Գլխավոր Լրահոս

Կանխիկի աճի մասին պնդումները չեն արտացոլում իրական պատկերը

Կանխիկի աճի մասին պնդումները չեն արտացոլում իրական պատկերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը փետրվարի 11-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երկրում կանխիկի ծավալները աճել են 22 մլրդ դրամով՝ կապելով այն հայտարարագրման համակարգի հետ:

«Վերջին 10 օրում կանխիկի ծավալները ավելացել են 22 մլրդ դրամով: Սա մի փոքր օրինակ է հայտարարագրման համակարգի փորձանքների մասին», - գրել է Առաքելյանը:

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Կենտրոնական բանկի տվյալները և պարզել, որ թեև նշված թիվը ճիշտ է, սակայն այն ներկայացված է առանց անհրաժեշտ համատեքստի։

Թվերն ու փաստերը

Կենտրոնական բանկն օրական և ամսական կտրվածքով հրապարակում է «ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի» և «փողի բազայի» տվյալները։

Փողի բազան երկրի ողջ փողի զանգվածն է՝ ներառյալ բանկային համակարգում առկա միջոցները։ Իսկ ԿԲ-ից դուրս կանխիկը տնտեսությունում շրջանառվող կանխիկ գումարների ծավալն է՝ քաղաքացիների, բիզնեսների և բանկերի մոտ։

Համաձայն ԿԲ տվյալների՝ փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում կանխիկ դրամի ծավալն իրոք աճել է շուրջ 22 մլրդ դրամով՝ հասնելով 949 մլրդ դրամի: Սակայն տարեսկզբին այս ցուցանիշն եղել է ավելի բարձր՝ 994 մլրդ դրամ, որը հունվարի ընթացքում աստիճանաբար նվազել է, իսկ փետրվարի սկզբից կրկին սկսել է աճել:

Փաստացի՝ Առաքելյանն ընտրողական մոտեցմամբ դիտարկել է միայն աճի փուլը փետրվարի սկզբին, չնայած հայտարարագրման թեման դեռ տարեսկզբից հանրային քննարկման առարկա էր:

Ուշագրավ է կանխիկ դրամի հարաբերակցությունը փողի բազայի նկատմամբ։ 2025-ի հունվարի սկզբին ԿԲ-ից դուրս կանխիկը կազմել է շուրջ 994 մլրդ դրամ՝ երկրի ընդհանուր փողի զանգվածի (1.66 տրիլիոն դրամ) 60%-ը։

Մեսրոպ Առաքելյանի հիշատակած ժամանակաշրջանում՝ փետրվարի 1-11-ին, թեև կանխիկի բացարձակ ծավալն աճել է, սակայն փողի բազան ևս աճ է գրանցել։ Արդյունքում կանխիկի մասնաբաժինը կազմել է 52-54%։

Երկարաժամկետ դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022-2024 թվականներին թե՛ փողի բազան, թե՛ կանխիկ դրամի ծավալները բնականորեն աճել են։ Այսպես, 2022-ի հունվարին կանխիկի ծավալը կազմել է 687,8 մլրդ դրամ, 2023-ին՝ 738,8 մլրդ, իսկ 2024-ին՝ 852,1 մլրդ դրամ։

Կանխիկ դրամի աճի և նվազման տատանումները կախված են բազմաթիվ գործոններից, ներառյալ սեզոնայնությունը, շուկայի մասնակիցների նախապատվությունները և Կենտրոնական բանկի քաղաքականությունը և այլն։ Բացի այդ, 2025-ի հունվարից բարձրացել է  շրջանառության հարկը՝ 5 տոկոսից հասնելով 10 տոկոսի, ինչը ևս կարող է պատճառ լինել տնտեսվարողների կողմից կանխիկ գործարքների նախապատվությանը։ 

Կանխիկի՝ 22 մլրդ դրամով հիշատակվող աճը տպավորիչ է հնչում, սակայն երբ այն դիտարկում ենք ընդհանուր փողի զանգվածի համատեքստում, որը կազմում է մոտ 1,8 տրլն դրամ, այս փոփոխության ազդեցությունը համեմատաբար չնչին է։

Մեսրոպ Առաքելյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, թե չի պնդել, որ բացառապես հայտարարագրման համակարգի հետ է կապված կանխիկի ծավալի աճը նշված շրջանում։

«Ես չեմ պնդում, որ կորելացիան բացառապես հայտարարագրման համակարգի հետ է կապված, այլ ընդամենը մի դրվագ է՝ որոշակի անդրադարձ, որի թվային ամբողջական պատկերը ստանալը երկարաժամկետ ուսումնասիրելու կարիք ունի», - ասաց Առաքելյանը` հավելելով, որ քաղաքացիների՝ համակարգի վերաբերյալ մտահոգությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ կանխիկի շրջանառության վրա:

Այսպիսով, փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում կանխիկ դրամի՝ 22 մլրդ դրամի աճի մասին պնդումը, թեև ճիշտ է թվերի առումով, սակայն չի արտացոլում ամբողջական պատկերը և կարող է թյուր տպավորություն ստեղծել առանց համապատասխան համատեքստի։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում