Իրավաբանական տերմիններով քողարկված մանիպուլյացիա. Նաիրի Սարգսյանի պնդումներին ի պատասխան

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, իրավաբան Նաիրի Սարգսյանը մարտի 4-ին կրկին անդրադարձել է Արդարադատության նախարարության ներկայացրած Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխություններին՝ փորձելով հերքել ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ուսումնասիրությունը։
Նախօրեին Սարգսյանը հրապարակել էր մեկ այլ գրառում՝ պնդելով, թե նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն քաղաքացիները պետք է նախ վճարեն նշանակված տուգանքը և միայն հետո դատարանում բողոքարկեն ակտը։
#CivilNetCheck-ը պարզել էր, որ նոր նախագիծը փոխում է միայն վարչական ակտերի կասեցման ընթացակարգը և չի պարունակում որևէ պահանջ տուգանքը նախապես վճարելու վերաբերյալ։ Չնայած այս հերքմանը, Սարգսյանը մարտի 4-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրել է նոր գրառում, որտեղ պնդում է, թե ՍիվիլՆեթը «խորությամբ չի ուսումնասիրել թեման»:
Սարգսյանի նոր գրառումը տարածվել է մի շարք լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ Hraparak.am, Yerevan.Today և Orer.am։
«Վճարիր, հետո բողոքարկիր». ինչ է իրականում ասում նախագիծը
Արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկվող վարչական ակտերի ավտոմատ կասեցումը։
Նախարարությունը հիմնավորում է այս փոփոխությունը նրանով, որ ժամանակի ընթացքում օրենսգրքում ներառվել են այնքան շատ բացառություններ, որ դրանք գերազանցում են ընդհանուր կանոնը։

Առաջարկվող փոփոխություններով ներդրվում է հայցի ապահովման մեխանիզմ, որով դատավորն է որոշում կայացնում ակտի կասեցման վերաբերյալ: Քաղաքացին, երբ դատարան է դիմում ակտը չեղարկելու պահանջով, կարող է միաժամանակ միջնորդել դատարանին կասեցնել այդ ակտը մինչև գործի ավարտը։ Դատարանը պարտավոր է այս պահանջը քննարկել և որոշում կայացնել երկու օրվա ընթացքում։
Սարգսյանի պնդումն է, թե նոր նախագծով անձը «պետք է իր նկատմամբ կիրառված տուգանքը վճարի և նոր միայն բողոքարկի այդ ակտը»։ Փաստացի, նախագծում նման պահանջ չկա։ Հատկանշական է, որ իր երկրորդ գրառման մեջ Սարգսյանը խուսափել է այս հարցին անդրադառնալուց և չի նշել, թե կոնկրետ որ պնդումներն են սխալ #CivilNetCheck-ի հրապարակման մեջ։
Բացի այդ՝ Սարգսյանն իր երկրորդ գրառման մեջ օգտագործում է «պայմանական պարտավորություն» տերմինը՝ պնդելով, թե «վարչական ակտը համարվում է պայմանական պարտավորություն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել պայմանականությունը, ինչը ենթադրում է, որ այն չի կարող լինել պարտադիր կատարման ենթակա»։
Այնինչ իրականում՝ վարչական ակտը, ըստ օրենքի, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ունի պարտադիր կատարման ուժ, եթե այլ բան նախատեսված չէ։ Ակտի կասեցումը դատավարական մեխանիզմ է, որը չի փոխում ակտի իրավաբանական բնույթը և այն «պայմանական» չի դարձնում։
Սարգսյանը պնդում է նաև, որ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի բիզնեսների փակման և արտագաղթի։ Այս ծայրահեղ կանխատեսումները հիմնված են այն սխալ մեկնաբանության վրա, որ նախագիծը պարտադրում է նախապես վճարել տուգանքը:
Գործող օրենքում, մինչդեռ, նույնպես կան բազմաթիվ բացառություններ, երբ ակտի կատարումը չի կասեցվում, եթե վարչական մարմինը հիմնավորում է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահից ելնելով կամ այլ հանգամանքներով։ Փոխարենը, նոր կարգով դատավորն է բոլոր դեպքերում որոշելու, թե արդյոք ակտը պետք է կասեցվի մինչև գործի ավարտը, թե ոչ։
Արդարադատության նախարարության մեկնաբանությունը
Արդարադատության նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ վարչական ակտի ավտոմատ կասեցման հնարավորությունը հանելը չի նշանակում, որ հայցվորը չի կարող դիմել հայցի ապահովման համար:
«Միաժամանակ նախագծով նախատեսվել է հնարավորություն, որ այն դեպքերում, երբ դատարանը գալիս է եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի անդառնալի հետևանքների, դատարանը անմիջապես կիրառում է այն՝ առանց սպասելու պետական մարմնի դիրքորոշմանը»,- նշեցին նախարարությունում:
Նախարարության պարզաբանմամբ՝ վարչական ակտի գործողությունը չի կասեցվելու երկու հիմքով՝ երբ հայցվորը չի դիմել հայցի ապահովում կիրառելու համար կամ երբ դատարանը որոշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ իրեն կայացվելու և ուժի մեջ մտնելուց հետո, դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը ետ ստանալու համար»,- հայտնեցին Արդարադատության նախարարությունում՝ նշելով, որ նախագծով նախատեսված է նաև հայցի ապահովման դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք։
Այսպիսով, Նաիրի Սարգսյանի գրառումները պարունակում են մոլորեցնող պնդումներ։ Օրենքի նախագիծը պարզապես փոխում է վարչական ակտերի կասեցման մեխանիզմը՝ առանց պարտադրելու նախապես վճարել տուգանքները։
Թեմա
Փաստերի ստուգում
CivilNetCheck
Civilnet










