Անվճար տնակներ խաղարկելու վերաբերյալ գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ պատահականության սկզբունքով անվճար փոքր տնակներ նվիրելու վերաբերյալ։
«Այսուհետ մինչև մայիսի 16-ը նվիրում ենք անվճար մինի տուն։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Մուտքագրեք ձեր ծննդյան ամիսը մեր գլխավոր էջում»,- նշված է գրառման մեջ: Մինչդեռ, որևէ տնակ չեն նվիրում. գրառման միակ նպատակը տարբեր կայքեր ուղղորդելով՝ դրանց դիտումները բարձրացնելն է։
Ավելի վաղ էլ էջը կրկին նման գրառում էր արել՝ նշելով, թե մինչև փետրվարի 2-ը կտրամադրեն 20 անվճար մինի տուն։

Գրառման տակ մեկնաբանություն թողնելուց հետո մասնակցին ուղարկվում է հղում՝ գրանցվելու համար։ Սակայն այն տանում է մեկ այլ, ապա՝ բոլորովին ուրիշ կայք։ Սա վերահասցեագրող (redirect) կայք է, որը եկամուտ է ստանում տարբեր կայքերի այցելություններն ապահովելով։ Արդյունքում մասնակիցը պարզապես մի շարք կայքեր է այցելում, դիտում դրանց գովազդները՝ դրանով բարձրացնելով դրանց դիտելիությունը։
Իսկ տնակներ վաճառող «Մինի տուն» անվանումով ընկերություն չկա Հայաստանում։

«Մինի տուն» անվանումով ֆեյսբուքյան էջում կա նաև մեկ այլ գրառում ՝ իբր KIA ընկերության հետ համագործակցության մասին, որտեղ նշվում է, թե ընկերությունը 76-ամյակի առթիվ մեքենաներ է խաղարկում։ Այս գրառումը ևս կեղծ է, ինչին #CvilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Հատկանշական է, որ տնակներ խաղարկելու վերաբերյալ նմանատիպ կեղծ գրառումներ կան նաև այլ լեզուներով։ Այսինքն՝ դրա հեղինակները թիրախավորում են այլ երկրներից օգտատերերից ևս։ Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե որտեղից են կառավարվում այս էջերը, բայց գրառումներում առկա է ինդոնեզերեն @pengikut նշումը, որը համարժեք է «@everyone» նշմանը և օգտագործվում է բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։

Այսպիսով, տնակների խաղարկության վերաբերյալ գրառումը պարզապես խայծ է, որի նպատակը տարբեր կայքերի դիտելիությունը բարձրացնել ու դրանից եկամուտ ստանալն է։
CivilNetCheck
Civilnet










