Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Ֆեյսբուքյան մի շարք էջեր տարածում են գրառումներ իբր հնդիկները գրոհել են «Զվարթնոց» օդանավակայանի շենքը։
«Արտակարգ իրավիճակ Զվարթնոցում․ հարյուրից ավելի հնդիկներ գրոհել են շենքը - ինչ է հայտնի այս պահին»,- նշված է գրառման մեջ։
Գրառումները, սակայն, կեղծ են և նպատակ ունեն որսալ օգտատերերի ուշադրությունն ու հավաքել մեծաքանակ դիտումներ։
Ֆեյսբուքյան էջերը նույն կեղծ լուրը տարածում են պարբերաբար
Գրառմանը կցված է arm.arminfonews.ru կայքից հոդված, որում նույն տեղեկությունը միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է ներկայացված։ Դրա նպատակը, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելն է։
«100 հնդիկ ուղևորներ սկսել են ագրեսիվ պահվածք ցուցաբերել օդանավակայանի աշխատակիցների նկատմամբ»,- նշված է հոդվածում։
Ֆեյսբուքյան էջերը հոդվածը տարածում են այս օրերին, մինչդեռ կայքում լուրը հրապարակվել է փետրվարի 25-ին։
Ընդ որում, ֆեյսբուքյան նույն էջերը անցած տարիներին ևս տարածել են այս լուրը։

Կեղծ գրառումը տարածվում է հին լուսանկարով
Գրառումը տարածվում է shamshyan.com-ից վերցված լուսանկարով, որը սակայն խմբագրվել է` դրա առկա ջրանիշն անընթեռնելի դարձնելու նպատակով։ Այն հրապարակվել է 2022-ին, երբ ահազանգ էր ստացվել, թե «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան թռիչքն իրականացնող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, պայթուցիկ սարք է տեղադրված։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ո՛չ վերջին օրերին, ո՛չ էլ անցած ամիսներին նման միջադեպեր չեն գրանցվել, և տարածվող տեղեկությունները կեղծ են։
Նմանատիպ կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը կցված կայքի այցելությունների թիվը մեծացնելն ու գովազդից եկամուտ ստանալն է։
CivilNetCheck
Civilnet











