Հայաստանի անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց միաժամանակ կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանի ժամանակ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության առանցքային առաջնահերթություններին՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանը միտված քայլերին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մյունխենում է:
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Civilnet










