Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը մարտի 6-ին հաստատել է լրատվամիջոցներում տարածվող լուրն աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ։ Ֆեյսբուքյան իր էջում Կիրակոսյանը գրել է․ «Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը»։
168.am-ը մինչդեռ գրել է, որ Եղիշե Կիրակոսյանի հետ ամբողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ է գրել։
«Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում է գրել. չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ»,- նշված էր հոդվածում:
168.am-ից լուրն արտատպել էին մի շարք լրատվամիջոցներ՝ այդ թվում PARA TV-ն, oragir.news-ը, lurer.com-ը, iravunk.com-ը և այլն։
Միջազգային իրավական հարցերով գրասենյակն արձագանքել է լրատվամիջոցներով տարածվող լուրերին՝ նշելով, որ գրասենյակը շարունակում է աշխատել բնականոն հունով։

#CivilNetCheck-ի հետ զրույցում գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ վերջին օրերին միայն Եղիշե Կիրակոսյանն է աշխատանքից ազատման դիմում գրել։
«Չգիտեմ՝ ինչու էին լրատվամիջոցներն այդպես գրել, գրասենյակն աշխատում է բնականոն հունով»,- ասաց Հասմիկ Սամվելյանը։
Ավելի վաղ #CivilNetCheck-ին կառավարության աշխատակազմից հայտնել էին, որ Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն՝ ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ։
CivilNetCheck
Civilnet











