Զելենսկին պատրաստ է հեռանալ, «եթե դա նշանակի խաղաղություն Ուկրաինայում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր պաշտոնից, եթե դա նշանակի խաղաղություն Ուկրաինայում՝ կատակով նշելով, որ կարող է փոխանակել իր հեռանալը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ:
«Եթե (դա նշանակում է) խաղաղություն Ուկրաինայի համար, եթե իրոք անհրաժեշտ է, որ ես հեռանամ իմ պաշտոնից, ես պատրաստ եմ»,- ասել է զայրացած տեսքով Զելենսկին, երբ մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են՝ արդյոք պատրաստ է հեռանալ իր պաշտոնից, եթե դա նշանակի խաղաղության ապահովում (Reuters):
«Ես կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի (անդամակցության) հետ, եթե այդ պայմանը կա, անմիջապես»,- ավելացրել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ անհրաժեշտ էր համարել Ուկրաինայում ընտրությունների անցկացումը՝ Զելենսկուն անվանելով «դիկտատոր» և ակնհայտորեն հղում անելով Ուկրաինայի առաջնորդի պաշտոնական հնգամյա ժամկետի ավարտը 2024-ին:
Թրամփի քննադատությունը Զելենսկու հասցեին հնչել էր վերջին շաբաթներին երկու առաջնորդների հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին:
Զելենսկին դեմ է արտահայտվել լիամասշտաբ պատերազմի ընթացքում ընտրություններ անցկացնելու գաղափարին, որը պաշտպանում են նաև նրա հիմնական ներքաղաքական ընդդիմախոսները:
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ ցանկանում է տեսնել Թրամփին որպես Ուկրաինայի գործընկեր, և ոչ թե պարզապես միջնորդ Կիևի և Մոսկվայի միջև:
«Ես իսկապես ուզում եմ, որ դա լինի ավելին, քան պարզապես միջնորդություն... դա բավական չէ»,- ասել է նա Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Civilnet










