Գլխավոր Լրահոս

Քաղաքապետը դժգոհ է. ի՞նչ են ասում թվերը Երևանի և Թբիլիսիի բյուջեների մասին

Քաղաքապետը դժգոհ է. ի՞նչ են ասում թվերը Երևանի և Թբիլիսիի բյուջեների մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 11-ին Ազգային ժողովում Երևանի 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խոսելով պետական եկամուտների ապակենտրոնացման անհրաժեշտության մասին՝ պնդել է, որ Հայաստանի և Վրաստանի պետական բյուջեները թեև համադրելի են, սակայն Վրաստանի քաղաքները ստանում են երկրում հավաքագրվող հարկերից մասհանումներ, մինչդեռ Երևանը նման հնարավորություն չունի։

«Եվ նորից այս համեմատականը ուզում եմ հիշեցնել [...]։ Մեր (ՀՀ՝ խմբ.) և Վրաստանի պետական բյուջեները համադրելի են, մոտավորապես նույն կարգի թվեր են։ Բացեք և տեսեք Թբիլիսիի և Երևանի բյուջեների տարբերությունը՝ Թբիլիսիինը ինչքան շատ է և Երևանինը ինչքան քիչ է իր համեմատ։ Եվ սա միայն Թբիլիսին չէ. սա Ախալցիխեն է, Ախալքալաքն է, բոլոր վրացական քաղաքներն են, որոնք ստանում են մասհանումներ, որպեսզի իրենց հենց առաջնային օղակում ստեղծված խնդիրները լուծեն», – ասել է Ավինյանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հայաստանի և Վրաստանի պետական ու քաղաքային բյուջեները և ստուգել է քաղաքապետի այս պնդումները։

Երևանի և Թբիլիսիի բյուջեների տարբերությունը

Քաղաքապետի պնդումը, թե Հայաստանի և Վրաստանի պետական բյուջեները համադրելի են և «մոտավորապես նույն կարգի թվեր են», վիճելի է։

Հայաստանի պետական բյուջեն 2024-ին կազմել է մոտ 6,6 մլրդ դոլար (շուրջ 2,6 տրիլիոն դրամ), այնինչ Վրաստանի պետական բյուջեն գրեթե մեկուկես անգամ ավելի մեծ է՝ 9,4 մլրդ դոլար (25,7 մլրդ լարի)։ Այս տարբերությունը դժվար է անվանել «համադրելի» և «նույն կարգի թվեր»։

Քաղաքապետի մյուս պնդումը՝ Թբիլիսիի և Երևանի բյուջեների կտրուկ տարբերության մասին, ճիշտ է։ 2024 թվականին Երևանի և Թբիլիսիի քաղաքային բյուջեների միջև զգալի տարբերություն է եղել՝ թե՛ բյուջեի ծավալով, թե՛ պետական միջոցներից ստացվող փոխանցումների տեսակով և չափով։

Երևանի քաղաքային բյուջեի փաստացի եկամուտները 2024-ին կազմել են 298 մլն դոլար (116,7 մլրդ դրամ), մինչդեռ Թբիլիսիինը՝ 686 մլն դոլար (1,88 մլրդ լարի)։ Այսինքն՝ Վրաստանի մայրաքաղաքի բյուջեն մոտ 2.3 անգամ մեծ է, թեև երկու քաղաքներն ունեն համադրելի բնակչություն։

Ավելի կարևոր է մասհանումների հարցը։ Թբիլիսին պետական բյուջեից ստացել է 189 մլն դոլար (518,5 մլն լարի)։ Բացի դրանից՝ քաղաքը ստացել է նաև 240 մլն դոլար (658,5 մլն լարի) որպես այսպես կոչված «VAT-sharing»՝ երկրում հավաքագրված ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) փոխանցվող եկամուտ։ Սա կազմում է Թբիլիսիի բյուջեի շուրջ 63 տոկոսը։

Հատկանշական է, որ Երևանի 2024 թվականի բյուջեի եկամուտների 39 տոկոսը (շուրջ 116 մլն դոլար) կազմել են պետական բյուջեից փոխանցված միջոցները։ Այս գումարի մի մասը՝ 37 մլն դոլար (14,6 մլրդ դրամ), կազմել են սուբվենցիաներ և դոտացիաներ, իսկ մնացած 79 մլն դոլարը (30,9 մլրդ դրամ)՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար։

Պատվիրակված լիազորությունների ներքո ընկնում են կրթության, Երևանի մետրոպոլիտենի կառավարման և վերակառուցման, քաղաքային լուսավորության բարելավման, վթարային շենքերի ամրացման և մի շարք այլ ծրագրերի իրականացումը։

Վրացական մոդելի առանձնահատկությունները

Ավինյանի պնդումը վրացական քաղաքների հարկային մասհանումների մասին ևս ճիշտ է։ Վրաստանի բոլոր ՏԻՄ-երը, այդ թվում նույնիսկ փոքր քաղաքները, ստանում են ֆիքսված մասնաբաժին երկրում հավաքագրվող ԱԱՀ-ից։

2024-ին շուրջ 44 000 բնակիչ ունեցող Ախալցիխեի պլանավորված բյուջեն կազմել է մոտ 12 մլն դոլար (32 մլն լարի), որի ավելի քան 73 տոկոսը ստացվել է ԱԱՀ բաշխումից և պետական փոխանցումներից։ Առավել փոքր Ախալքալաքի 12,4 մլն դոլարի (34 մլն լարի) բյուջեի 55 տոկոսը նույնպես ձևավորվել է նույն կերպ։

Հայաստանի համայնքային ֆինանսավորման համակարգը տարբերվում է. համայնքները, ներառյալ Երևանը, չեն ստանում ԱԱՀ-ի մասնաբաժին և հաճախ ֆինանսավորվում են ոչ այդքան կանոնակարգված, նախագծերի սուբսիդավորման և համայքների ֆինանսական «համահարթեցման» ծրագրերով։ Այդպիսով համայքները ֆինանսապես ավելի կախված են կենտրոնական իշխանությունից։

Այսպիսով, Տիգրան Ավինյանի պնդումների մեծ մասը ճիշտ էր՝ բացառությամբ Հայաստանի և Վրաստանի պետական բյուջեների համադրելիության։ Վիճակագրությունը հաստատում է, որ Վրաստանի ապակենտրոն բյուջետային համակարգը իսկապես թույլ է տալիս քաղաքներին ավելի մեծ ինքնուրույնություն և ֆինանսական հնարավորություններ ունենալ։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում