«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ազգային ժողովի ապրիլի 16-ի նիստում հայտարարել է, թե հայտարարագիր չլրացնող քաղաքացիները վարչական պատասխանատվությունից բացի, ենթարկվելու են նաև քրեական պատասխանատվության։ Նա մեջբերել է Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայտարարագիր չներկայացնելու համար։
Ըստ Խամոյանի՝ թեև Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ միայն վարչական պատասխանատվություն է նախատեսված քաղաքացիների կողմից հայտարարագիր չներկայացնելու համար, սակայն քրեական օրենսգրքով ևս պատասխանատվություն է նախատեսված։
«Սիրելի քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաև դատելու են։ [...] Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը ասում է՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից, այստեղ չի ասվում, որ խոսքը պաշտոնյայի կողմից հայտարարագիր չներկայացնելու մասին է»,- ասել է Խամոյանը՝ նշելով, որ հարցումներ է արել ՊԵԿ և դատախազություն պարզաբանումներ ստանալու համար, սակայն չի ստացել հստակ պատասխաններ։
Հաջորդող նիստերին իշխանական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Բաբկեն Թունյանը հերքեցին հայտարարագիր չներկայացնելու դեպքում քաղաքացիների՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը։
«Որ ասում եք՝ ձեզ դատելու են հայտարարագիր չլրացնելու համար։ Չկա նման բան [...]։ Քրեական օրենսգրքի 444 հոդվածը, որին դուք հղում եք անում, դա վերաբերում է մեզ՝ պաշտոնատար անձանց և մեր կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացվող հայտարարագրերին, այդ գլուխն է այդպես» ,- ասել է Բաբկեն Թունյանը։
#CivilNetCheck-ը դիմել է մի շարք պետական գերատեսչությունների այս հարցի պատասխանը գտնելու համար, սակայն այդպես էլ հստակ պատասխան չի ստացվել։
Ի՞նչ են պնդում պաշտոնյաները
2025-ից Հայաստանի բոլոր վարձու կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող ռեզիդենտ քաղաքացիները պարտավոր են 2024-ի եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնել։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1 հոդվածը սահմանում է, որ հայտարարագիրը չներկայացրած ֆիզիկական անձինք սկզբում նախազգուշացում են ստանում, այնուհետև 5,000-50,000 դրամի տուգանք է սահմանվում, իսկ դարձյալ չներկայացնելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է։
Միևնույն ժամանակ, Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով՝ ի թիվս այլ գործողությունների, հայտարարագիր չներկայացնելը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով [...] կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ագնեսա Խամոյանն այս հոդվածին է հղում անում՝ նշելով, թե չներկայացնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։
Փոխարենը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պնդում են, որ այս օրենքը վերաբերում է հանրային ծառայողներին, քանի որ հոդվածը հանրային ծառայողներին վերաբերող գլխում է, հետևաբար այդ գլխի տակ թվարկված բոլոր հոդվածներն առնչվում են հանրային ծառայությանը։
Պատգամավոր Ագնեսա Խամոյանը, սակայն, պնդում է, թե Քրեական օրենսգրում հոդվածն է մեկնաբանման առարկա, ոչ թե գլուխը։
Թեմայի վերաբերյալ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ մեջբերել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, որտեղ նշվում է, որ օրենքների բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը։
«Ձեր կողմից բարձրացվող Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը գտնվում է նույն օրենսգրքի 43-րդ գլխում, որի վերնագիրն է՝ «Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունները»։ Հուսով եմ՝ սրանով հարցը սպառված է»,- ասել է Արման Պողոսյանը։

Հարցին պատասխանելու իրավասություն ունեցող գերատեսչությունը չի գտնվում
#CivilNetCheck-ը թնջուկը պարզելու համար հարցումներ ուղարկեց մի շարք պետական գերատեսչություններ։
Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, թե վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից հետո չկատարման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ դիրքորոշում տալը դուրս է ՊԵԿ-ի իրավասությունների շրջանակներից։
Գլխավոր դատախազությունից ևս նույնաբովանդակ պատասխան են տվել։
Ֆինանսների նախարարությունից հայտնեցին որ ֆիզիկական անձանց եկամուտների համակարգի ներդրման փուլում հայտարարագիրը չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու նպատակ չի եղել։
Նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումը Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի վերաբերյալ, սակայն հորդորել է դիմել արդարադատության նախարարությանը, քանի որ «ֆինանսների նախարարությունը քրեական օրենսգրքով սահմանված դրույթները մեկնաբանելու լիազորություն չունի»։
Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի վերաբերյալ նախարարությունը պատասխանել է, որ հայտարարագիրը չներկայացնելը, կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալներ թաքցնելը, որպես իրավախախտում, հիմնականում բերում է եկամտային հարկը պետական բյուջե չվճարելու։ Իսկ նման դեպքերի համար արդեն նախատեսված են պատասխանատվության միջոցներ, օրինակ՝ տույժ Հարկային օրենսգրքով։ Այդ պատճառով, այդպիսի դեպքերում Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի կիրառումը կարող է նշանակել, որ նման խախտումները գնահատվում են ավելի վտանգավոր, քան օրինակ՝ հարկային վճարողների կողմից եկամտային հարկի չներկայացումը՝ սահմանված ժամկետում։
«Հաշվի առնելով ամբողջ վերոգրյալը՝ գտնում ենք, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) սահմանված ժամկետում չներկայացնելու, դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կիրառելի չէ»,- նշված է ֆինանսների նախարարության պատասխանում:
Արդարադատության նախարարությունից էլ պատասխանեցին, որ այս հարցի վերաբերյալ պարզաբանում չեն կարող տալ, քանի որ այն դուրս է նախարարության իրավասության շրջանակից։
ԱՆ-ի պատասխանի համաձայն՝ օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ կան իրավական ակտեր՝ այդ թվում Քրեական օրենսգիրքը, որոնց կիրառումն ունի ընդհանրական բնույթ և չի վերաբերում միայն կոնկրետ մարմնի իրավասությունների շրջանակում գտնվող ոլորտի։
Հատկանշական է, որ Բաբկեն Թունյանն ԱԺ-ում հայտարարել է, որ պատրաստ է ներողություն խնդրել, եթե վերը նշված հոդվածով որևէ մեկը դատապարտվի։
«Որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի ես պատրաստ եմ այս ամբիոնից [...] ձեզանից հրապարակային ներողություն խնդրել»,- ասել է Թունյանը։
Այսպիսով, թեև պաշտոնյաները բանավոր մակարդակում հայտնում են, թե հայտարարագիրը շարունակաբար չլրացնելը չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ, պետական գերատեսչություններից հստակ պատասխան չի ստացվել այս հարցի վերաբերյալ։
Շուշան Ստեփանյան
CivilNetCheck











