Գլխավոր Լրահոս

Հանրային տրանսպորտն աշխարհում․ որտե՞ղ է անվճար, որտե՞ղ՝ 100 դրամից էժան

Հանրային տրանսպորտն աշխարհում․ որտե՞ղ է անվճար, որտե՞ղ՝ 100 դրամից էժան

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Երևանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ հարցերին, կոչ արեց համեմատել, որ երկրում ինչ սակագին է գործում։

«[...] ես երեկ նայել եմ այդ ցանկը, այնպես չի, որ հանկարծակի եմ խոսում, մի քանի բռնապետական երկիր կա, որը պետական սուբսիդավորումով է արվում, անունները չտամ։ Եվ հիմնականում 100 դրամ չկա, 100 դրամից բարձր են բոլորը»,- պնդեց ԱԺ խոսնակը։

Լրագրողները իրենց հարցերում որպես զարգացած տրանսպորտային համակարգ ունեցող քաղաք նշեցին Պրահայի օրինակը, ինչին Սիմոնյանը արձագանեց. «Նախ Պրահայի օրինակը բերելուց նայեք Պրահայում ապրող մարդու հարկային բեռն ու Հայաստանում ապրող մարդու հարկային բեռը։ Պրահայի կայացվածությունը… Այո, կայացած երկիր է»,- ասաց Սիմոնյանը։ 

#CivilNetCheck-ը գնացել ԱԺ նախագահի պնդումների հետքերով։

Ո՞ր քաղաքներում է տրանսպորտի գինը 100 դրամից ցածր

Սիմոնյանի պնդումը, թե միայն բռնապետական երկրներում է, որ պետական սուբսիդավորման շնորհիվ տրանսպորտը 100 դրամ է և նույնիսկ ավելի բարձր, սխալ է։

Ուզբեկստանում, օրինակ, 2025-ից հասարակական տրանսպորտի գինը բարձրացել է։ Այս տարվա հունվարի 1-ից Տաշքենդի բնակիչները մեկ ուղևորության համար վճարելու են մոտ 90 դրամ (3000 սոմ), նախկին մոտ 60 դրամի (2000 սոմ) փոխարեն: Իսկ փաթեթներից օգտվող ուղևորների համար, կախված ուղևորությունների քանակից, մեկ ուղևորության արժեքը կազմում է մոտ 50 դրամ (1600 սոմ)։

Հասարակական տրանսպորտը 100 դրամից ցածր է նաև Շրի Լանկայում։ Ավտոբուսի նվազագույն սակագինն այնտեղ 2024-ի հոկտեմբերի 1-ից կազմում է մոտ 40 դրամ (27 ռուփի)։ 

Եգիպտոսում տրանսպորտի ուղեվարձը բարձրացել է 2024-ին՝ վառելիքի գների բարձրացման հետևանքով։ Սովորական ավտոբուսներով ուղևորափոխադրման արժեքը Կահիրեում 2024-ի հոկտեմբերի դրությամբ կազմում է մոտ 60 դրամ (7 եգիպտական փաունդ)։ 

Լուսանկարը՝ Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության կայքից

2024-ի օգոստոսի դրությամբ Ղազախսանի Ալմաթի քաղաքում ավտոբուսի ուղեվարձը մոտ 90 դրամ է (120 տենգե), վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ Աստանայում՝ 80 դրամ (110 տենգե)։ 

Սակայն կան երկրներ և նույնիսկ ժողովրդավարական, որտեղ հասարակական տրանսպոտն անգամ անվճար է։

2020-ից Լյուքսեմբուրգում հասարակական տրասնպորտն ամբողջությամբ անվճար է՝ ընդհուպ զբոսաշրջիկների համար։

Լյուքսեմբուրգ․ լուսանկարը՝ theguardian.com-ից

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի մշտական բնակիչները ևս անվճար են օգտվում տրանսպորտից։ Դրա համար անհրաժեշտ է ստանալ միայն վավերացված անհատական քարտ (SmartCard), որն անհրաժեշտ է ամեն անգամ օգտագործել տրանսպորտից օգտվելիս։ Տրանսպորտը, սակայն, վճարովի է մյուս քաղաքների բնակիչների և զբոսաշրջիկների համար։

Ավտոբուսով և տրամվայով երթևեկությունը անվճար է Ֆրանսիայի որոշ քաղաքներում։ 2023-ից Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի բնակիչներն անվճար են օգտվում տրանսպորտից։

Մոնպելյե․ լուսանկարը՝ euronews.com-ից

Մոնպելյեից բացի՝ տրանսպորտը բոլորի համար՝ այդ թվում զբոսաշրջիկների, 2018-ից անվճար է ֆրանսիական մեկ այլ քաղաքում՝ Դունկերկում։ Երրորդ ֆրանսիական քաղաքը, որտեղ 2017-ից տրանսպորտն անվճար է, Նյորն է։

Տրանսպորտը 2020-ից անվճար է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Միսուրի նահանգի Կանզաս քաղաքում։

Չեխիայի և Հայաստանի քաղաքացիների հարկային բեռի և տրանսպորտի գնի համեմատությունը

Ինչ վերաբերում է Սիմոնյանի պնդմանը՝ Հայաստանի և Չեխիայի քաղաքացիների վճարած հարկերի մասով, ապա պատկերը հետևյալն է։ 

Հայաստանում աշխատող քաղաքացիները վճարում են 20%-ի չափով եկամտահարկ։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացող անձինք վճարում են նաև եկամուտների 5%-ի չափով սոցիալական վճար (500 000 դրամից ավելի եկամուտների դեպքում՝ 10% )։ Բացի այդ, վճարվում է դրոշմանիշային վճար (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարները), որն աշխատավարձի չափից կախված տարբեր է՝ նվազագույնը 1500 դրամ։

Չեխիայի քաղաքացիները վճարում են 15% եկամտահարկ (բարձր եկամուտների դեպքում՝ 23% )։ Սոցիալական վճարները բաշխված են աշխատողի և գործատուի միջև։ Աշխատողը վճարում է 7% սոցիալական  ապահովության վճար, գործատուն՝ մոտ 25%: Պրահայում քաղաքացիները ունեն նաև պարտադիր ապահովագրություն, որը չկա Հայաստանում։ 

Քաղաքացին վճարում է 4,5% առողջության ապահովագրության վճար, գործատուն՝ 9%։ 

Սա հիմնական հարկերի համեմատությունն է, սակայն, կախված քաղաքից ու գործունեության տեսակից, այլ հարկեր ևս կան՝ գույքահարկ և այլն, ինչի համեմատականը դժվար է տալ։ 

Ինչ վերաբերում է Պրահայում տրանսպորտի սակագներին, ապա պատկերը հետևայլն է։

Միանվագ տոմսերը Երևանում նախատեսվող սակագներից բավական թանկ են, սակայն փաթեթների դեպքում իրավիճակն այլ է։ 

Մեկ ամսվա անսահմանափակ փաթեթի համար բնակիչները վճարում են մոտ 9 100 դրամ (550 չեխական կրոն), երեք ամսվա փաթեթի համար՝ մոտ 24 500 դրամ (1480 չեխական կրոն), տարեկան փաթեթի համար վճարը մոտ 60 500 դրամ է։

Հայաստանի դեպքում մեկ ամսվա անսահմանափակ փաթեթի արժեքը 9 000 դրամ է, երեք ամսվանը՝ 24 000 դրամ, իսկ տարեկան փաթեթն արժե 90 000 դրամ։

Պրահայում 65 տարեկանից բարձր բոլոր թոշակառուներն անվճար են օգտվում տրանսպորտից, Հայաստանում 63 տարին լրացած  թոշակառուների համար գործում է 30% զեղչ։ Ուսանողները Պրահայում ստանում են 50% զեղչ տրանսպորտից օգտվելու համար, Հայաստանում՝ 15%:

Էկրանապատկերը՝ pid.cz-ից

Նկատենք, որ Պրահայում տրանսպորտային ծառայությունների որակը զգալիորեն բարձր է՝ ներառելով մետրո, տրամվայ և ավտոբուսների ինտեգրված ցանց։ Իսկ Չեխիայում միջին աշխատավարձը 2024թ. նոյեմբերի դրությամբ կազմում է մոտ 753 000 դրամ (մոտ 45 400 կրոն), մինչդեռ Հայաստանում 2024-ի նոյեմբերի դրությամբ՝ մոտ 290 000 դրամ։

Այսպիսով, անկախ քաղաքական համակարգից, մի շարք երկրներում տրանսպորտի սակագինը 100 դրամից ցածր է, իսկ որոշ երկրներում՝ անգամ անվճար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում