Այս հանգստյան օրերին երկու ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում առաջադրվեց որպես նախագահի թեկնածու և իր ելույթում խոսեց ազատ խոսքի, ժողովրդավարության, ապահով Հայաստանի և այլ բաների մասին: Գրեթե միաժամանակ համացանցում հայտնվեց երկու քաղաքական գործիչների՝ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի մասնավոր զրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որը կարծես կասկածի տակ է դնում «ապահով Հայաստանի» հեռանկարը: ՍիվիլՆեթն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ: Զրույցը կրճատումներով ներկայացված է ստորև:
— Հրանտ, Դուք ինչպե՞ս կգնահատեք քաղաքական պայքարում նման գործիքների օգտագործումը:
— Գնահատականը բնականաբար բացասական է: Այստեղ նախևառաջ իրավական փաստ կա: Մենք գիտենք, որ գաղտնալսումը առանց համապատասխան սանկցիայի արգելված է։ Հետևաբար՝ պետք է քրեական գործ հարուցվի, եթե քրեական գործ չի հարուցվում, մենք վստահ կարող ենք պնդել, որ դա արվել է պետական կառույցների կողմից, այսինքն՝ օրենքի խախտում է տեղի ունեցել: Հրապարակված զրույցի բովանդակությանը չեմ անդրադառնում, քանի որ չեմ ուզում լեգիտիմացնել այդ հանցագործությունը, չնայած եթե ձայնագրությունը հանրության սեփականություն է դարձել, կարծում եմ՝ մեկնաբանելու իրավունք ամեն դեպքում կա: Երկու բան եմ ուզում նշել շատ կարճ՝ նախ՝ սովորաբար բոլոր նման գաղտնի բաների մեջ չկա ավելին, քան կարելի է բաց աղբյուրների վերլուծությամբ իմանալ, այսինքն՝ մեծ հաշվով՝ իրոք, ոչ մի նոր բան այդտեղ չեղավ, և ինձ հետաքրքիր է, որ այսքան ժամանակ, առնվազն 2008-ից, անընդհատ ենթադրում են, որ ձայնագրվում է, գաղտնալսվում է, բայց նորմալ բովանդակային, իրոք սենսացիոն բան չճարվեց:
Եթե իմ խոսակցություններն էլ մեկ-մեկ վրդովված ժամանակ ձայնագրեն, կարող է՝ մի քիչ ուրիշ բան լսեք, քան հրապարակային խոսքում: Դա նորմալ է, ի վերջո կենցաղային խոսքը մի քիչ տարբերվում է հրապարակային խոսքից, այդտեղ ոչ մի կրիմինալ չեմ տեսնում:
— Ներքաղաքական իրավիճակի մասին. ինտրիգներից մեկը ավարտվեց՝ ԲՀԿ թեկնածու ունենալ-չունենալու հարցը, պահպանվում է երկրորդ ինտրիգը: Արդյոք ՀԱԿ-ը կառաջադրի՞ թեկնածու, թե՞ ոչ, ո՞վ կլինի այդ թեկնածուն: Ձեր կարծիքով՝ քաղաքական այս իրավիճակում ՀԱԿ-ն ի՞նչ պարտավորություն ունի իր ընտրազանգվածի և ընդհանրապես հասարակության առաջ:
— Բնականաբար, ՀԱԿ-ը մի պարտավորություն կարող է ունենալ, որովհետև այդ ուժը ստեղծվել է որպես հասարակական կոնսոլիդացիայի փորձ, ոչ թե որպես սովորական քաղաքական կուսակցություն, այլ որպես հասարակական դիմադրության և այլընտրանքի փորձ….
Հուսով եմ՝ ՀԱԿ-ը կունենա իր թեկնածուն: Ես անձամբ կնախընտրեի, որ դա լիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև նա, ամեն դեպքում, նաև կոնսոլիդացնող թեկնածու է: Ոնց որ այնպես է ստացվում, որ այլ ֆիգուր, դժվար է ասել ինչ պատճառով, այլ համահավասար ֆիգուր ոնց որ թե չծնվեց: Եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չլինի, կնախընտրեի, որ ՀԱԿ-ը իր թեկնածուն ունենար, իսկ եթե ՀԱԿ-ը իր թեկնածուն չունենա, կնախընտրեի, որ հասարակությունը իր միջից գտներ ինչ-որ մեկին, որպեսզի ընտրությունները որևէ կերպ անայլընտրանք չանցնեին: Նախագահական ընտրությունները միշտ էլ անկանխատեսելի են, ինչքան էլ մեզ թվա, որ այդքան էլ հեշտ չի լինի ընդդիմության որևէ թեկնածուի վիճակը, քանի որ իշխանությունն էլ այդքան ուժեղ չէ:
— ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման երկու տարբերակ է քննարկվում: Մեկը՝ անպայման պետք է այլընտրանք ստեղծել Սերժ Սարգսյանին: Մյուսը՝ ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը չունեն 2008թ. հզորությունը և ռեսուրսը, և եթե ՀԱԿ-ը պարտվի, այդ դեպքում Սերժ Սարգսյանը շատ ավելի լեգիտիմ նախագահ կլինի, քան երբևէ:
— Այսպես, թե այնպես, եթե հասարակության կողմից ընկալվող որևէ լուրջ թեկնածու չլինի, Սերժ Սարգսյանը շատ ավելի քիչ խնդիրներ կունենա և ավելի մեծ շանսեր կունենա արտաքին լեգիտիմության ապահովման համար: Ես կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը, որը մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչով է վտանգավոր Սերժ Սարգսյանի հեշտ ու հանգիստ վերարտադրվելը, այն է, որ նպատակը կլինի Հայաստանում է՛լ ավելի կենտրոնացած բռնապետություն հաստատելը, և այն շատ ավելի կնմանվի Ադրբեջանում հաստատված ռեժիմին: Կարծում եմ՝ միտումը սա է: Հասարակության մի մասը նաև այնպես էր անում, որ Սերժ Սարգսյանը իշխանության ներսում ևս խնդիրներ չունենա, և եթե հասարակության ներսում նա ևս խնդիրներ կամ մրցակիցներ չունի, դա բերում է ադրբեջանիզացիայի: Ինչ վերաբերում է 2008թ., իհարկե, կան մի շարք թույլ կողմեր, թեկուզ 2007թ. անսպասելիության էֆեկտը, որ այդքան դեր կատարեց, հիմա չկա: Մյուս կողմից՝ հիմա կան այլ գործոններ, որ չկային 2007թ.: Վերջին տարիներին սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է, միակ բանը, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է, հայ-թուրքական հարաբերություններն են, որտեղ ևս տապալվել է: Մնացածը ներքաղաքական ինտրինգներ են և ուրիշ ոչինչ:
— Բոյկոտի տարբերակը, որը հիմա քննարկվում է, նույնպե՞ս տանելու է լեգիտիմիզացիայի, եթե համեմատենք 2005թ. սահմանադրական հանրաքվեի հետ:
— Բոյկոտի տարբերակը ես չեմ հասկանում՝ ինչպես է աշխատելու: Ուղիղ համեմատություն չարժե անցկացնել, քանի որ նա հանրաքվե էր, սա՝ ընտրություններ: Ամեն դեպքում, որևէ տարբերակի ես տեսականորեն դեմ չեմ, եթե դա ծառայի իր նպատակին: Ես դեռ համոզիչ փաստարկներ չեմ տեսնում և չեմ հասկանում գործնականում ինչպես պետք է բոյկոտը իրականանա: Ես ենթադրում եմ՝ կոպիտ ասած՝ Ֆեյսբուքի ժողովուրդը չգնա ընտրություններին, բայց հո Ֆեյսբուքի ժողովուրդը ամբողջ հայ ժողովուրդը չէ՞: Այդ գաղափարը դեռ պետք է հասցվի ժողովրդին, ընկալվի նրա կողմից: Չեմ կարծում, թե այդ գաղափարի համար հասունացած հասարակություն ունենք: Մեր ժողովուրդը սովորաբար գնում է լիդերի հետևից, և եթե լիդեր չի տեսնում, չի դիմադրում: Մեր մտավորական վերնախավը մեր ժողովրդին այնպիսի կրթություն և դաստիարակություն չի տվել, որպեսզի բարձր քաղաքական գիտակցություն պահանջի: Կարծում եմ՝ վաղ է Հայաստանում խոսել այդ գործիքի մասին: Բացի այդ՝ զարգացած հասարակությունում այն ևս բավական բարդ գործիք է:
— Մյուս խնդրահարույց թեման ընտրությունների միջոցո՞վ, թե՞ առանց ընտրությունների իշխանափոխությունն է: Հեղափոխությո՞ւն, թե ընտրությո՞ւն:
— Այս հարցը շատ բարդ է, և դրան միանշանակ պատասխանելը դժվար է: Ես հարցը այդպես չէի ձևակերպի: Հեղափոխությունը միշտ չէ, որ ընտրության այլընտրանքն է: Կա իշխանափոխության խաղաղ ճանապարհ և ոչ խաղաղ ճանապարհ, որովհետև հեղափոխությունը կարող է լինել նաև խաղաղ, ինչպես մեր աչքի առաջ բազմաթիվ դեպքեր եղան։ Ըստ էության՝ Եգիպտոսի հեղափոխությունը խաղաղ հեղափոխություն էր: Այո՛, եղան բախումներ և այլն, բայց զինված ապստամբություն չի եղել, զինված հեղաշրջում չի եղել՝ ի տարբերություն, ասենք, Լիբիայի կամ Սիրիայի, որտեղ քաղաքացիական պատերազմ է։ Եթե խաղաղ հեղափոխության, խաղաղ իշխանափոխության նպատակ ես դնում, պետք է համադրել մեկ-երկու գործոն, մեկը՝ հասարակության մոբիլիզացիան, այդ դեպքում ընտրությունները շատ լավ միջոց են, առիթ են հասարակական մոբիլիզացիայի, դրա համար ընտրություններին մասնակցելը, կարծում եմ, ճիշտ է:
— Դա զուտ միջոց է, ոչ վերջնական նպատակը։
— Գիտե՞ք ինչ, եթե ընտրություններով հնարավոր լիներ Հայաստանում իշխանություն փոխել, մենք ընդհանարապես խնդիր չէինք ունենա, և ես ինքս կարող է գնայի Սերժ Սարգսյանին ձայն տայի, օրինակ։ Խնդիրը հենց ընտրություններն են, այլ ոչ թե Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշ անձ։ Այդ դեպքում ուրեմն պետք է հասարակական հնարավորինս լայն մոբիլիզացիա՝ առանց նայելու, թե ով ում բարեկամն է, ով ում է շատ սիրում, ով ում չի սիրում, ում քաղաքական հայացքները դուր են գալիս, ում ինտելեկտի մակարդակը բարձր կամ ցածր է։ Ի դեպ՝ ինտելեկտի մակարդակը բոլորի մոտ էլ Հայաստանում շատ ցածր է, պետք չէ դա չափազանցնել…
Եվ մյուս գործոնը՝ նման դեպքերում սովորաբար լինում է կա՛մ արտաքին աջակցություն, որը մեր դեպքում ոնց որ թե գոյություն չունի, կամ աջակցություն իշխանության ներսում, եթե հասարակության մոբիլիզացիան բավականաչափ ուժեղ է: Այդ դեպքում իշխանության ներսում սովորաբար այլ հավասար պայմաններում հայտնվում են մարդիկ, որոնք բացահայտ անցնում են ընդդիմության կողմը կամ չեզոք դիրք են գրավում, կամ էլ իշխանության ներսից են գործում ընդդիմության օգտին։
— Մասամբ եղավ 2008թ.։
— Այո՛։ Խաղաղ իշխանափոխության ուրիշ տարբերակ ոնց որ թե գոյություն չունի: Գոնե երբ նայում ենք աշխարհի փորձին, ամեն տեղ այդպես է՝ կա՛մ բանակը չեզոք դիրք է գրավել, կա՛մ ոստիկանությունն է չեզոք դիրք գրավել, կա՛մ ուղղակի արտաքին գործոնի ազդակը շատ ուժեղ է եղել։ Իսկ զինված ապստամբության դեպքում… դե զինվածը արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Դրա համար էլ պետք է կազմակերպել: Այնպես էլ չէ, ինչպես մեզ մոտ պատկերացնում են՝ ժողովուրդը գնաց, Բաղրամյան 26-ը գրավեց։ Պետք է նախապես շատ երկար կազմակերպությունը անել, ընդհատակյա բջիջներ ունենալ, զենք ունենալ ու նորից արտաքին աջակցություն: Ի դեպ՝ փող է պետք ունենալ, շատ բարդ գործընթաց է: Այնպես չէ, որ հիմա մենք ուզեցինք ու արեցինք դա:
— Խոսում ենք հանրային լայն մոբիլիզացիայի մասին։ Ամեն ընտրությունից առաջ է այդ մասին խոսվում։ Այստեղ խնդիր է առաջանում՝ գաղափարի՞ շուրջ, թե՞ լիդերի շուրջ։ Լիդերի շուրջ կարծես թե այսպիսի կարճ ժամանակամիջոցում մոբիլիզացիան շատ արագ է տեղի ունենում, բայց դրանից հետո անմիջապես սկսում է հալվել այդ մոբիլիզացիան, իսկ գաղափարի շուրջ մոբիլիզացիան թերևս 88-ն էր:
— Գիտե՞ք, գաղափարի շուրջ մոբիլիզացիան մի քիչ վերացական հասկացություն է։ Տեսեք, ամեն դեպքում, եթե դու ունես քաղաքական մի համակարգ, որտեղ ընտրական համակարգով հնարավոր չէ իշխանության գալ, օբյեկտիվորեն դրանից բխում է, որ գաղափարի շուրջ համախմբումը համարյա չի աշխատում: Դա նույնն է, ոնց որ դու հիմա այս ձյան վրա փորձես ձմերուկ աճեցնել: Որպեսզի լինի գաղափարական մրցակցություն, պետք է լինի ընտրական մեխանիզմ, որպեսզի տարբեր գաղափարներով մարդիկ մրցեն իրար հետ, լինեն խաղի կանոններ, այսօր մեկը հաղթի, սոցիալիստը հաղթի, վաղը՝ լիբերալը և այլն։ Երբ այդ պայմանը չկա, երբ միևնույն է, դու ուզում ես՝ սոցիալիստ լինես, ուզում ես՝ լիբերալ կամ նացիոնալիստ, շանս չունես երբևիցե լծակներին տիրապետելու և քո գաղափարները իրականություն դարձնելու։ Հետևաբար՝ շատ տրամաբանական է, որ բոլորը միանում են, կոպիտ ասած՝ բոլոր թիմերը այս ֆուտբոլային առաջնությանը միանում են, որպեսզի սկզբից լուծեն խաղի կանոնների հարցը, որովհետև բոլոր թիմերը խաղում են, բայց միշտ հաղթում է մեկ թիմը, որովհետև մրցավարներն են նրա կողմից, որովհետև եթե դու նրան գոլ ես խփում, ասում են՝ հաշիվ չէ, խաղից դուրս է և վերջ։ Այսինքն՝ բոլորը պիտի միավորվեն, սկզբից լուծեն այդ մրցավարության, խաղի կանոնների հարցը, հետո նոր իրար մեջ պարզեն գաղափարները։ Ու բնական է, որ մեզ մոտ միշտ էլ ստացվում է, որ չկա լայն մոբիլիզացիա գաղափարի շուրջ:
Զրուցել է Դերենիկ Մալխասյանը

«Զորավար Անդրանիկ» թանգարանը չի փակվում և չի վաճառվում․ տարածվող տեղեկությունը սխալ է
Ալիևը չի մասնակցի Անկարայի գագաթնաժողովին՝ Թուրքիայի հետ լարվածության ֆոնին

«Ուժեղ Հայաստանը» ցանկացած պահի պատրաստ է արտահերթ ընտրությունների․ Հովսեփյան

Կադիրովը հաստատել է փոխհրաձգության ժամանակ մեկ մարդու սպանությունը

Ինչպե՞ս Իսրայելի ընտրության արդյունքները կազդեն Իրանի դեմ պատերազմի վրա

«Աղի լճի» մոտ փորման աշխատանքների ընթացքում մեկ մարդ մահացել է
Civilnet