Գլխավոր Լրահոս

Արդյոք գարեջուրը քաղցկեղածի՞ն է. լրատվամիջոցների հրապարակումների հետքերով

Արդյոք գարեջուրը քաղցկեղածի՞ն է. լրատվամիջոցների հրապարակումների հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայկական մի շարք լրատվամիջոցներ մայիսի 25-ին տարածել են տեղեկություն, թե գարեջրի նմուշների 95%-ում հայտնաբերվել են քաղցկեղ և անպտղություն առաջացնող նյութեր:

 Հրապարակումներում նշվում է, որ գիտնականներն ուսումնասիրել են 23 տեսակի գարեջուր և գրեթե բոլորում հայտնաբերել են պոլիֆտորալկիլային նյութեր (PFAS), որոնք չեն արտազատվում օրգանիզմից և կարող են առաջացնել քաղցկեղ, անպտղություն և այլ հիվանդություններ։

Այս տեղեկությունը հրապարակվել է Oragir.news, News.am և այլ հայկական լրատվական կայքերում։ «Գարեջրի նմուշների 95%-ում հայտնաբերվել են քաղցկեղ առաջացնող նյութեր» վերտառությամբ տեսանյութը (արխ.) ֆեյսբուքում հավաքել է շուրջ 2,400 հավանում և ավելի քան 1,000 տարածում։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է տարածված պնդումները և պարզել, որ դրանք ներկայացված են առանց կարևոր համատեքստի։

Ինչի մասին է իրականում հետազոտությունը

2025-ի մայիսին Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) «Շրջակա միջավայրի գիտություն և տեխնոլոգիաներ» (Environmental Science & Technology) ամսագրում իրոք հրապարակվել է հետազոտություն, որի շրջանակում վերլուծվել է շշալցված գարեջրի 23 տեսակ։ Դրանցից 20-ն արտադրվել են ԱՄՆ-ում, իսկ մնացած երեքը՝ Մեքսիկայում և Նիդեռլանդներում։

Հետազոտությունն իսկապես հայտնաբերել է, որ նմուշների մոտ 95%-ում (23-ից 22-ում) առկա են պոլիֆտորալկիլային նյութեր (PFAS)։

Դրանք արհեստական քիմիական միացություններ են, որոնք չափազանց դիմացկուն են և գործնականում չեն քայքայվում բնության մեջ կամ մարդու օրգանիզմում:

Սակայն կարևոր է հասկանալ, որ այս նյութերի պարունակությունը գարեջրում մեծամասամբ եղել է չափազանց ցածր։ Հետազոտված 23 նմուշից միայն 4-ում են PFAS-ների մակարդակը գերազանցել ԱՄՆ-ում խմելու ջրի համար սահմանված թույլատրելի շեմը։ Մնացած բոլոր նմուշներում PFAS-ների քանակը եղել է ավելի ցածր։

Ինչո՞ւ են լրատվամիջոցների հրապարակումները մոլորեցնող

Հայկական լրատվամիջոցների հրապարակումներում բացակայում են մի շարք կարևոր մանրամասներ, որոնք էականորեն փոխում են պատկերը:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ PFAS-ների առավել բարձր մակարդակներ հայտնաբերվել են այն գարեջրի տեսակներում, որոնք պատրաստվել են արդեն իսկ աղտոտված ջրով տարածքներում։ Այսինքն՝ խնդրի աղբյուրը ոչ թե բուն գարեջուրն է, այլ ջրի որակը, որն օգտագործում են որոշ գարեջրագործարաններ: 

Հրապարակումների վերնագրերը, ըստ որոնց «գարեջրի նմուշների 95%-ում հայտնաբերվել են քաղցկեղ առաջացնող նյութեր», ներկայացված են առանց համատեքստի և կարող են սխալ պատկերացում ստեղծել, թե գրեթե բոլոր գարեջրերում PFAS-ներ կան։

PFAS-ների ցածր կոնցենտրացիաները վտանգավոր են, եթե դրանց պարունակությամբ ըմպելիքներն օգտագործվեն շարունակաբար։ Այդուամենայնիվ, գարեջուրը դրանց հիմնական աղբյուրը չէ․ մարդիկ PFAS-ների ազդեցության առավել հաճախ ենթարկվում են աղտոտված ջրից, սննդից, փոշուց և կենցաղային ապրանքներից։

Ուշագրավ է, որ գարեջրում և այլ ալկոհոլային խմիչքներում պարունակվող էթանոլը քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) կողմից դասակարգվել է որպես ապացուցված քաղցկեղածին 1-ին խմբի նյութ։ Հետևաբար, գարեջրի սպառման հետ կապված առողջական ռիսկերը առաջին հերթին պայմանավորված են հենց ալկոհոլով, այլ ոչ թե PFAS-ների հնարավոր պարունակությամբ։

Այսպիսով, հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թեև հիմնված է իրական հետազոտության վրա, ներկայացված է առանց պատշաճ համատեքստի և չափազանցված ձևով։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում