Կեղծ հրդեհների մասին լուրեր՝ շահույթի համար

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են խուճապային գրառումներ Երևանում բռնկված խոշոր հրդեհի վերաբերյալ։ «Աղոթենք, որ զոհերը քիչ լինեն․․․Խոշոր հրդեհ Երևանում․ վերջին մանրամասները»,- նշված է գրառման մեջ։
Մինչդեռ վերջին օրերին Երևանում խոշոր հրդեհներ չեն արձանագրվել։
Հրդեհների վերաբերյալ «նորություններ» նույն էջերը պարբերաբար են տարածում
Գրառմանը կցված է arm.arminfonews.ru կայքի հղումը։ Հոդվածում, սակայն, բացակայում են հրդեհի վերաբերյալ մանրամասները։ Մասնավորապես, նշված չէ, թե որ փողոցում, ինչ կառույցում է հրդեհ բռնկվել։ Ըստ կայքի՝ ծուխը բարձրացել է Երևանի կենտրոնական հատվածներից։ Իսկ հոդվածի գլխավոր նկարը հին է, վերցված է 2023-ի սեպտեմբերին Աթոյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհից, որը կարճ ժամանակում մարվել էր։
Հատկանշական է, որ գրառումը տարածող նույն էջերը մեկ այլ հոդված են տարածել դարձյալ arm.arminfonews.ru կայքից՝ այս անգամ արդեն բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ։
«Քիչ առաջ ողբերգական դեպք․ բնակելի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր»,- նշված է մյուս գրառման մեջ։

Հրդեհների վերաբերյալ երկու հոդվածները և՛ ռուսերեն են, և՛ հայերեն։ Նպատակը, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելն է։
Երկրորդ հոդվածում ևս մանրամասներ չկան։ Հայտնի չէ՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում, թե այլ վայրում, սակայն հոդվածում մեջբերված բոլոր ականատեսները հայեր են։ Մինչդեռ, հոդվածի գլխավոր նկարը 2020-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհից է։
Հրդեհների, վթարների ու արտակարգ իրավիճակների թեմաները սովորաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Իսկ նման կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառմանը կցված կայքի դիտումներն ավելացնելն ու դրա հաշվին գովազդից եկամուտ ստանալն է։
CivilNetCheck
Civilnet










