Գլխավոր Լրահոս

Սոցցանցերում տարածվող «ավանդական» միջոցները չեն բուժում շաքարախտը կամ հոդացավերը

Սոցցանցերում տարածվող «ավանդական» միջոցները չեն բուժում շաքարախտը կամ հոդացավերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերի հայկական տիրությում լայնորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում առաջարկվում են տարբեր հիվանդությունների բուժման «բնական» և «ժողովրդական» մեթոդներ։

Տեսանյութերից մեկում, որն ունի ավելի քան 240,000 դիտում և շուրջ 1,500 հավանում, առաջարկվում է շաքարային դիաբետը «կառավարել» դարչինի, լիմոնի և ջրի խառնուրդի միջոցով։ Մեկ այլ տեսանյութում, որը նույնպես հավաքել է հարյուր հազարավոր դիտումներ, նշվում է, թե հոդացավերից կարելի է ազատվել «բրնձաջրի» օգնությամբ։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս տեսանյութերում ներկայացված պնդումները և պարզել, որ դրանք չունեն բավարար գիտական հիմնավորում և կարող են վտանգավոր լինել առողջության համար։

Ինչ են խոստանում տեսանյութերում

Տեսանյութերի հեղինակը, որը ներկայանում է որպես «Սուվար Շերդիփ Սուվարյան», իր էջում նշում է, որ յոգայի և «ռեյկի մեդիտացիայի» ուսուցիչ է։ Նրա էջը լի է հարյուրավոր նմանատիպ տեսանյութերով, որոնցում առաջարկվում են տարբեր հիվանդությունների «այլընտրանքային բուժման» կասկածելի մեթոդներ։

Դիաբետի համար հեղինակի առաջարկած բաղադրատոմսն է 10 գրամ դարչին, մեկ լիմոն և մեկ լիտր ջուր։ Տեսանյութում նշվում է, թե խառնուրդը դեղ է, և պետք է օգտագործել օրական երկու անգամ։

«Խմեք այս դեղը օրը երկու անգամ, առավոտյան սոված ստամոքսին և երեկոյան քնելուց առաջ»,- ասում է հեղինակը։

Մյուս՝ լայն տարածում ստացած տեսանյութում, հոդացավերի «բուժման» համար հեղինակն առաջարկում է օգտագործել հում բրինձ և ջուր։ Ըստ նրա՝ այս խառնուրդը «օրգանիզմից դուրս է բերում ավելորդ աղերը և տոքսինները» և «մաքրում է հոդերը»։

Ի՞նչ են ցույց տալիս գիտական հետազոտությունները

Գիտական հրապարակումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դարչինը որոշակի ազդեցություն ունի արյան մեջ շաքարի մակարդակի վրա, սակայն այդ ազդեցությունը բավական թույլ է և անբավարար՝ դիաբետը վերահսկելու համար։

Բազմաթիվ գիտական վերլուծություններ ցույց են տվել, որ դարչինը կարող է իջեցնել արյան գլյուկոզայի մակարդակը 5-10%-ով։ Դրական արդյունքը դիտվել է բացառապես երկարատև դեղաչափավորված ընդունման պարագայում, առավելապես նախադիաբետ (նախաշաքարախտ) ունեցող անձանց շրջանում։ Բացի այդ, դարչինը չի ազդում արյան մեջ շաքարի երկարաժամկետ մակարդակի վրա, ինչը շատ կարևոր է շաքարախտը վերահսկելու համար։

Լիմոնի ազդեցության վերաբերյալ գոյություն ունեն միայն լաբորատոր հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են ցիտրուսային մրգերի որոշ բաղադրիչներ: Սակայն չկան կլինիկական հետազոտություններ, որոնք կհաստատեին լիմոնի օգտակարությունը մարդկանց մոտ շաքարախտի բուժման կամ «կառավարման» համար:

Դարչինը, հատկապես դրա կասիա տեսակը, պարունակում է կումարին, որը բարձր դեղաչափերով թունավոր է լյարդի համար։ Ինչ վերաբերում է «բրնձաջրի» օգտագործմանը, գիտական որևէ ապացույց չկա, որ այն օգնում է հոդացավերի դեպքում կամ օրգանիզմից «մաքրում է աղերը»։ 

Այսպիսով, սոցցանցերում տարածվող «բնական բուժման» մեթոդների մասին տեսանյութերը չունեն գիտական հիմնավորում և կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Ցանկացած հիվանդության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի և չվստահել սոցցանցերում տարածվող կասկածելի խորհուրդներին։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում