«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ապրիլի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հանրապետական կուսակցության և Դաշնակցության իշխանության տարիներին Հայաստանի նախագահը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Իրենց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը՝ այդ ժամանակ փոխնախագահն էր, հայտարարել է, որ ՀՀ նախագահն իրենց խնդրել է, որպեսզի Ցեղասպանությունը չճանաչեն: Եթե ուրացում եք ուզում, պոզով-պոչով կենդանի չի այդ ուրացումը, իրենց շարքերում է, իրենց մտքերում է…»,- ասել է Ալեքսանյանը։
Լրագրողները պատգամավորին հարց էին ուղղել նույն օրը նիստերի դահլիճում տեղի ունեցած բախումների մասին, որոնք, ըստ ընդդիմության, սկսվել էին, երբ իրենք ներկայացրել էին Ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ նոր նախագիծը։
«Էդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին»,- ասաց Ալեքսանյանը՝ մեջբերով Ջո Բայդենին վերագրվող վերոնշյալ խոսքերը։
Ավելի ուշ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել, որտեղ չճանաչելու փոխարեն օգտագործել էր չթեժացնել բառը և կցել այդ տեսանյութը։
«Կից տեղադրում եմ Ջո Բայդենի 2010-ի հայտնի տեսանյութը, որտեղ նա պատմում է, որ Հայաստանի նախագահն իրեն խնդրել է շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության թեման»,- գրել է Ալեքսանյանը։
#CivilNetCheck-ը գնացել է այս պնդման հետքերով։
Ի՞նչ էր ասել փոխնախագահ Բայդենը
2010-ի հոկտեմբերի 27-ին համացանցում տարածվել է մի տեսանյութ այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջո Բայդենի մասնակցությամբ։
Տեսանյութում երիտասարդ է մոտենում Բայդենին, ներկայանում որպես հայ և հարցնում է, թե ինչ հաղորդագրություն պետք է փոխանցի հայ համայնքին։ Թեպետ հարցը հստակ ձևակերպված չէ, սակայն Բայդենի պատասխանից կարելի է ենթադրել, որ խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին է։
Բայդենը պատասխանում է, որ Հայաստանի նախագահն անձամբ զանգահարել է իրեն՝ խնդրելով ճնշում չգործադրել այս հարցի հետ կապված։
«Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք չենք նահանջում։ Թուրքերը պետք է գիտակցեն, թե իրականությունը որն է։ [...] Ասեք նրանց, որ հենց Հայաստանի նախագահն է զանգել ինձ և ասել՝ լսիր ճնշում մի գործադրիր այս հարցում, քանի դեռ մենք բանակցությունների մեջ ենք»,- ասել է Բայդենը։
Տեսանյութը հրապարակվել է marty8465 անվանումով յութուբյան էջում։ Վերջինս ստեղծվել էր հենց տեսանյութի հրապարակման օրը, իսկ տեսանյութն էջի միակ ակտիվությունն է։

Սերժ Սարգսյանի աշխատակազմի, ԱՄՆ դեսպանատան արձագանքը տեսանյութին
Տեսանյութի հրապարակումից հետո այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի աշխատակազմը հերքել էր ՀՀ նախագահի՝ ԱՄՆ փոխնախագահին զանգելու վերաբերյալ լուրը։
«ՀՀ նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»,- նշված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Սարգսյանի աշխատակազմը պաշտոնապես տվել էր իր համաձայնություն՝ հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Հետագայում, սակայն, հեռախոսազրույցի որևէ ձայնագրություն չհրապարակվեց։ Տեսանյութի հրապարակումից օրեր անց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ևս հերքել էր այդ բովանդակությամբ հեռախոսազրույցի վերաբերյալ լուրը։
«Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը»,- նշված էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:
Հայ-թուրքական հարաբերություններն այդ շրջանում
2008-ի սեպտեմբերի 6-ին երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևան ժամանեց այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային խաղը դիտելու։ Այս գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։
2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Շվեցարիայում ստորագրեցին երկու արձանագրություն՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դրանք զարգացնելու վերաբերյալ։
Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կմեկնի Թուրքիա պատասխան ֆուտբոլային հանդիպումը դիտելու «եթե հայ-թուրքական սահմանը բաց լինի կամ կողմերը դրա նախաշեմին լինեն»: 2009-ի հոկտեմբերի 14-ին Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու, սակայն սահմանը շարունակում էր փակ մնալ:
Շվեցարիայում ստորագրված արձանագրությունները թուրքական կողմն այդպես էլ չվավերացրեց։
Այսպիսով, թեև 2010-ի տարածված տեսանյութում ասվում է, որ ՀՀ նախագահը խնդրել է չճնշել ցեղասպանության հարցը, սակայն և՛ նախագահի աշխատակազմը, և՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դա հերքել են։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











