Գլխավոր Լրահոս

Թրամփը չի սպառնացել Պուտինին. տարածվող տեսանյութը կեղծ է

Թրամփը չի սպառնացել Պուտինին. տարածվող տեսանյութը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում լայն տարածում է ստացել տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իբր սպառնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով, որ կհասնի Ուկրաինային բռնակցված տարածքների վերադարձին։

Տեսանյութը մեծ արձագանք է ստացել նաև հայկական մեդիատիրույթում. այն տարածել են «Баграмян26»,  «Инфотека24» տելեգրամյան ալիքները, ինչպես նաև RadioAurora.am, Euromedia24.com լրատվական կայքերը։ Radar.am և 1in.am ևս արտատպել են լուրը, սակայն ավելի ուշ հերքում են տարածել։

Սակայն տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության (AI) միջոցով՝ օգտագործելով դիփֆեյք տեխնոլոգիան։

Ի՞նչ է «հայտարարում» Թրամփը

Տեսանյութում տպավորություն է ստեղծվում, թե այն ռուսաստանյան պետական «Россия-1» հեռուստաալիքի լուրերի թողարկման հատված է։ Համաժամանակյա թարգմանությամբ ներկայացվում է Սպիտակ տնից Թրամփի ճեպազրույցը, որում նա հայտնում է, թե իբրև հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և սպառնացել նրան։

«Ես ասացի Վլադիմիրին, որ սա պետք է դադարեցնել, և նա համաձայնեց, բայց ասաց, որ Ռուսաստանի շահերը պետք է առաջնային լինեն, քանի որ նրանք արդեն ներառել են որոշ տարածքներ իրենց Սահմանադրության մեջ»,- թարգմանությամբ ներկայացվում է Թրամփին վերագրվող խոսքը։

Այնուհետև Թրամփը «սպառնում է». «Ես ձեզ համար Ջո Բայդենը չեմ։ Կա՛մ դուք ինձ հետ գործարք եք կնքում, կա՛մ ուկրաինական Սահմանադրության մեջ կհայտնվեն ռուսական տարածքներ»։

Տեսանյութը դիփֆեյք է

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեսանյութը ստեղծվել է Թրամփի՝ հունվարի 30-ի ճեպազրույցի հիման վրա, որը նվիրված էր Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարին։ Ճեպազրույցի բնօրինակ տեսանյութում Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին խոսք չկա։

Արհեստական բանականության հայտնաբերման Hive AI Detector հարթակը գնահատել է, որ տեսանյութում ձայնը, ամենայն հավանականությամբ, արհեստականորեն սինթեզավորված է արհեստական բանականության միջոցով։

Իրականում նման ռեպորտաժ երբևէ չի հրապարակվել «Россия-1» հեռուստաալիքով։ Առաջին անգամ տեսանյութը տարածվել է ուկրաինական «БАЗА, це Хьюстон» տելեգրամյան ալիքի կողմից, որը մասնագիտացած է հումորային դիփֆեյք-տեսանյութերի ստեղծման մեջ։

Կեղծ ռեպորտաժը տելեգրամյան ալիքում «Россия-1» հեռուստաալիքի լոգոյով հայտնվել է փետրվարի 9-ի երեկոյան։ Շուտով ալիքում հրապարակվել է նաև իբր բնօրինակ տեսանյութը՝ անգլերեն լեզվով, որում Թրամփի կեղծված ձայնը հնչում է առանց ռուսերեն թարգմանության։

Հունվարի 23-ին սոցիալական ցանցերում տարածվել էր նմանատիպ դիփֆեյք, որում Դոնալդ Թրամփը իբր հայտնել էր, թե սպառնացել է Վլադիմիր Պուտինին՝ հիշեցնելով հայտնի բռնապետների ճակատագրի մասին։

Սխեման նույնն էր՝ նախ տարածվել էր «Россия-1»-ի լոգոյով տեսանյութը, այնուհետև նույն Telegram-ալիքից «բնօրինակ» դիփֆեյքը անգլերեն լեզվով։ Այդ դիփֆեյքը հերքվել էր վրացական Mythdetector փաստերի ստուգման կայքի կողմից։

Թրամփը փետրվարի 8-ին The New York Post-ին տված հարցազրույցում հաստատել է Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու փաստը՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ։ Հաջորդ օրը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի հաստատել և չի հերքել այս տեղեկությունը։ 

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ «մոտ ապագայում» հանդիպելու մտադրության մասին։

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութը, որտեղ Դոնալդ Թրամփը սպառնում է Ռուսաստանի նախագահին, կեղծ է։ Այն ստեղծվել է արհեստական բանականության օգնությամբ՝ օգտագործելով դիփֆեյք տեխնոլոգիան:

Փաստերի ստուգում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում