Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի՝ հունվարի 24-ին արած ֆեյսբուքյան գրառումը, որում նա ներկայացրել էր մի շարք քաղաքների տարածքը և հասարակական տրանսպորտի գինը։
«Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը՝ ամենաթանկ տրանսպորտով»,- գրել է Հակոբյանը՝ գրառման հետ կցելով նաև գրաֆիկ։

Սամվել Հակոբյանը համեմատել է տարածաշրջանի տարբեր քաղաքներում ուղետոմսի գները Երևանում մեկ ուղևորության համար սահմանված 300 դրամ վճարի հետ։
Նշենք, որ այս գրառումից օրեր անց՝ հունվարի 28-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նոր առաջարկ ունեն՝ ներդնել մեկ ուղևորության համար 150-դրամանոց տոմս, որը դեռ պետք է հաստատվի ավագանու հունվարի 31-ի արտահերթ նիստում։
Անկախ դրանից՝ քաղաքային իշխանությունը կպահպանի նաև 300 դրամ՝ 90 րոպեի համար նախատեսված տոմսը։ Հակոբյանի հրապարակած որոշ տվյալներ սխալ են կամ հնացած։
Հրապարակումը տարածել էին yerkir.am-ը, yerevan.today-ը, lurer.com-ը, mamul.am-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ։
Տրանսպորտի գները ԱՊՀ երկրների տարբեր քաղաքներում
Հակոբյանի հրապարակած գրաֆիկում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հասարակական տրանսպորտի գինը նշված է 90 տենգե (0.21 դոլար)։ Սակայն, այդ գինը գործել է մինչև 2024-ի օգոստոսը։ Սակագինը բարձրացել է. ներկայում կազմում է 110 տենգե (0,21 դոլար/85 դրամ)։
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավտուբուսի ուղեվարձը 120 տենգե է (0,23 դոլար/92 դրամ), մինչդեռ հրապարակման մեջ նշված է 80 տենգե (0,19 դոլար)։

Սխալ է նաև Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկ ուղևորության համար գրաֆիկում նշված տվյալը՝ 55 ռուբլին (0,60 դոլար)։ 2025-ից քաղաքում տրանսպորտի գինը բարձրացել է՝ կազմվելով 75 ռուբլի (0,76 դոլար/304 դրամ)։ Տրանսպորտային քարտ («Подорожник» карта) ունեցող պետերբուրգցիները ավտոբուսի համար վճարում են 51 ռուբլի (0,51 դոլար/207 դրամ)։
Ըստ Սամվել Հակոբյանի հրապարակման՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավտոբուսի մեկ ուղևորության վճարը 55 ռուբլի (0,60 դոլար) է, սակայն վերջին տվյալներով մեկանգամյա տոմսը Մոսկվայում արժե 75 ռուբլի (0,76 դոլար/304 դրամ)։
Ռուսաստանի մեկ այլ քաղաքի՝ Դոնի Ռոստովի պարագայում ավագանու անդամը գրել է, թե մեկ ուղետոմսի գինը 28 ռուբլի է (0,30 դոլար), մինչդեռ բանկային քարտով վճարելու դեպքում գինը 36 ռուբլի է (0,36 դոլար/146 դրամ), իսկ կանխիկ վճարելու դեպքում՝ արդեն 39 ռուբլի (0,39 դոլար/158 դրամ)։
Գրաֆիկի մեջ նշված է, թե Կրասնոդարում տրանսպորտի վճարը 28 ռուբլի է (0,30 դոլար)։ Սակայն 2024-ի դեկտեմբերի 7-ից հասարակական տրանսպորտի գինը թանկացել է՝ կազմելով 50 ռուբլի (0,51 դոլար/203 դրամ)։ Կրասնոդարի մասնավոր ուղևորափոխադրողները դեռևս 2024-ի հոկտեմբերից էին թանկացրել գները՝ դարձնելով 45-55 ռուբլի (0,46 դոլար/182 դրամից- 0,56 դոլար/225 դրամ)։ Մի շարք երթուղիների դեպքում պահպանվել է 40 ռուբլի (0.40 դոլար/162 դրամ) ուղեվճարը։

Հակոբյանի հրապարակման մեջ նշվում է, որ Սոչիում տրանսպորտի գինը 26 ռուբլի է (0,28 դոլար)։ Սոչիում, սակայն, հասարակական տրանսպորտի գինը տարբերվում է՝ կախված է երթուղուց և վճարման եղանակից։ 2024-ի նոյեմբերից մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիների գները թանկացել են՝ կազմելով 50-55 ռուբլի (0,51 դոլար/202 դրամ-0,55 դոլար/223 դրամ), իսկ համայնքին պատկանող երթուղիների ուղետոմսն արժե 40 ռուբլի (0,40 դոլար/162 դրամ)։
Թեև գրաֆիկում նշվում է, որ Մախաչկալայում տրանսպորտի գինը 20 ռուբլի է (0,22 դոլար), 2025-ի հունվարի 1-ից հասարակական տրանսպորտի գինը քաղաքում թանկացել է՝ կազմելով 25-80 ռուբլի՝ (0,25 դոլար/101 դրամ- 0,81 դոլար/324 դրամ) երթուղուց կախված։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տրանսպորտի մեկանգամյա էլեկտրոնային տոմսի արժեքը 40 լիրա է (1,11դոլար/447դրամ), իսկ գրառման մեջ նշվում է 15 լիրա (0,55դոլար)։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի դեպքում գրաֆիկում ներկայացված գները ևս սխալ են։ Նշված է համապատասխանաբար 0,50 վրացական լարի (0,19 դոլար) և 0,30 ադրբեջանական մանաթ (0,18 դոլար)։ Սակայն Թբիլիսիում հասարակական տրանսպորտի գինը 1 լարի է (0,34 դոլար/139 դրամ), իսկ Բաքվում 2024-ին գինը բարձրացել է՝ կազմելով 0,50 մանաթ (0,29 դոլար/117 դրամ)։

Բելառուսի մայրաքաղաքում ավտոբուսով ուղևորափոխադրման սակագինը գրաֆիկում գրեթե ճիշտ է ներկայացված՝ 0,80 բելառուսական ռուբլի (0,32 դոլար)։ Իրականում՝ 0,85 ռուբլի է (0,25 դոլար/104 դրամ)։
Իրանի մայրաքաղաք Թեհրանի և Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դեպքում ավտոբուսի ուղեվճարի արժեքը ճիշտ է նշված․ Թեհրանում՝ 10 հազար իրանական ռիալ (0,23 դոլար/ 95 դրամ), Կիևում՝ 8 գրիվնա (0,19դոլար/ 76 դրամ)։

Ուշագրավ է, որ Հակոբյանը որոշ դեպքերում սխալ է գրել նաև քաղաքների չափերը։
Համաձայն հրապարակման՝ Մինսկը զբաղեցնում է 409,5 քառ․ կմ, սակայն պաշտոնական տվյալներով քաղաքի տարածքը 353,6 քառ․ կմ է։ Հրապարակման մեջ Բաքվի տարածքը 2,140 քառ․ կմ է, մինչդեռ պաշտոնական աղբյուրներում այն 2,200 քառ․կմ է։
Այսպիսով, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հրապարակած գրաֆիկում տարբեր քաղաքների տրանսպորտի գների վերաբերյալ տվյալները սխալ են կամ հնացած։
CivilNetCheck
Civilnet











