Գլխավոր Լրահոս

Արագաչափերի քաղաքականության վերանայում. խոստումներից՝ իրականություն

Արագաչափերի քաղաքականության վերանայում. խոստումներից՝ իրականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով արագաչափերի վերացման վերաբերյալ իր նախկին դիրքորոշմանը, հայտարարել է. «Ես կարծում եմ, որ մենք ճիշտ կլինի՝ ձև գտնենք և լուծենք այդ հարցը հանրաքվեի միջոցով»։

Լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները պարբերաբար հիշեցնում են վարչապետի՝ դեռևս պատգամավոր եղած ժամանակ և հեղափոխության օրերին արած հայտարարությունները՝ շեշտելով, որ Փաշինյանը չի իրականացրել արագաչափերը հանելու իր խոստումը, միաժամանակ պնդելով, որ արագաչափերի քանակն ավելացել է ճանապարհներին։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունը արագաչափերի հարցում և ստուգել դրանց քանակի ավելացման վերաբերյալ պնդումները:

Փաշինյանի հայտարարությունները արագաչափերի մասին

2014 թվականին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պնդում էր, որ արագաչափերի տեղադրումից հետո ՃՏՊ-ներից զոհերի թիվն ավելացել է՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:

«2010-ին 294 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ 2012-ին արագաչափերի առաջին տարում արդեն 311, 2013-ին՝ 316, այսինքն ունենք աճ։ Նույն 2011-ի համեմատ մահվան ելքով ՃՏՊ-ի թիվը 2013-ին աճել է»,- հայտարարել էր Փաշինյանը։

2015-ին Փաշինյանն առավել սուր էր քննադատում արագաչափերի արդյունավետությունը՝ նշելով. «Երթևեկության անվտանգության ապահովման առումով այս տեսախցիկներն ու արագաչափերը ոչ մի բան չեն տվել։ Փոխարենը ունենք հսկայական «առաջընթաց» [...] տուգանքների վճարման մասով»։

2018-ի թավշյա հեղափոխության օրերին արդեն Փաշինյանը հայտարարեց համաներման մասին․ «Սաշիկի արագաչափերի բոլոր չվճարված տուգանքները պետք է զրոյացվեն, որովհետև դրանք չեն ավելացնում երթևեկության անվտանգությունը»։

Վարչապետ դառնալուց հետո՝ 2018-ի մայիսին, Փաշինյանը կառավարության նիստում առաջարկեց ժամանակավորապես  դադարեցնել արագաչափերի գործունեությունը և ներել կուտակված տուգանքները։

«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը (տույժ տուգանքները,- խմբ) ներելու մասին, ինչպես նաև մտածենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»,- ասել է Փաշինյանը։

Սակայն 2019-ի մարտին Փաշինյանն արդեն փոխել էր դիրքորոշումը՝ նշելով որ մասնագետները պնդել են, որ արագաչափերի վերացումը կավելացնի զոհերի թիվը։

2024-ի նոյեմբերին նա փաստել է, որ իշխանության գալուց հետո արագաչափերը հանելու հարցում հանդիպել է «հանրության շրջանում որոշակի հոռետեսության»։

Փաստեր արագաչափերի և վթարների վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2016-ից նոր արագաչափեր չեն գնվել, միայն դրանց տեղադրման վայրերն են փոխվել։ Միևնույն ժամանակ, 2024-ի հոկտեմբերին նախարարությունը 15 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել «Դիջիբեյս» ՍՊԸ-ի հետ՝ արագաչափման նոր համակարգի ներդրման և շուրջ 15,000 ժամանակակից տեսալուսանկարահանող սարքի ձեռքբերման համար։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ պայմանագիրը կնքված է, բայց ֆինանսական միջոցները դեռևս հատկացված չեն։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թե՛ ՃՏՊ-ների, թե՛ դրանց հետևանքով վիրավորների թիվն իսկապես ավելացել է։ Սակայն վթարների հետևանքով զոհերի թիվը 2010-2024 թվականների ընթացքում զգալիորեն տատանվել է։

2024-ի ընթացքում արձանագրվել է մարմնական վնասվածքներով և մահվան ելքով 4,314 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 333 և վիրավորվել 6,116 անձ։ Նախորդ տարվա համեմատ ՃՏՊ-ների թիվը նվազել է 6,5%-ով, զոհերի թիվը՝ 11,9%-ով, իսկ վիրավորների թիվը՝ 6,4%-ով:

Այս տվյալները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ վերջին տասնամյակում Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը գրեթե կրկնապակտվել է: 2012 թվականի շուրջ 394,214 մեքենայից դրանց թիվը 2024-ին հասել է 920,140։

Ի՞նչ փոփոխություններ են եղել. որքա՞ն տուգանք է վճարվել

2018-ի հուլիսին Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով 2012-2017թթ. 

մի շարք իրավախախտումների համար կիրառված տուգանքները՝ այդ թվում արագաչափերի, համաներման ենթարկվեցին։ Արդեն 2020-ից ուժի մեջ մտավ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը։

Հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Սիքյուրիթի Դրիմը», որը զբաղվում էր Երևանում արագաչափերի և լուսացույցերի սպասարկմամբ: Ընկերության հիմնադիրների, տնօրենների և աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին խարդախության, փաստաթղթերի կեղծման և պետական միջոցների հափշտակման մեղադրանքներով:

2022 թվականից «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործառույթները փոխանցվեցին պետական «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնին»։

ՆԳՆ-ից հայտնել են, որ արագության գերազանցման համար սահմանված տուգանքների վճարման վերաբերյալ տվյալները մինչև 2022 թվականը պահպանված չեն, սակայն վերջին հինգ տարիներին այս խախտման համար վճարումները միջինում կազմել են 2,7 մլրդ դրամ:

Կարդա նաև՝ ՃՏՊ-ների և զոհերի թիվը նվազե՞լ է. վարչապետի պնդումը կեղծ է

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում