Գլխավոր Լրահոս

Ֆինանսական թակարդ՝ Զարուհի Փոստանջյանի կերպարով

Ֆինանսական թակարդ՝ Զարուհի Փոստանջյանի կերպարով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեսանյութ, որում վերջինս պատմում է իբրև իր կողմից բացահայտած հարթակի մասին, որտեղ հնարավոր է մեծ գումարներ աշխատել։

«Իշխանությունները մեզ խաբում են, նրանք ճնշում են մեզ, քանի որ ես բացահայտել եմ։ Այս հարթակում ես աշխատել եմ 1,6 մլն դրամ մեկ ամսում»,- ասում է Փոստանջյանը տեսանյութում։

Իրականում այս տեսանյութը կեղծ է՝ ստեղծված արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով, իսկ քաղաքական գործչի ձայնն ու պատկերը կրկնօրինակվել են։ 

Որտեղի՞ց են վերցված տեսանյութերը

Տեսանյութում օգտագործվել են նաև «Առաջին լրատվականի»՝ 1in.am-ի եթերից կադրեր, որոնցում լրագրողը ներկայանում է որպես N1 ալիքի հաղորդավար և հայտարարում, թե իբր Զարուհի Փոստանջյանը բացահայտել է իշխանությունների կողմից թաքցվող մի հարթակ։

Այս կադրերը վերցված են 1in.am-ի մայիսի 12-ի «Կեսօրից առաջ և հետո» հաղորդումից, որի մեկնաբան Սիրանույշ Պապյանը նման հայտարարություն չի անում։

Հաջորդիվ ներդրումային հարթակի մասին է խոսում Զարուհի Փոստանջյանը, որի մասնակցությամբ տեսանյութը 2018-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անցկացված քարոզարշավից է և որևէ կապ չունի ներդրումների կամ առցանց հարթակների հետ։

Թեև գովազդային տեսանյութը հիմնականում թիրախավորում է հայաստանյան լսարանին, այն ռուսերենով է։

Արհեստական բանականությամբ հայերեն խոսքի գեներացման տեխնոլոգիաները համեմատաբար դժվար հասանելի են, ուստի զեղծարարները հետսովետական տարածքի երկրների լսարանին թիրախավորում են ռուսերեն տեսանյութերով։ 

Ու՞ր է տանում կեղծված տեսանյութը

Տեսանյութին կցված է ventureupward.site անվանումով կայքը, որտեղ հեռախոսահամար և այլ տվյալներ լրացնելուց հետո կապ են հաստատում «ներդրումային հարթակի աշխատակիցները»։

Էկրանապատկերը՝ ventureupward.site անվանումով կայքից

Նրանք օգտատիրոջը ուղղորդում են դեպի մեկ այլ կայք՝ rbimarketslimited.digital անվանումով, որտեղ առաջարկվում է ներդրում կատարել։ Ըստ կապ հաստատած անձանց՝ նվազագույնը պետք է ներդնել 100 դոլար, որը կարտացոլվի օգտատիրոջ անձնական հաշվում։ Ներդրում կատարելուց հետո օգտատիրոջից պահանջվում է զբաղվել բորսայում ակտիվների առուվաճառքով՝ իբր եկամուտ ստանալու նպատակով։

Ներդրումներ կատարելու համար օգտատերը պետք է մուտքագրի իր բանկային տվյալները, ինչն իրականում կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։ Բացի այդ, չկա որևէ երաշխիք, որ ներդրված գումարը կվերադարձվի։

Էկրանապատկերը՝  rbimarketslimited.digital անվանումով կայքից

Այսպիսով, Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տարածվող տեսանյութը կեղծ է։ Դրա հիմնական նպատակն է կորզել օգտատերերի բանկային տվյալները կամ դրդել նրանց ներդրում կատարել կասկածելի հարթակում։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում