Գլխավոր Լրահոս

Պոտենցիալ քաղբանտարկյալների երկիրը

ՍիվիլՆեթը զրուցել է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նորաստեղծ նախաձեռնության անդամ Եվա Թովմասյանի հետ:

— Քաղբանտարկյալների թեման կարծես իր ակտուալությունը կորցրել է: Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա սկսել այս նախաձեռնությունը: Նախաձեռնությունն ի՞նչ է կարծում՝ միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելով խնդիրը կլուծվի՞, թե՞ այլ խնդիրներ էլ են դրված:

— Սկսեմ նրանից, թե ինչու 2008թ. նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը որոշեց ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ռեպրեսիաներ կիրառել: Խնդիրն այն է, որ այդ ընտրություններից հետո սկսվում էին ավելի լուրջ գործընթացներ. ընդդիմության և իշխանության երկխոսությունն էր սկսվում: Հանրապետական կուսակցության ղեկավարությունը պատասխաններ չէր գտնում: Այլընտրանք չէր մնում՝ կա՛մ պետք է տապալեր բանակցային գործընթացը, կա՛մ կատարեր ՀԱԿ-ի դրած նախապայմանները, կա՛մ էլ գնար արտահերթ ընտրությունների: Տեղի ունեցավ երիտասարդների հետ կապված այդ զազրելի դեպքը. տղաները ձերբակալվեցին: Հետևաբար՝ բանակցային գործընթացը այդ պայմաններում անհնար էր շարունակել, և այն առկախվեց: Դրանից հետո մենք բազմիցս հանդես ենք եկել տղաներին անհապաղ արձակելու պահանջներով: Կային մանր նախաձեռնություններ, որ իրականացվում էին թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ իրական կյանքում:

— Ձեր հաշվարկներով՝ Հայաստանում քանի՞ քաղբանտարկյալ կա:

— Հայաստանում հիմա կա մեկ քաղբանտարկյալ՝ Տիգրան Առաքելյանը: Կան նաև բազմաթիվ քաղաքական հետապնդումներ նույն Տիգրանի գործին առնչվող Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ: Առավել տխրահռչակ է Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումը:

— Ձեր նախաձեռնությունը ձևավորվեց նախընտրական շրջանում: Հնարավո՞ր է, որ այն միտված է ապագային: Քաղբանտարկյալներ լինում են հիմնականում ընտրություններից հետո: Ձեր մասով ի՞նչ կարող եք անել, որ չլինեն:

— Մեր նախաձեռնությունը ձևավորվեց այն բանից հետո, երբ մեր տղաների նկատմամբ դատավճիռ եղավ, և հասկացանք, որ կարճ ժամանակի ընթացքում գործողություններ չձեռնարկելու դեպքում, Տիգրանից բացի, մյուս տղաներն էլ կարող են բանտում հայտնվել:

— Շատ դեպքերում քաղբանտարկյալների համար պայքարը լոկալիզացված է: Եթե տվյալ կուսակցությունից է հետապնդվողը, ապա տվյալ կուսակցության շրջանում է ձևավորվում նախաձեռնությունը: Կարծես ընտրողական վերաբերմունք կա՝ քաղբանտարկյալ է, քաղբանտարկյալ չէ, պաշտպանում են, չեն պաշտպանում: Դուք խնդիր դրե՞լ եք ձեր նախաձեռնության մեջ միավորել քաղաքական դաշտի մի մասին: Օրինակ՝ ՀՀԿ անդամներից մեկի հանդեպ քաղաքական հետապնդման դեպքում պատրա՞ստ եք համագործակցության:

— Առհասարակ ցանկացած քաղաքական ուժ, որի նպատակները համապատասխանում են իր ներկայացրած ծրագրին, յուրաքանչյուր ակտիվիստ, քաղաքացի պարտավոր է կանգնել քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց կողքին: Ինչ վերաբերում է մեր նախաձեռնության շուրջ միավորմանը, ապա վերջերս Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ մենք փորձեցինք հրավիրել ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների: Այնտեղ մենք տեսանք մեր գործընկերներին «Ժառանգություն» կուսակցությունից, ԲՀԿ-ից, տարբեր ՀԿ-ներից:

— Այսինքն՝ մեծ արձագա՞նք ունեցավ այն:

— Այո՛, արձագանք չեղավ ՀՀԿ-ից, քանի որ նման արձագանքի դեպքում այլ բան չի մնում, քան հրաժարական տալը, ինչը նրանց համար ինքնակործանում է:

— Որպես կանոն, քաղբանտարկյալը հետևանք է կոնկրետ իրավիճակի: Երբ փորձում ես քաղբանտարկյալին դուրս բերել բանտից, իրականում պայքարում ես դրա հետևանքների դեմ: Հրապարակային պայքարի մեթոդները կիսով չափ են արդյունավետ: Կա՞ն այնպիսի մեթոդներ, որ իշխանությունների վրա ավելի ազդեցիկ լինեն, քան նման նախաձեռնություններն են:

— Այդ գործիքը միայն քաղաքացիական հասարակությունն է: Դու ինքդ պետք է տիրություն անես քո իրավունքներին: Դու պետք է փորձես վերահսկել քո իշխանությանը: Քաղաքացիական հասարակության ճնշման տակ պետք է փորձես վերահսկել: Հրապարակային պայքարից բացի՝ կարելի է միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, ինչին մենք դիմել ենք: Տիգրան Առաքելյանի գործի հարուցումից հետո Հայաստանում գործող շատ կազմակերպություններ արձագանքեցին:

— Այսքան դրսևորումներ կան, այսքան գործողություններ կան: Իշխանությունը արձագանքո՞ւմ է այս ամենին՝ թեկուզ ակնարկներով, արդարացման ձևերով:

— Առայժմ ինշխանության արձագանքը եղել է նոյեմբերի 2-ին տղաների գործով կայացած դատական նիստի ընթացքում, որն առավել ամբարտավան կերպով անցավ՝ ուշացումներով, դատախազի բարձր տոնով: Նիստն էլ հետաձգվեց: Յուրահատուկ կերպով են նրանք արձագանքում:

— Քաղաքացիներն ի՞նչ կերպ են արձագանքում այս ամենին:

— Եթե համեմատենք անցած նախագահական ընտրությունների ժամանակահատվածի հետ, ապա այժմ քաղաքացիական գիտակցությունն առաջընթաց է ապրում, քանի որ վարչախմբի իրականացրած բոլոր անօրինականությունները լուրջ արձագանք գտան, օրինակ՝ «Հարսնաքարի» գործը, Փուչիկների գործը, որը դեռ իր իրական մեղավորին չի գտել: Ես ուրախ եմ, որ այս հարցով մի շարք նախաձեռնություններ կան: Այո՛, քաղաքացիական հասարակությունը փորձում է իր ծանր խոսքն ասել, ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այդ հարցերում:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում