Գլխավոր Լրահոս

Սոցցանցերում տագնապային կեղծ լուրեր են տարածվում մոլում հրդեհի մասին

Սոցցանցերում տագնապային կեղծ լուրեր են տարածվում մոլում հրդեհի մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքյան մի շարք լրատվական էջեր տարածում են «ՀՐԱՏԱՊ․ Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է» վերնագրով գրառումներ՝ առանց նշելու իրադարձության վայրը։ Նման ձևակերպումը հայ օգտատերերի մոտ տպավորություն է ստեղծում, թե խոսքը Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին է։

Գրառումներին կցված հղումները տանում են arminfonews.ru կայք, որտեղ ռուսերեն հոդվածում արդեն խոսվում է իբր Կիևում տեղի ունեցած «խոշոր հրդեհի» մասին։ Մինչդեռ, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատմությունն ամբողջությամբ կեղծ է, իսկ օգտագործված լուսանկարները հին են։

Տեղեկությունը կեղծ է, լուսանկարները՝ հին

Համացանցում պատկերների հետադարձ որոնման գործիքները բացահայտում են, որ լուսանկարում իրականում Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնն է, որն իսկապես հրդեհվել է ռուսական հրթիռային հարվածից հետո, սակայն դեպքը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 27-ին։

Կեղծ լուրերը տարածվում են «Ժպտա և ողջ աշխարհը կժպտա քեզ», «Այս Պահին», «Արդար Հայաստան», «VideoNews Hayastan» և մի շարք այլ փոխկապակցած էջերի միջոցով։ #CivilNetCheck-ը Meta-ի հետ համագործակցությամբ սահմանափակում է նման գրառումները, սակայն խաբեբաները ստեղծում են նոր էջեր՝ սահմանափակումները շրջանցելու նպատակով։

Ուշագրավ է, որ կայքում տեղադրված հոդվածում օգտագործվել է Երևանի Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի լուսանկարը՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե դեպքը կապ ունի Երևանի հետ։

Տարածված հոդվածը պարունակում է ամբողջովին հորինված պատմություն իբր տեղի ունեցած աղետալի հրդեհի մասին։ #CivilNetCheck-ին չի հաջողվել գտնել նկարագրված մանրամասներով տեղեկություն Ուկրաինայում առևտրային մոլում տեղի ունեցած նման հրդեհի մասին, չնայած 2022-ի փետրվարից ի վեր նմանատիպ կենտրոններ թիրախավորվել էն ռուսական բանակի կողմից։

Ովքե՞ր են կանգնած կեղծիքի հետևում

Այս էջերը պատկանում են Արման Թումասյանին՝ բլոգերի և մեդիա-ձեռնարկատիրոջ, որի ապատեղեկատվական գործունեության մասին #CivilNetCheck-ը ժամանակին անդրադարձել է։ Ավելի վաղ Թումասյանն անձամբ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ էջերը նման կերպ «զարգացվում» են՝ հետագայում դրանք վաճառելու համար։

Տես՝ «160 հազարից ավելի հետևորդներ ունեցող էջը կեղծ, խուճապ տարածող հրապարակումներ է անում»

«Սունկ կայքերը» և դրանց հետ կապված ֆեյսբուքյան էջերը հաճախ են տարածում խուճապային և կեղծ լուրեր Հայաստանում երկրաշարժերի, հրդեհների, զինծառայողների մահվան և այլ զգայուն թեմաների վերաբերյալ։ Հաճախ օգտագործում են «հրատապ», «տագնապալի», «տեսեք ինչ է եղել» և նմանատիպ ուշադրություն գրավող բառեր՝ այցելություններ ապահովելու համար։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող հրդեհի և բազմաթիվ զոհերի մասին տեղեկությունը կեղծ է, նման գրառումները նպատակ ունեն ապահովել կայքերի համար այցելություններ և գովազդային եկամուտ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում