Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը հանե՞լ է Զեյնալիի հետախուզումը. հայկական կողմի պարզաբանումը բացակայում է

Ռուսաստանը հանե՞լ է Զեյնալիի հետախուզումը. հայկական կողմի պարզաբանումը բացակայում է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայկական մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 6-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն իբր հետ է կանչել 44-օրյա պատերազմի ընթացքում տարեց արցախցու սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցու նկատմամբ հետախուզման հայցը:

Տեղեկատվությունը տարածել են Pastinfo.am, Panorama.am, Yerevan.Today և մի շարք այլ լրատվական կայքեր՝ հղում անելով քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառմանը: Ավելի վաղ նման ձևակերպմամբ տեղեկություն տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

«Պարզվում է, իրեն ֆիթնես մարզիչ ներկայացնող այս տականք մարդասպան Քյամիլ Զեյնալին [...] հիմա հրճվանքով հայտնել է, որ իր դեմ միջազգային հետախուզումը «թշնամի երկիրը հետ է կանչել»՝ նկատի ունենալով Հայաստանը...»,- գրել էր Համբարյանը։

Նա հավելել էր, թե Զեյնալլին նաև տեղեկացրել է, որ «իր նման մի քանի մարդասպանների նկատմամբ ևս միջազգային հետախուզումը Հայատանը հետ է կանչել»։ 

Ինչ է իրականում ասել Քյամիլ Զեյնալին

Զեյնալին 2025-ի ապրիլի 4-ին ադրբեջանական հեռուստատեսության եթերում հարցազրույց էր տվել՝ անդրադառնալով նաև իր հետախուզման մեջ գտվելու վերաբերյալ հարցին։ Այս հարցազրույցում հնչեցված մտքերը տարածվել  են ադրբեջանական, այնուհետև հայկական լրատվամիջոցներում։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարցազրույցում Զեյնալին չի նշել, թե հայկական կողմն է հետ կանչել հետախուզումը: Նա ասել է միայն, որ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունից իրեն տեղեկացրել են, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը հանվել է:

«Վերջերս ինձ զանգահարեցին Ռուսաստանում մեր դեսպանատնից: Ինձ ասացին՝ շնորհավորում են՝ Քամիլ, շնորհավորում ենք: Թշնամիների կողմից քո վրա դրված հետախուզումը մեր պետության կողմից տարվող աշխատանքների արդյունքում հանվել է»,- ասել է Զեյնալին հարցազրույցում:

Զեյնալին իսկապես հայտնել է, որ իր նման մի քանի այլ ադրբեջանցիների նկատմամբ ևս հանվել է հետախուզումը, սակայն չի նշել, թե «հետախուզումը Հայատանն է հետ կանչել»։

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական բանակի զինծառայողները գլխատում են Հադրութի տարեց խաղաղ բնակչի: Տեսանյութում երևացող անձանցից մեկը նմանեցվել էր Քյամիլ Զեյնալիին:

Զեյնալին իսկապես 2024-ի մայիսին եղել է ՌԴ ներքին գործերի նախարարության հետախուզման բազայում, սակայն արդեն 2024-ի հոկտեմբերի դրությամբ նրա անունը հանված է եղել այդ ցանկից:

Այս մասին վկայում են ռուսական «Մեդիազոնա» պարբերականի տվյալները, որը պարբերաբար պատճենում է ՌԴ ՆԳՆ հետախուզման ռեեստրը:

Պաշտոնական կառույցները չեն պարզաբանել իրավիճակը

#CivilNetCheck-ը դիմել է Հայաստանի և Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունների և ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայություններին՝ պարզաբանում ստանալու, թե արդյոք Հայաստանը հետ է կանչել Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը: ՀՀ ՆԳՆ-ից բազմաթիվ հեռախոսազրույցներից հետո հստակ պատասխան չտվեցին՝ օրվա վերջում խնդրելով ուղարկել գրավոր հարցում: Պատասխանները ստանալուն պես #CivilNetCheck-ը կհրապարակի դրանք:

Թարմացում (9 ապրիլի, 2025)։ ՀՀ ՆԳՆ-ն #CivilNetCheck-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են 2007-ի պայմանավորվածությունը՝ ԱՊՀ տարածքում միմյանց քաղաքացիների նկատմամբ միջպետական հետախուզումներից հրաժարվելու վերաբերյալ։

Քյամիլ Զեյնալին 2024-ի փետրվարի 21-ին ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Հայաստանի կողմից հայտարարված միջպետական հետախուզման շրջանակներում: Սակայն ձերբակալումից մի քանի ժամ անց նա ազատ էր արձակվել և վերադարձել Բաքու:

Հայաստանի ՆԳՆ-ն այն ժամանակ հայտնել էր, որ Զեյնալին հետախուզվում է «մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով» և մի շարք այլ քրեական հոդվածներով: Հարկ է նշել, որ Զեյնալիի նկատմամբ հայտարարվել է միջպետական, այլ ոչ թե միջազգային հետախուզում: #CivilNetCheck-ը ստուգել է Ինտերպոլի տվյալները և պարզել, որ Զեյնալին չի եղել և չկա Ինտերպոլի հետախուզման ցանկում:

Համաձայն ԱՊՀ երկրների միջև կնքված «Անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագրի՝ յուրաքանչյուր պետություն կարող է մերժել կամ դադարեցնել միջպետական հետախուզման հարցման կատարումը, եթե այն վնասում է իր ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը կամ շահերին:

Ի տարբերություն Ինտերպոլի միջոցով իրականացվող միջազգային հետախուզման, ԱՊՀ միջպետական հետախուզման համակարգն ունի իր առանձնահատկությունները և գործում է միայն ԱՊՀ երկրների միջև։

Այսպիսով, հայկական լրատվամիջոցների պնդումը, թե Հայաստանն իբր հետ է կանչել Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված հետախուզումը, իրականում հիմնված է Զեյնալիի խոսքերի սխալ մեկնաբանության վրա: Փաստացի Զեյնալին չի նշել, թե Հայաստանն է հանել հետախուզումը, այլ միայն հայտնել է, որ ադրբեջանական իշխանությունների ջանքերի շնորհիվ իր նկատմամբ հետախուզումն այլևս չի գործում:

Թարմացում։ Ներքին գործերի նախարարությունը ապրիլի 9-ին պարզաբանում է տարածել՝ կապված Քյամիլ Զեյնալիի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզման հետ։ Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են կողմերի միջև դեռևս 2007-ի ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԱՊՀ տարածքում միմյանց քաղաքացիների նկատմամբ միջպետական հետախուզումներից հրաժարվելու վերաբերյալ։

Տես՝ Հետախուզումների փոխադարձ դադարեցում. Զեյնալիի գործն ու 2007-ի անհայտ համաձայնագիրը»

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում