Գլխավոր Լրահոս

Հանրային տրանսպորտը պե՞տք է ունենա ձմեռային անվադողեր

Հանրային տրանսպորտը պե՞տք է ունենա ձմեռային անվադողեր

Երևանում փետրվարի 20-ին տեղացած առատ ձյան պատճառով բազմաթիվ քաղաքացիներ կանգառներում մնացին. հանրային տրանսպորտը կաթվածահար էր եղել։ Սոցցանցերից և լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ ավտոբուսների վարորդները հրաժարվել են վարել։ Նշվում էր նաև նաև, թե ավտոբուսներն ամառային անվադողերով են։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ ավտոբուսներն ամառային անվադողերով չեն և բոլորը փոխարինվել են համասեզոնայիններով։

Հնչում էին նաև պնդումներ, թե հանրային տրանսպորտը ձմռան ամիսներին պետք է լինի ոչ թե համասեզոնային անվադողերով, այլ ձմեռային։  #CivilNetCheck-ը գնացել է այս պնդումների հետքերով։

Օրենքի շուրջ ծագած հակասությունները․ ինչո՞ւ օրենքը չի տարածվում հանրային տրանսպորտի վրա

Aysor.am-ը, հղում անելով Կառավարության 2007-ի Ն-955 որոշմանը, որը լրացվել է 2024-ին, գրել էր, որ «օրենքին հակառակ ավտոբուսների համար ձմեռային անվադողեր ձեռք չեն բերվում»։

Նշված որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերը պարտադիր են «թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների» համար։

24new.am-ը նույնպես, հղում անելով որոշմանը, գրել էր, որ քաղաքապետարանը չի ապահովել երթևեկության անվտանգության պահանջների ապահովումը։ 

«Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ձմռան ամիսներին վտանգում է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ չապահովելով երթևեկության անվտանգության պահանջների կատարումը»,- նշված էր հոդվածում։

Կառավարության նշված որոշումն իրականում չի տարածվում հանրային տրանսպորտի վրա։ Որոշման մեջ հստակ նշվում է, որ այն վերաբերում է թեթև մարդատարներին։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում պարզաբանում է, որ ավտոբուսների դեպքում էական է անվադողերի մաշվածության աստիճանը։

«Ավտոբուսների դեպքում ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում ձմեռային և ամառային անվադող գոյություն չունի, գոյություն ունի համասեզոնային անվադող, որի ամառ-ձմեռ հարաբերակցությունը որոշվում է մաշվածության աստիճանով»,- պնդում է Ասատրյանը։ 

#CivilNetCheck-ի հարցին, թե երբևէ ձմեռային անվադողեր գնվե՞լ են տրանսպորտի համար, Ասատրյանը հայտնեց, որ նախորդ տարիների տվյալներն իրեն հայտնի չեն։ Սակայն վերջին տարիներին ձմեռային անվադողեր չեն գնվել, քանի որ տրանսպորտային միջոցներն արդեն հագեցված են եղել համասեզոնային անվադողերով։

Արդյոք Մաքսային միության կանոնակարգով պարտադի՞ր է ձմեռային անվադողերով երթևեկելը

2015-ից  գործում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը։ Կանոնակարգը, որը տարածվում է նաև Հայաստանի վրա, արգելվում է ձմռանը (դեկտեմբեր, հունվար, փետրվար) ոչ ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումը։ 

Էկրանապատկերը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգից

Ներքին գործերի նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ կանոնակարգի վերը նշված կետը վերաբերում է M1 և N1 կատեգորիայի տրանսպորտային միջոցներին։ Ըստ կանոնակարգի՝ M1 կատեգորիայի մեջ են մտնում բացի վարորդի նստելատեղից՝ մինչև 8 նստելատեղ ունեցող թեթև մարդատար մեքենաները, իսկ N1 կատեգորիան ներառում է բեռներ տեղափոխող մինչև 3,5 տոննա տրանսպորտային միջոցները։

2018-ին կանոնակարգում փոփոխություններ են արվել. արդեն ոչ միայն հստակ նշվում է, թե որ կատեգորիաների տրանսպորտային միջոցներին է վերաբերում կարգավորումը, այլև ասվում է, որ ժամակահատվածը կարող է որոշել յուրաքանչյուր անդամ երկիր՝ իրեն բնորոշ կլիմայական գործոններով պայմանավորված։

Էկրանապատկերը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունից 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ կանոնակարգը չի վերաբերում հանրային տրանսպորտին։ Առհասարակ Հայաստանում հանրային տրանսպորտի վերաբերյալ առանձին օրենսդրություն չկա։  Անվադողերի հետ կապված, որը տարածվում է նաև հանրային տրանսպորտին վրա, դրույթ կա «Կառավարության 2007-ի Ն-1080» որոշման մեջ, որով սահմանվում է` անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը (մաշվածությունը) ավտոբուսների համար չպետք է լինի 4մմ-ից պակաս։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը գտնում է, որ հիմնական խնդիրը այստեղ ճանապարհների ձնամաքրումն էր, քանի որ սառցապատ ճանապարհներին նույնիսկ ձմեռային անվադողերով մեքենաները կարող են սահել:

«Խնդիրը ոչ թե մեքենաներն են, այլ քաղաքի մաքրումը։ Քանի որ ձնամաքրումը ճիշտ չի արվում, քաղաքային իշխանությունն էլ որոշեց այդ թանկանոց մեքենաները չվնասելու համար չշահագործել, որովհետև եթե վնասվեին, ավելի լուրջ խնդիրների առաջ կարող էր կանգնել քաղաքը»,- նշում է Քեյանը։ 

Էկրանապատկերը՝ փետրվարի 20-ից․ ձյան հետևանքով կանգնած 

Ինչ կարգավորումներ կան այլ երկրներում

Ձմեռային անվադողերի հետ կապված կարգավորումները տարբեր երկրներում տարբեր են՝ կախված տվյալ երկրի եղանակային պայմաններից։

Օրինակ՝ Ֆրանսիայի լեռնային շրջաններում բոլոր տեսակի մեքենաների համար պարտադիր է նոյեմբերի 1-ից մարտի 31-ը երթևեկել ձմեռային անվադողերով։ 

Նորվեգիայում ևս 3,5 տոննան գերազանցող մեքենաների համար նոյեմբերի 15-ից մարտի 31-ը պարտադիր է երթևեկել ձմեռային անվադողերով։ Կարգավորումը չի տարածվում 7,5 տոննան չգերազանցող տրանսպորտային միջոցների վրա, բայց դրանք պետք է ունենան եղանակային պայմաններին համապատասխան անվադողերի համար նախատեսված սարքավորումներ։

Բելառուսում դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը՝ մինչև 3,5 տոննա և ավելի մեքենաների համար պարտադիր է երթևեկել ձմեռային անվադողերով։

Այսպիսով, Հայաստանում հանրային տրանսպորի համար ձմեռային անվադողերը պարտադիր չեն։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում