Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
20 օր որոնողական աշխատանքներից հետո Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մայիսի 24-ին հայտնաբերվեց 2-ամյա Տիգրանի դին:
Մայիսի 4-ից որոնվող երեխայի անհետացման վերաբերյալ այս ընթացքում տարածվեցին բազմաթիվ անհիմն ու հորինված լուրեր։ Սոցցանցերում շահարկվում էր ողբերգական դեպքը՝ դիտումներ ապահովելու նպատակով։
#CivilNetCheck-ը նախկինում անդրադարձել է տարածված անհիմն կամ հորինված լուրերին, սակայն դրանք ոչ միայն չեն դադարել, այլև նորերն են տարածվել:
Խորհրդավոր վերնագրեր՝ առանց բովանդակության
Մոլորեցնող գրառումներ էին տարածվել՝ իբր նոր մանրամասներ են հայտնի դարձել կամ երեխային տեսնողներ են եղել։ Դրանք, սակայն, իրականում ոչ մի լրացուցիչ տեղեկություն չեն հաղորդում:
«Ես տեսա Տիգրանին։ Բակում խաղում էր՝ գունավոր քարերով»,- նշված է գրառման մեջ։
Հղումով այցելելուց հետո պարզվում է, որ դա ընդամենը ոմն Անիի երազն է եղել: Իսկ լուսանկարում իրականում Անի անունով անձը չէ՝ այն վերցված է համացանցից:

Մեկ այլ գրառում տարածվել է՝ «ՆԳ նախարարը նոր հրահանգ է տվել․ ի՞նչ է հայտնի 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքներից» ձևակերպմամբ: Դրանից տպավորություն էր ստեղծվում, թե նոր մանրամասներ կան երեխայի անհետացման գործով: Մինչդեռ ընդամենը նշվում է, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև որևէ արդյունք լինի:
«Բոլորը շոկի մեջ են ընկնելու. պատմության ավարտը մոտ է»,- նշվում հրապարակումներից մեկում:
Հոդվածին կցված տեսանյութում, սակայն, որևէ շոկային բացահայտում չկա: Ընդամենը մեջբերվում է դերասան Արմեն Մուրադյանի հրապարակումը, որը տարբեր վարկածներ է առաջ քաշում երեխայի անհետացման հետ կապված։
Առհասարակ, ֆեյսբուքյան էջերը ուռճացված կերպով ներկայացրել են ամենատարբեր վարկածները: Օրինակ՝ «Տիգրանին ընտանիքի թշնամին է տարել․․․հարցվածները պնդում են այդ վարկածը․․․ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ» ձևակերպմամբ գրառումներ են տարածվել։
Գրառումից տպավորություն է ստեղծվում, թե հենց այս վարկածի մասին են նոր մանրամասները: Սակայն տեսանյութում ընդամենը տարբեր անձանց կամ լրատվամիջոցների հրապարակումներն են:
Հատկանշական է, որ անհիմն ու հորինված տարբեր գրառումները հաճախ տարածվում են նույն ֆեյսբուքյան էջի կողմից։

Էքստրասենսները դեռ ակտուալ են
Տարածվել են նաև գրառումներ ամենատարբեր էքստրասենսների անունից՝ նրանց գուշակությունների վերաբերյալ:
Գրառումներից մեկում ասվում է, թե ռուս էքստրասենս Նատալյա Որոտնիկովան շոկային տեղեկություններ է հայտնել կորած երեխայի մասին. իբր նա տեսել է ջուր կամ գետ, ինչը կարող է կապ ունենալ երեխայի գտնվելու վայրի հետ։
ՆԳՆ-ն պարբերաբար հայտնել է, որ հիմնական վարկածը երեխայի՝ Մարմարիկ գետն ընկնելն է։ Ուստի ներկայացված տեղեկությունները բացարձակ շոկային չեն։ Իսկ Որոտնիկովայի սոցցանցերի էջերում կամ հանրային նման գուշակության վերաբերյալ տեղեկություններ չկան։
«Արբանյակային լուսանկարների միջոցով հնարավոր է գտնել երեխային»
Այցելություններ ապահովող գրառումներին զուգահեռ՝ դրանց կցված կայքերում պնդվել է, թե երեխային հնարավոր է գտնել արբանյակային լուսանկարների միջոցով:
Դրանցից մեկին կցված կայքում անգամ դիմում են հայ բարերարներին, որպեսզի արբանյակից օգտվելու համար գումար տրամադրեն։
Գրառումը տարածվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի, գործարարներ Սամվել Ալեքսանյանի և «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի լուսանկարներով։
«Հաշվի առնելով դեպքի ծանրությունն ու անհայտության մեջ գտնվող ընտանիքի ապրումները, մենք դիմում ենք հայ ազգի բարեգործներին։ Այս դժվարին պահին ցանկացած աջակցություն կարող է դառնալ ճակատագրական»,- ասվում է տեսանյութում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը դեռ նախորդ շաբաթ է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել, որ կապվել են տասնյակ միջազգային ընկերությունների հետ արբանյակային լուսանկարներ ձեռք բերելու համար, սակայն այդ տեղանքից ամենաթարմ լուսանկարները եղել են ապրիլի 26-ին՝ դեպքից առաջ։
Իսկ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորել է չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ:
Նմանատիպ անհիմն գրառումների հիմնական նպատակը էմոցիոնալ ձևակերպումների միջոցով կցված կայքերի այցելություններն ապահովելն ու գովազդից եկամուտ ստանալն է։ Նման դեպքերում հաճախ օգտագործվում են «բոլորը շոկի մեջ են», «շտապ», «վերջապես լավ լուր» և նմանատիպ այլ ձևակերպումներ։ Իսկ գրառումները տարբեր տառատեսակներով են լինում՝ այդ պահին արագ այցելություն (click) ապահովելու և հետագայում անհիմն լուրը տարածողներին գտնելը դժվարացնելու համար։
CivilNetCheck
Civilnet











