Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը iPhone 15 Pro հեռախոս է տալիս՝ հարցմանը մասնակցելու համար։
«Իմ քույրը աշխատում է V͏i͏v͏a͏-M͏T͏S͏-ում, և նա ասաց ինձ, որ շատ մարդիկ չգիտեն, որ հնարավոր է ստանալ i͏P͏h͏o͏n͏e͏ 1͏5͏ P͏R͏O͏՝ լրացնելով կարճ հարցումը V͏i͏v͏a͏-M͏T͏S͏-ի հատուկ հավատարմության ծրագրի շրջանակներում»,- նշված է գրառման մեջ:
Սա հերթական խաբեությունն է, որտեղ հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և բանկային տվյալներ կորզելու համար։
830 դրամով iPhone 15 Pro․ երբ գայթակղիչ առաջարկը դառնում է ծուղակ
Գրառմանը կցված հղումը տանում է srubthelove.com անվանումով կայք։ Այստեղ առաջարկվում է ընտրել նվերի տուփերից մեկը։ Նշվում է, թե «ճիշտ» տուփն ընտրելու դեպքում հեռախոսը հնարավոր է գնել ընդամենը 830 դրամով։

Մասնակիցն ունի երեք փորձի հնարավորություն։ Մի քանի անգամ փորձելուց հետո պարզվեց, որ առաջին անգամ համակարգը ցույց է տալիս, որ ընտրությունը սխալ է, սակայն երկրորդ հնարավորության ժամանակ մասնակիցը միշտ «հաջողում» է։

Հեռախոսը ստանալու համար պահանջվում է մուտքագրել բազմաթիվ անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, փոստային հասցեն և այլն։

Ավելին, հղումը տանում է մեկ այլ՝ stylishwearvip.com անվանումով ֆիշինգային կայք, որտեղ անձնական տվյալներից բացի՝ պահանջվում է մուտքագրել նաև բանկային տվյալները։

Արդյունքում զեղծարարները կորզում են մասնակիցների անձնական և բանկային տվյալները։
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեցին, որ որևէ նման առաջարկ չունեն ու էջը կեղծ է։
Նման դեպքերում պետք է ուշադրություն դարձնել կայքի դոմեյնին, ինչպես նաև զգուշանալ անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելուց։ Իսկ եթե արդեն տրամադրել եք ձեր տվյալները կամ կասկածներ ունեք, պետք է դիմել ձեր բանկին պաշտոնական հեռախոսահամարով։
CivilNetCheck
Civilnet











