Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի մասնակցությունը միջազգային զորավարժություններին. իրական պատկերը

Ադրբեջանի մասնակցությունը միջազգային զորավարժություններին. իրական պատկերը

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցները լայնորեն տարածել են ակտիվիստ Կարապետ Պողոսյանի ապրիլի 7-ի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի` Ադրբեջանը ծրագրում է 2025-ին մասնակցել 12 մեծամասշտաբ միջազգային զորավարժությունների։

«Մինչ Հայաստանի կառավարիչները հաջողությամբ ուրացան Արցախը և խաղաղություն են մուրում, ադրբեջանական իշխանությունները առավել հաճախ են դարձրել միջազգային զորավարժությունների անցկացումը և դրանց մասնակցությունը»,- գրել է Պողոսյանը՝ թվարկելով նախատեսվող զորավարժությունները։

Գրառումն արտատպել են oragir.new, lurer.com, pastinfo.am, iravunk.com և այլ կայքեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է ակտիվիստի թվարկած զորավարժությունները և պարզել, որ դրանցից մի քանիսը տեղի են ունեցել նախորդ տարիներին, որոշների մասին բաց աղբյուրներում տեղեկատվություն չկա, իսկ որոշներն էլ պարբերաբար անցկացվող զորավարժություններ են։

2025-ին նախատեսված զորավարժությունները

Պողոսյանի գրառման համաձայն՝ Ադրբեջանը մասնակցել է «Ձմեռ-2025», իսկ ապրիլ-մայիսին մասնակցելու է Վրաստանում՝  «ՆԱՏՕ-Վրաստան 2025» զորավարժություններին։

«Ձմեռային զորավարժություններ 2025»-ը տեղի է ունեցել հունվար-փետրվարին Թուրքիայի Կարս քաղաքում, որին մասնակցել են ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Ֆրանսիայի, Վրաստանի և այլ երկրների զինվորներ։ 

2023-ին և 2021-ին ևս Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ «Ձմեռ-2023» անվանումով զորավարժություններ են արել Կարսում։ 

«ՆԱՏՕ-Վրաստան 2025» զորավարժությունը նախատեսված է ապրիլի 28-ից մայիսի 8-ը, որին մասնակցելու են նաև ուժեր Ադրբեջանից, Ալբանիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Հունաստանից և այլ երկրներից։ Հայաստանը դիտորդի կարգավիճակում ևս մասնակցելու է զորավարժությանը։ 

Պարբերաբար իրականացվող զորավարժությունները

Հաջորդիվ Պողոսյանը գրել է փետրվարին Պակիստանում կայացած «AMAN-25», ինչպես նաև թուրքական «Mavi Vatan» զորավարժությունների մասին։

«AMAN» բազմազգ զորավարժությունը Պակիստանն իրականացնում է սկսած 2007-ից։ Զորավարժություներն անցկացվում են երկու տարին մեկ, մասնակից պետությունների թիվը տարեցտարի ավելացել է։

«AMAN-25»-ը տեղի է ունեցել փետրվարի 7-11-ը Պակիստանի Կարաչի քաղաքում։ 

Ադրբեջանը մասնակցել է ոչ միայն «AMAN-25»-ին, այլև «AMAN-23»-ին։ «AMAN-21» և «AMAN-19» զորավարժություններին Ադրբեջանը մասնակցել է դիտորդի կարգավիճակում։

Իսկ թուրքական «Mavi Vatan»-ի (Կապույտ հայրենիք) մասով նախ նշենք, որ գրառման մեջ զորավարժության անվանումը սխալ է նշված՝ Movi Vatan։ Այս զորավարժությունն իրականացվել է 2025-ի հունվարի 7-16-ին Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում։ Զորավարժությանը մասնակցել են մի շարք երկրներ, այդ թվում` Ադրբեջանը։ Զորավարժություններն առաջին անգամ չեն անցկացվում։ 2023-ին և 2024-ին «Mavi Vatan» զորավարժությունները տեղի չէին ունեցել, սակայն 2025-ին վերականգնվել են։

Լուսանկարում՝ թուրքական ռազմածովային ուժերը «Mavi Vatan 2025» զորավարժության ժամանակ, mavivatan.net

Զորավարժություններ, որոնց Ադրբեջանն արդեն մասնակցել է կամ մասնակցությունը չի հաստատվել

Ակտիվիստի գրառման մեջ նշվում է, որ Ադրբեջանը մարտ-ապրիլին Ռումինիայի տարածքում մասնակցելու է «Valiant Strike 2025», իսկ հունիս-հուլիսին Թուրքիայում՝ Anadolu Ankasi զորավարժություններին։ Բացի այդ, ըստ գրառման, մայիս-հունիսին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ մասնակցելու է «Անքակտելի եղբայրություն 2025» զորավարժությանը։

Ռումինիայում կայանալիք «Valiant Strike 2025» զորավարժությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բազմազգ այլ զորավարժությունների՝ Dacia 25 և Dacian Spring 25 ծրագրի շրջանակում։ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ընդ որում՝ «Valiant Strike 2025»-ը տեղի է ունենալու ոչ թե մարտ-ապրիլին, ինչպես նշված է գրառման մեջ, այլ ապրիլ-մայիս ամիսներին։  

2025-ին նախատեսված «Anadolu Ankasi» անվանումով զորավարժության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ «Anadolu Ankasi» (թուրքեն՝ Anadolu Ankası) զորավարժությունն անցկացվել է 2024-ին Թուրքիայի Քոնյա քաղաքում։ Զորավարժությանը մասնակցել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Կատարը, Լեհաստանը, Ռումինիան և այլն։

Ինչ վերաբերում է «Անքակտելի եղբայրություն 2025» անվանումով զորավարժությանը, ապա դրա վերաբերյալ ևս տեղեկություններ չկան։ 

«Անխախտ եղբայրություն» անվանումով ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժություններ անցկացվել են 2021-ին Նախիջևանում։ Իսկ դրան մոտ՝ «Մարտական եղբայրություն 2025» անվանումով խաղաղապահ ուժերի վարժանքներ 2025-ի հոկտեմբերին իրականացնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Տաջիկստանում, որին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ չկան։

Զորավարժություններ, որոնց մասին տեղեկություններ չկան

Ըստ Կարապետ Պողոսյանի՝ Ադրբեջանն այս տարվա մարտին մասնակցելու է «Patriot» զորավարժությանը, որը տեղի է ունենալու Թուրքիայի Ինջիրլիկ ռազմաբազայում։ Մինչդեռ, նման զորավարժության վերաբերյալ ևս որևէ տեղեկություն չկա։ 2024-ին իսպանական Patriot ջոկատի հետ Թուրքիայի ռազմաօդային ուժերն Ինջիրլիկում զորավարժություններ են իրականացրել։ 

Լուսանկարը՝ Patriot ջոկատի հետ Թուրքիայի ռազմաօդային ուժերի զորավարժությունից, nato.int

Պողոսյանի նշած՝ Վրաստանում «Sinks 2025» կամ նմանատիպ անվանումով զորավարժության վերաբերյալ տեղեկություններ ևս չեն գտնվում։ 

Կարապետ Պողոսյանի գրառման մեջ ընդհանրական ձևակերպումներ կան որոշ զորավարժությունների վերաբերյալ, որոնց դեպքում նշված չեն անվանումները։

Պողոսյանը, մասնավորապես, գրել է․ «Փետրվար` ռազմածովային ուժերի ծովային հետևակի գործողություններ, հոկտեմբեր` Կարսում, նոյեմբեր` Թուրքիայում միջերկրածովյան համագործակցության շրջանակներում»։

Այսպես, 2025-ի փետվարին Ադրբեջանը զորավարժություն է անցկացրել ռազմածովային ուժերի ծովային հետևակի կորպուսի ստորաբաժանումների հետ, սակայն դրանք միջազգային զորավարժություններ չեն եղել։ Հոկտեմբերին Թուրքիայի Կարս քաղաքում և նոյեմբերին միջերկրածովյան համագործակցության շրջանակում սպասվող զորավարժությունների վերաբերյալ ևս տեղեկություններ չկան։ 

Ադրբեջանն ու Թուրքիան 2024-ի նոյեմբերին են Միջերկրական ծովում վարժանքներ անցկացրել։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանը նշեց, որ գրառման աղբյուրը միջազգային և թուրքական լրատվամիջոցներն են։ 

«Հիմնականում ճիշտ են, ստուգված են, բայց կարող են լինել որոշակի շեղումներ։ Դրանք էլ կախված են որոշակի քաղաքական իրավիճակներից, տարածաշրջանային գործընթացներից»,- նշել է ակտիվիստը՝ փաստացի չտրամադրելով որևէ աղբյուր նշված զորավաժությունների համար։ 

2025-ի զորավարժությունները, որոնց մասին չի նշվել գրառման մեջ

Գրառման մեջ նշված չէ, բայց Ադրբեջանը Ղազախստանի հետ համատեղ 2025-ին անցկացնելու են  ռազմածովային «Caspian Breeze 2025» զորավարժությունները։

Հատկանշական է, որ Ադրբեջանը 2023-ին մասնակցել է 21 միջազգային զորավարժությունների, իսկ 2024-ին ադրբեջանցի զինվորականները մասնակցել են 20 երկկողմ և բազմակողմ զորավարժությունների։

Այսպիսով, Կարապետ Պողոսյանի գրառումը, թե Ադրբեջանը 2025-ին մասնակցելու է 12 մեծամասշտաբ միջազգային զորավարժությունների, մեծամասամբ սխալ է։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստացի հաստատված է Ադրբեջանի մասնակցությունը ընդամենը 4 զորավարժությունների՝ «Ձմեռ-2025», «AMAN-25», «Mavi Vatan» և «ՆԱՏՕ-Վրաստան 2025»։ Մնացած զորավարժություններից որոշներն արդեն անցկացվել են նախորդ տարիներին, մյուսների մասին տեղեկություններ չկան, իսկ մի քանիսի դեպքում էլ Ադրբեջանի մասնակցությունը հաստատված չէ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում