Գլխավոր Լրահոս

Սոցցանցերում ոստիկանության անունից տարածվող գովազդը կեղծ է

Սոցցանցերում ոստիկանության անունից տարածվող գովազդը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վերջին շրջանում Ֆեյսբուքում և Ինստագրամում գովազդների միջոցով տարածվում են տեսանյութեր, որոնցում ոստիկանական համազգեստով կինը Հայաստանի դրոշի ֆոնին խոստանում է օգնել քաղաքացիներին վերադարձնելու առցանց ներդրումներում կորցրած գումարները։

Ֆեյսբուքյան «Законный Возврат Сбережений» էջից տարածվող գովազդներում պնդում է արվում, թե պետությունն իբր պատրաստ է աջակցել քաղաքացիներին՝ ներդրումային խարդախություններում կորցրած միջոցները վերականգնելու հարցում։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ այդ գովազդը դիփֆեյք տեխնոլոգիայով ստեղծված կեղծիք է։

Խարդախության բացահայտման մանրամասները

Տեսանյութը վերլուծվել է DeepWare հարթակի միջոցով, որի արդյունքներն արձանագրել են՝ 95% հավանականությամբ այն դիփֆեյք է՝ արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ բովանդակություն։

#CivilNetCheck-ը պատկերի հետադարձ որոնմամբ պարզել է, որ տեսանյութում երևացող կինն իրականում Ղազախստանի ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Ակտոտի Բորանովան է, որը TikTok-ի իր էջում 2024-ի հոկտեմբերի 12-ին հրապարակել է բնօրինակ տեսանյութը՝ ճանապարհային անվտանգության վերաբերյալ։

Խարդախները վերցրել են բնօրինակ տեսանյութը, արհեստական բանականության օգնությամբ փոփոխել են դեմքն ու ձայնը, ինչպես նաև շուրթերի շարժումները, ապա ավելացրել հորինված խոսք՝ Հայաստանի դրոշի ֆոնին։

Ֆեյսբուքի գովազդների ռեեստրի տվյալները փաստում են, որ մարտի 18-ից սկսած նմանատիպ գովազդներով թիրախավորել են նաև Վրաստանի և Ղազախստանի բնակիչներին։ Խարդախները նույն հիմնական տեսանյութը վերամշակում են՝ համապատասխանեցնելով այն յուրաքանչյուր թիրախային երկրի համատեքստին։

#CivilNetCheck-ը Meta-ի համագործակցությամբ սահմանափակում է նման գրառումները, սակայն խարդախները պարբերաբար ստեղծում են նոր էջեր՝ արգելափակումները շրջանցելու նպատակով։

#CivilNetCheck-ը նախկինում ևս անդրադարձել է նմանատիպ խարդախությունների:

Տես՝ «Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները»

Այս խորամանկ մեխանիզմը թիրախավորում է արդեն իսկ ներդրումային խարդախությունների զոհ դարձած անձանց։ Գովազդին կից հղումը սեղմելիս օգտատերերից պահանջվում է տրամադրել անձնական տվյալներ։

Այս տվյալներն ստանալուց հետո խարդախները կապ են հաստատում պոտենցիալ զոհերի հետ, հաճախ ռուսերենով ներկայանալով որպես իրավաբան կամ ոստիկանության ներկայացուցիչ, փորձում են գումար կորզել։

Ներդրումային կայքերում կորցրած գումարների վերադարձման հարցով անհրաժեշտ է պաշտոնապես դիմել ոստիկանություն կամ զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին և ոչ մի պարագայում չվստահել առցանց կասկածելի ծառայություններին։

Կարդա նաև՝ «Փաշինյանի՝ թուրքերեն խոսելու տեսանյութը կեղծ է»

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում