Իրանում հաղթահարում են երկրի հարավային Հորմոզգան նահանգում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքները։ Ապրիլի 26-ին Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյուն էր որատացել, որի հետևանքով զոհվել է շուրջ 70 քաղաքացի, իսկ մոտ 1000-ը՝ վիրավորվել։
Հաջորդ օրը Իրանի ամբողջ տարածքում մեկօրյա, իսկ Հորմոզգանում՝ եռօրյա սուգ հայտարարվեց։
Պայթյունի հետևանքները վերացնելու համար Թեհրանից և հարակից նահանգներից օգնության են հասել փրկարարական և ուժային կառույցներ։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տարածքներ։
Պայթյունի բոլոր հանգամանքները ամբողջապես բացահայտված չեն։ Պաշտոնական հիմնական վարկածն այն է, որ դեպքը տեղի է ունեցել անփութության և անվտանգային կանոնները չպահպանելու պատճառով։
Հիմնական խնդիրներից մեկը՝ բեռներն ամիսներով նավահանգստում պահելն է, և այդ ընթացակարգը իշխանությունները մտադիր են փոխել։
Երկրի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել նավահանգիստների կառավարման հարցերում կիրառել միջազգային լավագույն փորձը։
Իրանի պաշտոնյաները բացառել են ռազմամթերքի պայթյունի վարկածները, ինչպես նաև հերքել են օտար միջամտության վարկածը։
Մինչդեռ միջազգային և տեղական մամուլում, սոցիալական հարթակներում հավանական են համարել դիվերսիան։
Հատուկ տնտեսական գոտի համարվող Շահիդ Ռաջայի նավահանգիստը ունի ոչ միայն ներպետական, այլև տարածաշրջանային կարևորություն։ 2400 հեկտար տարածքով նավահանգիստը համարվում է աշխարհի խոշորագույններից և սպասարկում է Իրանի ներմուծման և արտահանման էական մասը՝ տարեկան 70 միլիոն տոննա բեռ։
Իրանում կատարված ողբերգության առթիվ, ի թիվս այլ ղեկավարների, ցավակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Credits: Ruptly
Civilnet




