«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am կայքը մարտի 18-ին հրապարակել է ինֆոգրաֆիկա` պնդելով, թե դրանում ներկայացված է Գյումրիում առաջիկա ընտրությունների թեկնածուների վարկանիշային սանդղակը, որն արտացոլում է Հայաստանի «առաջատար սոցիոլոգիական ընկերություններից» մեկի հարցման արդյունքները։
«Ակնհայտ առաջատարը Սարիկ Մինասյանն է, նրա հիմնական մրցակիցը՝ Վարդանիկը։ Մարտուն Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը…»,- գրել է կայքը՝ պնդելով, թե ընկերությունը երկու հարցում է կատարել՝ երկու տարբեր կուսակցությունների պատվերով։ Երկու դեպքում էլ պատկերը նույնն է եղել։

Սակայն իշխանական կայքը այդպես էլ չի նշել, թե «առաջատար» որ ընկերությունն է իրականացրել հարցումը։
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է մարտի 15-ին։
#CivilNetCheck-ը փորձել է պարզել, թե Հայաստանի որ «առաջատար հետազոտական ընկերությունն» է նման հետազոտություն իրականացրել, սակայն այդպես էլ չի գտել։
Ինֆոգրաֆիկան տարածել են իշխանական araratnews.am, medianews.am կայքերը, xosnak.am-ը։
Հարցում իրականացրած առաջատար հետազոտական ընկերությունը չի գտնվում
Նախ կապ հաստատեցինք Civic.am-ի հետ՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերությունն է իրականացրել սոցիոլոգիական հարցումը։ Լրատվամիջոցից նշեցին, որ նպատակահարմար չեն գտնում հրապարակել հետազոտական ընկերության անունը։
Այնուհետև #CivilNetCheck-ը զանգահարեց Հայաստանում գործող ինչպես առաջատար, այնպես էլ այլ հետազոտական ընկերություններին, սակայն այդպես էլ չգտնվեց այն ընկերությունը, որը կուսակցությունների պատվերով Գյումրիի ընտրությունների հետ կապված հարցումներ է իրականացրել։
Առաջատար՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» (CRRC-Armenia), «Բրեվիս» (Breavis, նախկինում՝ «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ), «Էմ փի ջի», «Բի Էս Սի» ընկերություններից հայտնեցին, որ իրենք Գյումրիում ընտրությունների հետ կապված հարցումներ չեն իրականացրել։
Նույն պատասխանը ստացանք նաև «Այ Էմ Ար» (IMR), «Պրիզմա», «Արինսայթս» (R-Insights), «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն», «Spring PR Company», «Մեդիա մոդել», «Էմպիրիկա», «ԷՄ-ինֆո» հետազոտական ընկերություններից։
Միայն APR Group հետազոտական ընկերությունից նշեցին, որ Գյումրիում ընտրությունների հետ կապված հարցումներ իրականացրել են և շարունակում են իրականացնել, սակայն հարցումները չեն արվում որևէ կուսակցության պատվերով։ Նշեցին, որ իրենց հետազոտության տվյալները փակ են և հասանելի չեն։
Կուսակցություններից ՔՊ-ն հաստատում է հարցումներ պատվիրելը, բայց չի նշում հետազոտական ընկերության անունը
Քանի որ Civic.am-ը նշել էր, թե երկու տարբեր կուսակցություն է հարցում պատվիրել նույն ընկերության մոտ, կապ հաստատեցինք նաև ընտրություններին մասնակցող այլ ուժերի հետ։
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է վեց կուսակցություն և երեք դաշինք։ Եվ միայն «Քաղաքացիական պայմանագրից» հաստատեցին, որ նման հարցում են պատվիրել՝ դարձյալ չնշելով հետազոտական կազմակերպության անունը։
«Մենք, բնականաբար, հարցումներ պատվիրում ենք ընտրությունների հետ կապված՝ ընտրություններից առաջ։ Քարոզարշավերի ընթացքում էլ ենք հաճախ պատվիրում, բայց նպատակահարմար չեմ գտնում ընկերության անունը նշելը»,- ասաց ՔՊ կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը։
«Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանն էլ հայտնեց, որ որևէ մասնավոր կազմակերպության հարցում չեն պատվիրել, իրենք իրենց ուժերով իրականացնում են ներքին հարցումներ։
Մյուս մասնակից ուժերը կտրականապես հերքեցին որևէ հարցում պատվիրելու մասին տեղեկությունները։
Դիտորդական առաքելությունը պնդում է` civic.am-ը օրենք է խախտում
Civic.am-ի հրապարակմանը մարտի 20-ին անրադարձել է նաև «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ Ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը։
«Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին»,- մեջբերել է առաքելությունը՝ նշելով, որ տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցնում, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։
«Ականատեսը» արձանագրել է, որ տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները խնդրահարույց են և կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց։ Նշվում է, որ այս իրավախախտումը պատժվում է Վարչական օրենսգրքի 40․9-րդ հոդվածով՝ մինչև 500,000 դրամ տուգանքի չափով։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











