Գլխավոր Լրահոս

Որքա՞ն կբարձրանար թոշակը, եթե պետծառայողները մեկ ամիս չվճարվեին. Փաշինյանի պնդման հետքերով

Որքա՞ն կբարձրանար թոշակը, եթե պետծառայողները մեկ ամիս չվճարվեին. Փաշինյանի պնդման հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին Ազգային ժողովում 2024-ի պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ, խոսելով հարկերի վճարման կարևորության մասին, ներկայացրեց հաշվարկներ, թե որքան կավելանար թոշակառուների ամսական թոշակը, եթե պետական կառավարման համակարգը մեկ ամիս աշխատավարձ ու պարգևավճար չստանար։

«Եթե, օրինակ, 2025-ի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, զրո աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1,400 քանի դրամով։ Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, նախարարություններով և այլն»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հաշվարկները տրամադրել է ֆինանսների նախարարությունը։ 

Ուշագրավ է, որ նույն ելույթում Փաշինյանը նախ ընդգծում է «պետական կառավարման համակարգ» ձևակերպումը, իսկ հետագայում օգտագործում է նաև «պետական համակարգ» եզրույթը։

#CivilNetCheck-ը պաշտոնական տվյալների հիման վրա ստուգել է վարչապետի հայտարարությունը:

Սխալ մեկնաբանություններն ու դրանց պատճառները

Փաշինյանի հայտարարությունից հետո մի շարք քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ ու փաստեր ստուգողներ անդրադարձան Փաշինյանի հայտարարությանը՝ ներկայացնելով այլ հաշվարկներ և փորձելով հերքել վարչապետի պնդումը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, օրինակ, նշել է, որ Հայաստանի պետական համակարգում աշխատում է 210,000-ից ավել մարդ, 2023-ին թոշակառուների թիվը չի գերազանցել 500,000-ը, և միջին ամսական աշխատավարձը կազմում է 266,000 դրամ։

«Եթե 210,000 պետական աշխատավարձ չստանա, ապա կտնտեսվեր՝ 210000*266000= 55 860 000 000 դրամ։ Հիմա ստացված թիվը բաժանենք թոշակառուների թվին՝ 55,860 000 000 / 500,000= 111,720»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանը՝ եզրակացնելով, որ մեկ ամիս պետական ապարատի՝ աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111,720 դրամով։

Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները

#CivilNetCheck-ը կառավարությունից խնդրեց տրամադրել, թե ինչ հաշվարկների վրա է հիմնվել վարչապետը ԱԺ-ում հնչեցրած իր այս հայտարարությունում։ 

Ստացված պատասխանում նշվում է, որ 2024 թվականին պետական կառավարման մարմինների (առանց ուժային մարմինների և ՊՈԱԿ-ների) աշխատավարձի փաստացի ծախսը կազմել է մոտ 122,3 մլրդ դրամ, ինչը ամսական կտրվածքով մոտ 10,2 մլրդ դրամ է։ Իսկ կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 610,555 մարդ։

«Եթե նշված գումարը ուղղվի կենսաթոշակներին, ապա մեկ կենսաթոշակառուի հաշվով տարեկան գումարը կկազմի շուրջ 16,700 դրամ»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով, որ այդ գումարով հնարավոր կլիներ միջին ամսական կենսաթոշակը բարձրացնել շուրջ 1,400 դրամ (167,00 դրամ/12)` մեկ տարվա կտրվածքով:

Էկրանապատկերում՝ վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանը։

Փաստացի կառավարությունը հաշվարկները ներկայացնում է 2024-ի տվյալների վրա։ #CivilNetCheck-ը դիտարկեց նաև 2025-ի պետական բյուջեն, քանի որ Փաշինյանը նշել էր 2025-ի ապրիլը։  

2025-ի պետական բյուջեի նախագծի համաձայն՝ ՀՀ պետական իշխանության մարմինների (նախարարություններ, դատարաններ, դատախազություն և այլն) աշխատողների թիվը կազմում է 21,320 մարդ, տարեկան աշխատավարձային ֆոնդը նախատեսվել է մոտ 124 մլրդ դրամ, ինչն ամսական մոտ 10,3 մլրդ դրամ է։

Էկրանապատկերում՝ 2025-ի պետական բյուջեի նախագծի տվյալները։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում կա 498,188 թոշակառու և 112,317 նպաստառու, ընդհանուր՝ 610 505: 

Այսպիսով, եթե դիտարկենք պետական բյուջեի նախագծով նախատեսված` պետական կառավարման մարմինների աշխատավարձային ֆոնդը (124 մլրդ դրամ), ապա կենսաթոշակների հնարավոր ամսական աճը կկազմի շուրջ 1,730 դրամ։ Իսկ եթե դիտարկեք և թոշակառուներ, և նպաստառների ամբողջական թիվը, որը ըստ կառավարության նկատի ունեցել Փաշինյանը, ապա այդ թիվը կլինի մոտ 1,400։ 

Այսպիսով, երկու դեպքում էլ՝ թե՛ կառավարության աշխատակազմի ներակայացրած, թե՛ պաշտոնական բյուջետային ցուցանիշներով, մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը բավարար է տարեկան կտրվածքով մոտավորապես 1,400-1,700 դրամով թոշակների բարձրացման համար:

Կողմերը հաշվարկների համար որպես հիմք օգտագործել էին տարբեր թվեր

Փաստորեն, Փաշինյանին հակադարձողներն իրենց հաշվարկների հիմքում դրել էին ոչ միայն պետական կառավարման մարմինների (օրինակ՝ նախարարություններ, դատարաններ, դատախազություն և այլն) աշխատակիցների թիվը, այլ ամբողջ պետական համակարգի՝ շուրջ 220,000 աշխատողի տվյալները, այդ թվում՝ պետական դպրոցների, հիվանդանոցների և ՊՈԱԿ-ների աշխատողները։
 

Այս մոտեցմամբ, եթե բոլոր պետական աշխատողներին մեկ ամիս աշխատավարձ չտվեր, ապա կկուտակվեր մոտ 47-55 մլրդ դրամ, իսկ այդ գումարը բաժանելով թոշակառուների թվին՝ ստացվում է մոտ 95-111,000 դրամի մեկանգամյա վճար։

Սակայն, ինչպես նշեցինք, Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե ամբողջ պետական համակարգին, այլ բացառապես պետական կառավարման մարմիններին։ Բացի այդ, նրա հայտարարությունը մեկանգամյա վճարի մասին չէր, այլ այն, որ 2025-ի ապրիլից մեկ տարվա ընթացքում թոշակները կարող են բարձրանալ միջինում 1,400 դրամով։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը իր խոսքում շփոթություն է առաջացրել՝ «պետական կառավարման համակարգից» զատ առանց հստակության օգտագործելով նաև «ամբողջ պետական համակարգ» արտահայտությունը, ինչը հանգեցրել է սխալ մեկնաբանությունների:

Կարելի է եզրակացնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը մեծամասամբ համապատասխանում է իրականությանը․ պետական կառավարման մարմինների մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը իսկապես կարող է ապահովել թոշակների մոտ 1,400-1,700 դրամով բարձրացումը։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում