Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը

Հայկ Հովհաննիսյան
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված նախօրեին մամուլում շրջանառված տեղեկության հետ, որ Հայաստանը հետ է կանչել տարեց արցախցու սպանության մեջ մեղադրվող Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը։
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են կողմերի միջև դեռևս 2007-ի ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԱՊՀ տարածքում միմյանց քաղաքացիների նկատմամբ միջպետական հետախուզումներից հրաժարվելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը», - նշված է #CivilNetCheck-ին տրամադրված պատասխանում։
#CivilNetCheck-ը հոդված էր գրել Զեյնալիի՝ տարընթերցումներ առաջացրած հայտարարության մասին՝ նաև հարցում ուղարկելով ՆԳՆ։
Ինչ համաձայնության մասին է խոսքը
Սակայն նախարարությունը չի մանրամասնում, թե 2007 թվականի ընդունված ինչ փաստաթղթի մասին է խոսքը և կոնկրետ երբ է տեղի ունեցել հանձնառության վերահաստատումը 2024-ին։ ՆԳՆ-ի խոսնակը հրաժարվեց հավելյալ բանավոր մեկնաբանություններ տրամադրել։ #CivilNetCheck-ը լրացուցիչ հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել համաձայնագրի տեքստը։
Հետաքրքրական է, որ ո՛չ 2007-ին, ո՛չ էլ 2024-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նման համաձայնության մասին պաշտոնական հայտարարություն չի եղել և ստորագրված փաստաթղթի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակայնորեն հասանելի չէ։ #CivilNetCheck-ի որոնումները բաց աղբյուրներում արդյունք չեն տվել։
ՆԳՆ-ի այս պարզաբանումն անուղղակիորեն հաստատում է, որ Հայաստանը դադարեցրել է Զեյնալիի և Ադրբեջանի այլ քաղաքացիների նկատմամբ ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզումը՝ 2007-ի համաձայնության և 2024-ին դրա վերահաստատման շրջանակում։
Նշենք, որ #CivilNetCheck-ը երեկ՝ ապրիլի 8-ին, հրապարակմամբ պարզաբանել էր, որ արցախցու սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալին չի հայտարարել, թե հայկական կողմն է հետ կանչել իր նկատմամբ հայտարարված հետախուզումը:
Տես՝ Ռուսաստանը հանե՞լ է Զեյնալիի հետախուզումը. հայկական կողմի պարզաբանումը բացակայում է
Տեղեկությունը տարածվել էր հայկական մի շարք լրատվամիջոցներում՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա։ Իրականում, Զեյնալին միայն նշել էր, որ «թշնամիների կողմից իր նկատմամբ դրված» հետախուզումը հանվել է։
Ադրբեջանի հակասական գործողությունները
Թեև ըստ ՆԳՆ-ի պնդման՝ «կողմերը 2007-ից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը», Ադրբեջանը տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է ոչ թե ԱՊՀ երկրների շրջանակում միջպետական, այլ միջազգային հետախուզում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։
Օրինակ՝ 2023-ի ապրիլին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Երևանում Ադրբեջանի դրոշը վառած Արամ Նիկոլյանի նկատմամբ։ Նմանապես, 2021-ին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել երեք հայ գործարարների՝ Դավիթ Գալստյանի, Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Ավելին՝ 2021-ի հունվարին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ գլխավոր դատախազ Կրանսնովի հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ բարձրացրել էր Ադրբեջանի կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հարցը և քննարկել ԱՊՀ տարածքում հայ պաշտոնյաների նկատմամբ ապօրինի հետախուզումների բացառման հնարավորությունը։
Հարկ է նշել, որ 2016-ին Հայաստանը վավերացրել է ԱՊՀ-ի «Անձանց միջպետական հետախուզման մասին» 2010թ. պայմանագրին, սակայն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այդ փաստաթուղթը ստորագրել են վերապահումներով՝ նշելով, որ չեն կիրառելու պայմանագրի դրույթները միմյանց նկատմամբ մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։
Հայտնի չէ, թե ինչու Զեյնալիի նկատմամբ Հայաստանը չի հայտարարել միջազգային հետախուզում։ #CivilNetCheck-ը ՆԳՆ պատախսանը ստանալուց հետո կներկայացնի այն։
Փաստերի ստուգում
CivilNetCheck










