Գլխավոր Լրահոս

Խարդախները կրկին օգտագործում են Ծառուկյանի անունը՝ կեղծ ներդրումային հարթակ գովազդելու համար

Խարդախները կրկին օգտագործում են Ծառուկյանի անունը՝ կեղծ ներդրումային հարթակ գովազդելու համար

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում նոր խարդախության ալիք է տարածվում կեղծ ներդրումային հարթակի գովազդմամբ։ Զեղծարարները, հայտնի անձանց անունները շահագործելով, փորձում են մոլորեցնել քաղաքացիներին՝ նրանցից կորզելով անձնական տվյալներ և գումար։

Վերջին օրերին նման գովազդներում կրկին օգտագործվում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունն ու նկարը։ Կեղծ տեղեկություն է շրջանառվում, թե իբր Կենտրոնական բանկը դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ եկամտաբեր ներդրումային հարթակի վերաբերյալ «բացահայտումների» պատճառով։

Էկրանապատկերը՝ կեղծ գովազդներից

Այս ապատեղեկատվությունը տարածվում է Meta-ի հարթակներում՝ Facebook-ում և Instagram-ում՝ բազմաթիվ կեղծ էջերի միջոցով։

Կեղծ սենսացիոն լուրերը՝ խարդախության գործիք

Գովազդային գրառումներում նմանակվում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարի ձևաչափը։ Տարածվում են կեղծ տեղեկություններ՝ Ծառուկյանի դեմ իբր կատարված մահափորձի կամ նրա մասնակցությամբ սկանդալային դատական գործի մասին։ 

Գրառումները տանում են «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքին նմանակող «Modernice.space» դոմեյնային անվամբ կայք։ Այնտեղ տեղադրված հոդվածում պնդվում է, թե Ծառուկյանը հարցազրույցի ժամանակ իբր բացահայտել է ներդրումային հարթակի մասին, որի միջոցով կարելի է կարճ ժամանակում մեծ եկամուտներ ստանալ։

Էկրանապատկերը՝ զեղծարարների կեղծ կայքից։

Այս «սենսացիոն» լուրերի միջոցով խարդախները փորձում են ուշադրություն գրավել և ուղղել օգտատերերին դեպի կեղծ ներդրումային հարթակ։ Սա նույն սխեման է, որն արդեն կիրառվել է 2024-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելով Ծառուկյանի և Կենտրոնական բանկի միջև իբր առկա դատական վեճի մասին։ #CivilNetCheck-ին ժամանակին անդրադարձել էր այդ կեղծիքին։

Տես՝ Կենտրոնական բանկը Ծառուկյանին դատի չի տվել. զեղծարարները կեղծ լուր են տարածում

Գովազդները տարածող կեղծ էջերի թափանցիկության բաժնում նշված է, որ դրանք կառավարվում են Ուկրաինայից և Վիետնամից։ Սակայն այս տվյալները կարող են կեղծված լինել VPN տեխնոլոգիայի կիրառմամբ։

Խարդախները Meta-ի հարթակներում պարբերաբար նոր էջեր և կայքեր են ստեղծում՝ արգելափակումները շրջանցելու նպատակով։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարածվող գովազդները կեղծ են և կրկնօրինակում են 2024-ին շրջանառված խարդախությունը։ Դրանց միակ նպատակն է քաղաքացիներին ներգրավել կեղծ ներդրումային հարթակում՝ նրանցից անձնական տվյալներ և դրամական միջոցներ հափշտակելու համար։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում