Գլխավոր Լրահոս

Պաշտոնյաները մոլորեցնում են նոր Սահմանադրության փոփոխության հարցում

Պաշտոնյաները մոլորեցնում են նոր Սահմանադրության փոփոխության հարցում

Հայկ Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025-ի փետրվարի 19-ին «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» ուղերձում կրկին խոսել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին՝ այս անգամ հարցը դիտարկելով գաղափարախոսական հարթությունում։

Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ընդունելու հայտարարությունը ընդդիմադիրները կապեցին Ադրբեջանից հնչող պահանջների հետ։ Մինչդեռ, իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ փետրվարի 20-ին հակասական հայտարարություններ արեցին նոր Սահմանադրության ընդունման գործընթացի վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդեց, որ Սահմանադության փոփոխության մասին խոսակցությունները սկսվել են 2020-ին, և այն «արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ»։ Րոպեներ անց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ գործընթացը մեկնարկել է ոչ թե 2020-ին, այլ դեռ 2018-ին՝ հեղափոխությունից հետո։

#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ, թե ինչպես է փոխվել իշխանությունների մոտեցումը նոր Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունների հարցում 2018-ից ի վեր։

2018-2019. Խորհրդարանի լուծարումից մինչև մերժում

2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին Փաշինյանը խոսում էր Սահմանադրության մեջ միայն փոփոխություններ իրականացնելու մասին՝ կապված խորհրդարանի ինքնալուծարման մեխանիզմի հետ. «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։

Սակայն վերջիվերջո 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունեցան առանց սահմանադրական փոփոխությունների՝ վարչապետի հրաժարականի միջոցով։

2019-ի մարտի 19-ի մեծ ասուլիսում Փաշինյանն արդեն դեմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին՝ կարևորելով տնտեսական հեղափոխությունը. «Սահմանադրությունը ինքը կենդանի օրգանիզմ է, ինքը կարող է փոխվել, բայց ես հիմա չէի ուզենա որևէ կանխորոշող հայտարարություն անել։ Բայց ես կասեմ նաև, որ իմ կարծիքը, իմ անձնական կարծիքը այն է, որ մենք կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք, քանի դեռ դրա վերաբերյալ չունենք կոնկրետ փաստարկներ։ [...] Ես կարծում եմ՝ ավելի շատ մեր տնտեսական հեղափոխության վրա պետք է կենտրոնանանք, քան սահմանադրական փոփոխությունների»։

2019-ի մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակման հայտնի օրը, Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգի անկախության ապահովման համար կարող են պահանջվել Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություններ. «Եթե անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»։

2019-ի դեկտեմբերի 30-ին Փաշինյանը որոշում ստորագրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, որին հանձնարարվեց մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և մինչև 2020-ի սեպտեմբեր ներկայացնել փոփոխությունների նախագիծը։

Այսպիսով, հետհեղափոխական շրջանում, հակառակ նախարար Գալյանի պնդման, քննարկվում էր ոչ թե նոր Սահմանադրության ընդունումը, այլ գործող Սահմանադրության մեջ որոշակի մեխանիզմների փոփոխությունը։

2020. ՍԴ-ից մինչև նոր Սահմանադրություն

Մինչ ձևավորվում էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, 2020-ի սկզբին իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծ՝ փաստացի ՍԴ կազմը փոխելու նպատակով։ Փետրվարի 6-ին ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Հանրաքվեն նշանակվեց ապրիլին, սակայն COVID-19 համավարակի պատճառով հանրաքվեն չեղարկվեց, և հունիսի 22-ին փոփոխությունը կատարվեց խորհրդարանի միջոցով՝ դադարեցնելով 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Փետրվարի 20-ի հարցազրույցում Փաշինյանը, խոսելով հանձնաժողովի կողմից մշակվող աահմանդրական փոփոխությունների մասին, ասել էր. «Մեր մտածածը հետևյալն է՝ որ մենք իրականացնենք սահմանադրական փոփոխություններ լուրջ բովանդակային, դե-ֆակտո՝ առանց խոշոր սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե՝ դա լինի նոր Սահմանադրության ընդունում»։

Հունիսի 15-ին նիստում Փաշինյանն արդեն խոսեց նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին. «Պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»։

Սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը, սակայն, հետաձգեց այս քննարկումները։ Պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 17-ին, վարչապետը նոր որոշում ընդունեց՝ ձևավորելով Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և դադարեցնելով նախորդ հանձնաժողովի աշխատանքը։

2021-2023. պատերազմից հետո նոր մոտեցումներ

Փաշինյանը 2021-ի մարտի 1-ի հանրահավաքում առաջ քաշեց նոր Սահմանադրության անհրաժեշտությունը՝ արձագանքելով Զինված ուժերի գլխավոր շտաբի՝ իր հրաժարականը պահանջող հայտարարությանը։ Նա հայտարարեց. «Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն»։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո՝ օգոստոսի 18-ին նոր կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը նոր խթան է տվել սահմանադրական փոփոխությունների քննարկումներին։ Սակայն հոկտեմբերին հանրաքվե տեղի չունեցավ։

Ուշագրավ է, որ 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցին՝ 2021-ի սեպտեմբերին, Ադրբեջանի նախագահն առաջին անգամ Հայաստանից հրապարակավ պահանջեց մշակել և ընդունել նոր Սահմանադրություն՝ վերացնելով իր խոսքերով՝ «Թուրքիայից տարածքային պահանջներ պարունակող դրույթները»։

2022-ի հուլիսի 5-ի ուղերձում Փաշինյանը նշեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման մասին՝ հաստատելով կառավարման խորհրդարանական համակարգը պահպանելու դիրքորոշումը։ 2023-ի հուլիսի 5-ի ուղերձում Սահմանադրության փոփոխության մասին խոսք չկար։

Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի 33-ամյակի օրը, Փաշինյանն նշեց, որ հռչակագիրը կարիք ունի «խորը քննության»։

2024-2025. արտաքին մարտահրավերներից մինչև գաղափարախոսություն

2024-ի հունվարի 19-ին արդարադատության նախարարությունում ելույթի ժամանակ Փաշինյանը կրկին խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է և երկիրն «ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանն առաջ քաշեց «կարմիր զգեստի» այլաբանությունը՝ հակառակ պաշտոնյաների պնդման, թե նոր Սահմանադրության ընդունումը բացառապես ներքին օրակարգի սպասարկում է և ոչ թե Ադրբեջանի պահանջ։

Արտաքին ճնշմամբ նոր Սահմանադրություն ընդունելու խոսույթի վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանում է «առակի լեզվով». կարմիր հագած մարդիկ պետք է անցնեն երկու կողմից ցլերով շրջապատված ճանապարհով։ 

Ըստ այս օրինակի՝ կարմիր հագուստը (որը գործող Սահմանադրությունն է) թեև «հարազատ է և թանկ», բայց անվտանգ անցում ապահովելու համար պետք է «զգեստափոխվել»։ 

«Ցուլերն էլ երկայնքով շարված են: [...] Եվ մենք պետք է այդ ճանապարհն անցնենք, և այս քննարկումն է որոշելու՝ մենք այդ ճանապարհը կանցնենք, թե չենք անցնի, որովհետև եթե այդ կարմիր շորը մենք փոխենք, հրաժարվենք, փաթեթավորենք որպես մասունք, որպես շատ հարազատ և սրբազան մի բան, բայց այլևս իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, իրեն ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք կարողանում ենք գործել»,- ասել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունից երկու շաբաթ անց՝ փետրվարի 14-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի օրենսդրության փոփոխության։2025-ի փետրվարի 19-ին «Իրական Հայաստանի գաղափարախոսություն» կոչվող ուղերձում Փաշինյանը հարցին տվեց գաղափարախոսական հիմնավորում. «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»։

Այսպիսով, յոթ տարվա ընթացքում իշխանությունների դիրքորոշումը նոր Սահմանադրություն ընդունելու հարցում մշտապես փոխվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում