Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Հարավային Կորեայի օդուժի KF-16 ռազմական ինքնաթիռները մարտի 6-ին համատեղ զորավարժության ժամանակ սխալմամբ ութ ռումբ են նետել Փոչոն քաղաքի Նոգոկ բնակավայրի մոտ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 15 մարդ, վնասվել է երեք տուն, կաթոլիկ եկեղեցու շենքը և այլն։
Հայկական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Medianews-ը, Armtimes.am-ը, Tsayg.am-ը և այլ կայքեր, գրելով միջադեպի մասին, կցել են ավերված շենքերով լուսանկար, որն իրականում արված է Գազայում՝ Իսրայելի հարվածներից հետո, և կապ չունի Հարավային Կորեայում տեղի ունեցած դեպքի հետ։

Լուսանկարի հակադարձ որոնմամբ #CivilNetCheck-ը պարզել է, որ այն իրականում պատկանում է Reuters գործակալությանը և արվել է լուսանկարիչ Մոհամմեդ Սալեմի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 10-ին Գազայում՝ Իսրայելի հարվածներից հետո:

Հարավկորեական զինված ուժերի պարզաբանմամբ, դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռներից մեկի օդաչուն սխալ կոորդինատներ է մուտքագրել ռումբերի արձակման համակարգում։ Հարավային Կորեայի բանակը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։
Այսպիսով, թեև Հարավային Կորեայում միջադեպն իրական է, սակայն հայկական կայքերում և սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը չի համապատասխանում այս իրադարձությանը․ այն արվել է Գազայում՝ Իսրայելի օդային հարվածներից հետո, 2023-ի հոկտեմբերին։
CivilNetCheck
Civilnet











