Սառնամանիքներ չեն սպասվում․ գրառումները կեղծ են

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերի կեղծ լրատվական էջերը կրկին օգտագործում են հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի անունը՝ դիտումներ հավաքելու համար։
Այս օրերին տարածվում են գրառումներ սպասվող սառնամանիքների վերաբերյալ։ «Ուշադրություն բոլորին․ Հայաստանը սառչելու է՝ մինչև -10°C»,- նշված է գրառումների մեջ։
Գրառմանը կցված հոդվածի լուսանկարում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը Սուրենյանն է:
Գագիկ Սուրենյանը՝ սունկ կայքերի մշտական հերոս
Մինչև -10°C ջերմաստիճանի նվազման վերաբարյալ գրառումը տարածվում է պարբարաբար։

Գրառմանը կցված է ikuk.arminfonews.ru կայքի հղումը։ Հոդվածը հրապարակվել է մարտի 25-ին, սակայն տեքստը ձմռան մասին է։
«[...] ջերմաստիճանը գիշերային ժամերին կարող է իջնել մինչև -20°C: Սա արդեն սովորական ձմեռ չէ»,- նշված է հոդվածում։
Հոդվածում որևէ հղում չկա Գագիկ Սուրենյանին։ Վերջինիս կողմից ևս սպասվող -10°C ցրտի վերաբերյալ որևէ հայտարարություն չի եղել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» պարբերաբար հրապարակում է առաջիկա շաբաթների եղանակի կանխատեսումը։ Կենտրոնն առաջիկա շաբաթներին -10°C ջերմաստիճանի նվազում չի կանխատեսել։

Հոդվածըհրապարակված է միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով, ենթադրաբար երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։
Իսկ Գագիկ Սուրենյանի լուսանկարն օգտագործվում է վստահություն ներշնչելու նպատակով։
Եղանակի վերաբերյալ կանխատեսումներ մեծ հետաքրքրույթուն ունեն հանրության շրջանում։ Իսկ Գագիկ Սուրենյանը սունկ կայքերի թոփ «հերոսներից» է, որի լուսանկարն օգտագործվում է դիտումներ հավաքելու համար, քանի որ նման կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գովազդից եկամուտ ստանալն է։
CivilNetCheck
Civilnet










