Գագիկ Սուրենյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութ է տարածվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում է հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի մասնակցությամբ տեսանյութ՝ գրառմամբ, թե այսօրվանից մի ամբողջ շաբաթ անձրև և փոթորիկ է սպասվում։
«Նման բան հազար տարին մեկ է լինում․ Սուրենյանը ցնցում է բոլորին»,- նշված է գրառման մեջ։
Տեսանյութն իրականում ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, իսկ հազար տարին մեկ սպասվող եղանակային փոփոխության մասին լուրը կեղծ է։
Սունկ կայքերի «սիրելի հերոսը»՝ AI-ով մշակված տեսանյութում
Տեսանյութին ու նույնաբովանդակ գրառումներին կցված է arm.arminfonews.ru կայքը և դրա ենթակայքերը՝ ikuk.arminfonews.ru-ն և yer.arminfonews.ru-ն:
Գրառման և հոդվածի բովանդակությունը միմյանց հակասում են․ գրառման մեջ խոսվում է ուժեղ փոթորիկների ու անձրևների մասին, հոդվածում նշվում է անսպասելի բարձր ջերմաստիճանի մասին։
«Տաք օդի զանգվածներ ներխուժում են Հայաստան անսովոր ուժգնությամբ՝ առաջացնելով տարվա համար անսպասելի բարձր ջերմաստիճան»,- նշված է հոդվածում։
Կայքի տեքստը միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է, ենթադրաբար, երկու լեզուներով խոսող լսարանին թիրախավորելու համար։
Իսկ տեսանյութը ստեղծվել է տեսանյութեր գեներացնող Hailuo AI արհեստական բանականության հարթակի միջոցով, որի տարբերանշանն անգամ երևում է տարածվող կեղծ տեսանյութում։ Տեսանյութի բնօրինակը վերցված է 2022-ի հուլիսին Գագիկ Սուրենյանի մամուլի ասուլիսից։

Գագիկ Սուրենյանը հազար տարին մեկ տեղի ունեցող եղանակային փոփոխությունների վերաբերյալ որևէ կանխատեսում չի արել վերջին շրջանում։ Ընդհակառակը, Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս տարվա գարունը եղանակի իմաստով կատարյալ է։
Եղանակի վերաբերյալ կանխատեսումներ մեծ հետաքրքրույթուն ունեն հանրության շրջանում։ Իսկ Գագիկ Սուրենյանը սունկ կայքերի թոփ «հերոսներից» է, որի լուսանկարն օգտագործվում է դիտումներ հավաքելու համար, քանի որ նման կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գովազդից եկամուտ ստանալն է։
CivilNetCheck
Civilnet










