Հայկ Հովհաննիսյան
Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի բացմանը՝ հունվարի 20-ին, պաշտոնապես հնչեց ՀՀ պետական օրհներգի փոփոխված տարբերակը։ Ուշագրավ է, որ այն հնչել է համապատասխան օրենքի ընդունումից առաջ։
Միայն երկու օր անց՝ հունվարի 22-ին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը դեռևս պետք է հաստատվի երկրորդ ընթերցմամբ։
#CivilNetCheck-ը փորձել է պարզել օրհներգի փոփոխված տարբերակի հնչեցման հիմքերն ու պատասխանատուներին, սակայն ԱԺ աշխատակազմը խուսափում է հստակ պատասխաններ տրամադրելուց։
Ազգային ժողովը ապօրինի մերժել է տեղեկատվության տրամադրումը
#CivilNetCheck-ը պարզաբանումների համար դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին։ Վերջինս առաջարկեց գրավոր հարցում ներկայացնել։ ԱԺ աշխատակազմը, սակայն, հետագայում մերժեց տեղեկատվության տրամադրումը՝ պնդելով, թե ուղարկված հարցումն «օրենքի իմաստով հարցում չէ»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գնահատմամբ՝ ԱԺ աշխատակազմի պատասխանն անհիմն է և հակասում է օրենքի պահանջներին։ Կենտրոնի փորձագետները նշում են, որ լրագրողական հարցումը վերաբերել է կոնկրետ փաստի և իրադարձության, ինչը լիովին համապատասխանում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին։
«Հետևաբար լրագրողի դիմումը ՏԱ օրենքի իմաստով հարցում է և պետք է ստանա ՏԱ օրենքով սահմանված արձագանք»,- նշված է ԻԱԿ-ի փորձագիտական եզրակացությունում։
Կրկնակի հարցման դեպքում ԱԺ աշխատակազմը նորից մերժեց տեղեկատվության տրամադրումը՝ պնդելով, որ հարցվող տեղեկությունները չեն հանդիսանում «ձևավորված տվյալներ», այլ պահանջում են մեկնաբանություն։ Հատկանշական է, որ ԱԺ խոսնակն ինքն էր առաջարկել գրավոր հարցում ներկայացնել՝ մերժելով մեկնաբանության տրամադրումը։

ԻԱԿ փորձագետները նշում են, որ ԱԺ աշխատակազմի պատասխանը հակասում է կառավարության 2015 թվականի 1204-Ն որոշման պահանջներին, որը պարտավորեցնում է տրամադրել թվագրված հարցերի հավաստի և լրիվ պատասխանները։
Ըստ ԻԱԿ փորձագիտական եզրակացության՝ «ԱԺ աշխատակազմն ըստ էության խոստովանում է փոփոխված օրհներգի հնչեցման համար իրավական հիմքի բացակայությունն առնվազն այնքանով, որքանով չունի ձևավորված տվյալներ ԱԺ-ում ՀՀ օրհներգը քառատողերի հերթականությունը փոփոխված հնչելու փաստի և դրա իրավական կարգավորումների վերաբերյալ»։
Ազգային ժողովը Փաշինյանի օրինակով խախտել է օրենքը
Պետական օրհներգի փոփոխված տարբերակը հնչեցվել է առանց իրավական հիմքի և պաշտոնական կարգադրության՝ խախտելով «ՀՀ օրհներգի մասին» օրենքը։ Ներկայիս կարգավորումների համաձայն՝ պետական օրհներգը պետք է կատարվի բացառապես հաստատված տեքստի համապատասխանությամբ և երաժշտական խմբագրությամբ։

«ՀՀ օրհներգի մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն այս պահանջների խախտման համար։ Սակայն ո՛չ վարչական, ո՛չ էլ քրեական օրենսգրքերում հստակեցված չէ պատասխանատվության մեխանիզմը։
Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածը կարճաժամկետ ազատազրկում է նախատեսում ՀՀ պետական խորհրդանիշները, այդ թվում՝ պետական օրհներգն անարգելու համար։ Սակայն անորոշ է՝ արդյոք օրհներգի տեքստի փոփոխված կատարումը կարող է որակվել որպես անարգանք։

Սա առաջին դեպքը չէ, երբ պետական օրհներգը հնչում է իշխող ուժի նախաձեռնած փոփոխություններով։ Փոփոխված տարբերակն արդեն հնչել էր ԱԺ-ում 2024-ի սեպտեմբերի 9-ին՝ ութերորդ նստաշրջանի բացման նիստին։ Սակայն այն ժամանակ այս փաստը հանրային ուշադրության չէր արժանացել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի նոյեմբերին հայտարարել էր իր անձնական նախաձեռնության մասին՝ բոլոր պաշտոնական միջոցառումներին հնչեցնել օրհներգի փոփոխված տարբերակը։ Դեռևս 2023-ի հունիսին Փաշինյանն առաջարկել էր վերանայել օրհներգի ավարտը, պատճառաբանելով, որ այն «զոհվելու տողով ու տեսարանով է ավարտվում»։
Ինչ է նախատեսում օրհներգի փոփոխության նոր նախագիծը
Հունվարի 22-ին ԱԺ-ում քննարկված օրենքի նախագիծը ներկայացրել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են օրհներգի քառատողերի դասավորությանը։
Առաջարկվող տարբերակում գործող օրհներգի չորրորդ քառատողը՝ «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», տեղափոխվում է երկրորդ դիրք։ Օրհներգն ավարտվելու է երրորդ քառատողի «թող միշտ պանծա Հայաստան» տողով։ Օրհներգի բառային կազմը մնում է անփոփոխ. փոխվում է միայն քառատողերի հերթականությունը։
Վերջերս վարչապետ Փաշինյանը սոցիալական ցանցում հրապարակել էր տեսանյութ՝ բացատրելով օրհներգի փոփոխության անհրաժեշտությունը։
«Միթե՞ դա այդքան կարևոր է։ Այո, քանի որ խոսքը Հայաստանի պետական օրհներգի մասին է։ [...] Եվ թող միշտ պանծա Հայաստան»,- նշել էր վարչապետը։
Տես՝ ՀՀ օրհներգը կվերադասավորվի. նախագիծը հաստատվեց և կքննարկվի լիագումար նիստում
CivilNetCheck











