Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո փոխադարձաբար հետ են կանչվելու միջազգային դատարաններ ներկայացված հայցերը. հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամադովը՝ մեկնաբանելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Երևանի ու Բաքվի ձեռք բերած համաձայնությունը։
Արձագանք Բաքվից
«Ինչ վերաբերում է հայցերին, իսկապես, համաձայնության վերջին երկու կետերից մեկով կողմերը պարտավորվել են խաղաղության համաձայնագրի կնքումից հետո հետ կանչել դրանք։ Այժմ գնդակը Հայաստանի դաշտում է, մենք սպասում ենք քայլերի, որոնք նրանք [խմբ. - հայկական կողմը] նախաձեռնեն հաջորդ փուլում։ Այս պահին երկու երկրների արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ», - հայտարարել է Մամադովը։
Նա հիշեցրել է, որ մինչև այս պահը Ադրբեջանը Հայաստանի դեմ տարբեր հայցեր է ներկայացրել մարդու իրավունքների Եվրոպական դատարան, Արդարադատության միջազգային դատարան, Միջազգային արբիտրաժային դատարան, և դրանք բոլոր տարբեր փուլերում են գտնվում։
Մամադովի խոսքերով՝ Ադրբեջանի ակնկալիքն այն է, որ Հայաստանը [խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումից հետո] հաջորդ փուլում իր Սահմանադրությունում փոփոխություններ անի։
«Ինչպես նաև այդ ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը միասին կդիմեն ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ դրա լուծարման նպատակով», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։
Արձագանք Երևանից
Այսօր՝ ավելի վաղ, խաղաղության պայմանագրի տեքստի բանակցություններն ավարտին հասցնելու հարցին ԱԺ-ում անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունն արդեն մոտեցավ ավարտին, և այդ պահին մենք էլ արդեն կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնց մենք շարունակաբար հանդիպում ենք Ադրբեջանի կողմից», - ընդգծել է Միրզոյանը։
Իր ելույթում նախարարը շեշտել է՝ որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։
***
Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։ Նա նշել է, որ Երևանն ընդունել է բաց մնացած երկու կետերի շուրջ Ադրբեջանի առաջարկները։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանագծից ԵՄ դիտորդների հետքաշման և միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարման մասին է։
«Տեքստի շուրջ աշխատանքներն ավարտված են։ Հետագա փուլում արդեն մնում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների վերացման հարցը։ Ավելին՝ պետք է լուծարվի նաև Մինսկի խումբն ու նրա մնացորդները»,- ասել է Բայրամովը։
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. այս մասին հունվարի 11-ին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը։ Մինսկի խումբը լուծարելու հնարավորության մասին հունվարի 9-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Հայտարարությանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը, որում նա սպառնացել էր «բացել Զանգեզուրի միջանցքը»։ Ալիևը նաև պահանջել էր նաև լուծարել Մինսկի խումբը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ։
Civilnet











