Գլխավոր Լրահոս

31,66 մլն դրամ հատկացվել է ոչ թե վարչապետի, այլ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի սոցցանցերի համար

31,66 մլն դրամ հատկացվել է ոչ թե վարչապետի, այլ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի սոցցանցերի համար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Euromedia24.com կայքը փետրվարի 26-ին հրապարակած հոդվածում գրել է, որ պետական բյուջեից 31,66 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի սոցցանցի էջերը զարգացնելու համար։ 

«Փաշինյանը հաճախակի հրապարակում է իր ֆեյսբուքյան էջի դիտումներն ու հպարտանում, որ դրանք աճ են գրանցել, փաստորեն Փաշինյանի սոցցանցային էջերի ռեյտինգը պետական բյուջեի հաշվին է աճում»,- նշված է հոդվածում։

Պայմանագիրն ու ծառայությունները, սակայն, ձեռք են բերվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար, իսկ 31,66 մլն դրամը պայմանագրի ընդհանուր արժեքն է, որով նախատեսված են այլ աշխատանքներ ևս։ 

Euromedia24.com-ից հրապարակումն արտատպել են asekose.am, lurer.com կայքերը։

Ինչի՞ համար է 31,66 մլն դրամ հատկացվել

Հոդվածում նշվում է, որ գումարը փոխանցվել է «Ար և Արտ» ՍՊԸ-ին։

«Ար և Արտ» ՍՊԸ-ի հետ իսկապես վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել 2024-ի նոյեմբերին։ Պայմանագրով ընկերությունը պետք է տեսաֆիլմերի արտադրություն, լուսանկարահանում և այլ ծառայություններ մատուցի։ Պայմանագիրը կնքել է վարչապետի աշխատակազմը, սակայն շահառուն աշխատակազմում գործող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է։

31,66 մլն դրամը պայմանագրի ընդհանուր արժեքն է, իսկ սոցցանցերի էջերը զարգացնելու համար նախատեսված է 6,9 մլն դրամ։ 

3,9 մլն դրամը նախատեսվել է լուսանկարչական ծառայությունների, իսկ մնացած գումարը կինո և տեսաֆիլմերի արտադրության համար։  

Էկրանապատկերը՝ պայմանագրից

Թեև պայմանագիրը կնքվել է 2024-ի նոյեմբերին, սակայն սկսել է գործել 2025-ից կնքված համաձայնագրով։ 

Euromedia24.com-ի հոդվածում նշվում է, թե ընկերությունը պարտավորվում է ամեն հրապարկման համար ապահովել հետևյալ ցուցանիշը՝ առնվազն 100 ներգրավում, առնվազն 5000 անցում հղմամբ, և առնվազն 700 նոր հետևորդ։

Մինչդեռ պայմանագրով ընկերությունը պարտավորվում է ամեն ամիս կատարել առնվազն 20 հրապարակման առաջմղում, որոնք կներառեն ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի, Ռուսաստանի և այլ տարածքները։

Ըստ տարածաշրջանի՝ ընկերությունը պետք է ապահովի ոչ թե 100, ինչպես նշված է հոդվածում, այլ 100,000 ներգրավում, 5000 անցում հղմամբ և առնվազն 700, իսկ առավելագույնը 1200 նոր հետևորդ։

Էկրանապատկերը՝ պայմանագրից

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշում է, որ գրասենյակն իրականացնում է տարբեր ծրագրեր, ինչպիսիք են՝ «ԴիասՊրո», «իԳործ», «Քայլ դեպի տուն» և այլն։ Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի մասին սոցցանցերի էջերում հանրային իրազեկում ապահովելու անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ դիմեն միջոցառումներին։

«Տեսաֆիլմերի արտադրությունը, ընթացիկ աշխատանքների ցուցադրումը նույնպես նպաստում են, որ հաջորդ տարում մասնակիցներ դիմեն։ Նաև մինչ այդ նախապատրաստում ենք ինչ-որ պոստերներ, որ մարդիկ իմանան ծրագրի մասին ու դիմեն»,- նշում է Նելլի Ղուլյանը։

«Ար և Արտ» ՍՊԸ-ն մի շարք պայմանագրեր է կնքել վարչապետի աշխատակազմի հետ

«Ար և Արտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ի փետրվարին։ Ընկերության հիմնադիր-տնօրենը Արմեն Անդրեասյանն է։ Անդրեասյանը նախկինում աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, հետագայում հիմնել է իր սեփական ընկերությունը։

«Ար և Արտ» ՍՊԸ-ի հետ վարչապետի աշխատակազմը 2021-ից սկսած պայմանագրեր է կնքել՝ բոլորը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կարիքների համար։

Ընդ որում՝ նախորդ տարիներին կնքված պայմանագրերում նույնպես գումար է նախատեսված սոցցանցերի էջերի առաջխաղացման համար։ Օրինակ՝ 2022-ին կնքված պայմանագրով նման ծառայությունների համար 3 մլն դրամ է նախատեսվել։

Էկրանապատկերը՝ 2022-ին կնքված պայմանագրից

Վարչապետի աշխատակազմից բացի, «Ար և Արտ» ՍՊԸ-ն տարբեր տարիներին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հետ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում