Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերի մի շարք լրատվական էջեր մարտի 17-ին տեղեկություն են տարածել, թե ԱՄՆ-ում ձերբակալված ԴՈԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն («Դոգ») ազատ է արձակվել։ «Վարդան Ղուկասյանն ազատ արձակվեց․ մենք բոլորս հաղթեցինք» վերտառությամբ գրառումները լայն տարածում են ստացել՝ հավաքելով հազարավոր արձագանքներ և մեկնաբանություններ։
Այս տեղեկությունը չի համապատասխանության իրականությանը։
Պաշտոնական աղբյուրները հաստատում են կալանքի փաստը
Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մարտի 19-ին հայտնել է, որ Լաս Վեգասի դատարանը մերժել է նրան կալանքից ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։ Պաշտպանական կողմը որոշումը բողոքարկելու է։
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ Նևադա նահանգի Հենդերսոնի կալանավորման կենտրոնում։

ԱՄՆ Միգրացիոն գործերի վերանայման գործադիր վարչության (EOIR) տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանի գործը գտնվում է ԱՄՆ միգրացիոն դատարանի քննության փուլում։ Դատական լսումը նշանակված է 2025-ի ապրիլի 25-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին Լաս Վեգասի տեղական ժամանակով։
Գործերի համակարգում նշված է, որ Ղուկասյանի գործը ներառվել է ռեգիստրում 2025-ի փետրվարի 24-ին։

Ինչու տարածվեցին ազատ արձակման լուրերը
Շփոթության պատճառը կարող է լինել մարտի 17-ին ԴՈԿ կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված երկիմաստ հայտարարությունը․ «Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին։ Վարդան Ղուկասյանի անվտանգության նկատառումներից ելնելով չենք հրապարակելու մանրամասները, բայց կարճ ասենք՝ մենք բոլորս հաղթեցինք։ ԴՈԿ Կուսակցություն»։

Բազմաթիվ օգտատերեր և լրատվական էջեր այս գրառումը մեկնաբանեցին որպես Ղուկասյանի ազատ արձակման մասին հաղորդագրություն։ Սակայն մարտի 19-ին կուսակցությունը մեկ այլ գրառում արեց, որով հերքվում էին Ղուկասյանի ազատ արձակման մասին շրջառավող տեղեկությունները։ Ավելի ուշ կուսակցությունը նաև պարզաբանում հրապարակվեց, ըստ որի՝ «շնորհավորանքը կապված է եղել դատական գործընթացի հետ, որը մեզ համար իսկապես հաղթանակ է»։
Ինչու է Ղուկասյանը հայտնվել ԱՄՆ իշխանությունների տեսադաշտում
Ավելի վաղ՝ փետվարի 27-ին ԴՈԿ կուսակցությունը հայտարարել էր, որ փետրվարի 21-ից կորել է կապը կուսակցության նախագահ Ղուկասյանի հետ, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ամերիկյան իշխանությունները շուտով հայտնեցին նրա ձերբակալման մասին։
ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիոն ծառայությունը մարտ 4-ին «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն օրենսդրության խախտման հիմքով։ Նշվում է, որ 47-ամյա Ղուկասյանը 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն թույլատրված ժամկետում չի լքել երկիրը։ Այդ հիմքով նրան սպառնում է արտաքսում։
Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023-ի միջնորդությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Այսպիսով, Վարդան Ղուկասյանի ազատ արձակման մասին լուրերը սխալ են։ Նա շարունակում է մնալ ԱՄՆ միգրացիոն ոստիկանության կալանքի տակ, իսկ դատական լսումը նշանակված է ապրիլի վերջին։
CivilNetCheck
Civilnet











