Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Հասարակական տրանսպորտ Երևանում» էջը գրառում է կատարել ՝ հայտնելով իբր 775 դրամով ամբողջ տարվա համար Երևանի տրանսպորտի քարտ վաճառելու վերաբերյալ։
«Հոբելյանի առթիվ Երևանի տրանսպորտային ընկերությունը Ձեզ առաջարկում է սահմանափակ անցաթուղթ։ Ստացեք մեկ տարվա անվճար ուղևորություն ընդամենը 775 դրամով»,- նշված է գրառման մեջ։
Մեկ տարվա համար անվճար տրանսպորտի վերաբերյալ գրառումն իրականում խայծ է, որի միջոցով զեղծարարները քաղաքացիների անձնական և բանկային տվյալներն են գողանում։
Ինչպե՞ս է իրականացվում զեղծարարությունը
Ամբողջ տարվա համար գրեթե անվճար տոմս ձեռք բերելու վերաբերյալ գրառումը ֆեյսբուքյան էջի միակ ակտիվությունն է, իսկ էջը ստեղծվել է օրեր առաջ՝ փետրվարի 18-ին։

Գրառմանը կցված հղումով այցելելիս քաղաքացիներին առաջարկվում է ընտրել տուփերից մեկը։ Տուփը ճիշտ ընտրելու դեպքում իբր մասնակիցը հնարավորություն ունի 775 դրամով գնել ամբողջ տարվա համար անվճար տրանսպորտի քարտը։ Քաղաքացին երեք հնարավորություն ունի ճիշտ տուփն ընտրելու։

Երկրորդ անգամից հետո մշտապես «հաջողվում է» ճիշտ տուփն ընտրել։
Հատկանշական է, որ կայքի տեքստերը հայերեն և էստոներեն են։
Իսկ քարտը 775 դրամով գնելու համար պահանջվում է անձնական և բանկային տվյալներ մուտքագրել։

Առցանց տարբերակով Երևանի տրանսպորտի տոմսերը հնարավոր է ձեռք բերել պաշտոնական transport.yerevan.am կայքից կամ Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով։
Երևանի քաղաքապետարանը ևս օրեր առաջ հայտարարություն էր տարածել կեղծ քարտեր վաճառող նմանատիպ մեկ այլ կայքի մասին՝ քաղաքացիներին հորդորելով չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին։
CivilNetCheck
Civilnet











