» և «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե սուպերմարկետները նվերներ են տալիս ծննդյան առթիվ։
«Բոլոր նրանք, ովքեր մինչև 2025 թվականի հունվարի 20-ը մեր էջում կգրեն «Happy Birthday», կստանան հատուկ մրցանակներ՝ հատուկ նվերների պայուսակների, խոհանոցի սարքավորումների, կանխիկի, Iphone 14 pro Max-ի տեսքով»,- նշված է գրառումներից մեկում։
Գրառումներն ունեն հարյուրավոր մեկնաբանություններ և տարածումներ (share), մինչդեռ և՛ «Սիսիան Սիթի», և՛ «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից տարածվող հրապարակումները կեղծ են։
«Սիսիան Սիթի» սուպերմարկետի անունից տարածվող կեղծ գրառման մասին
Կեղծ գրառումը տարածվում է ?????? ???? ???????????• անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է հունվարի 16-ին։
Հրապարակման հեղինակները մեկնաբանություն գրած օգտատերերից պահանջում են տարածել այն ֆեյսբուքյան խմբերում՝ այդպիսով բարձրացնելով դրա դիտելիությունը։
Սուպերմարկետի պաշտոնական ֆեյսբուքյան էջը «Sisian city Supermarket / Սիսիան սիթի»-ն է, որտեղ սուպերմարկետը հերքել է մրցույթի վերաբերյալ գրառումը և հորդորել օգտատերերին բողոքարկել (spam) կեղծ էջը։

«Երևան Սիթի» սուպերմարկետի անունից դարձյալ կեղծ գրառումներ են տարածվում
Օրեր առաջ՝ հունվարի 8-ին ստեղծված մեկ այլ էջով էլ տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ դարձյալ ծննդյան տարեդարձի առթիվ նվերներ տալու վերաբերյալ։
Գրառումը տարածող ??????? ???? ???????????• անվանումով ֆեյսբուքյան կեղծ էջը ողողված է բացառապես նվերների, մրցույթների, մրցանակների վերաբերյալ հրապարակումներով։

Նախկինում ևս նմանատիպ կեղծ գրառումներ են տարածվել «Երևան Սիթի»-իանունից, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Ինչպե՞ս են կեղծ մրցույթների միջոցով տվյալներ հավաքում
Նմանատիպ կեղծ էջերի սխեման նույնն է․ օգտատերերից պահանջում են տարածել գրառումը ֆեյսբուքյան խմբերում՝ բարձրացնելով գրառման դիտելիությունը, այնուհետև ուղարկում են ֆիշինգային կայքի հղում, որի միջոցով զեղծարարները անձնական կամ բանկային տվյալներ են գողանում։ Ընդ որում՝ անգամ ֆեյսբուքյան էջի անվանումն ու տառատեսակներն են նույնը, ինչը ևս ապացուցում է, որ զեղծարարները պարզապես հայտնի ընկերությունների անուններ են փոխում՝ նոր զոհեր որսալով։
Իսկ գրառումներում հաճախ օգտագործվում է ինդոնեզերեն @semua orang և @pengikut նշումները, որոնք համարժեք են «@everyone» նշմանը և օգտագործվում են բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։
Այսպիսով, «Սիսիան Սիթի» և«Երևան Սիթի» սուպերմարկետների՝ ծննդյան տարեդարձի առթիվ մրցույթների վերաբերյալ գրառումները կեղծ են։
CivilNetCheck
Civilnet











