Երևանում կեղծ հրդեհների վերաբերյալ լուրեր՝ դիտումներ և հետևորդներ հավաքելու նպատակով

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերի կեղծ լրատվական էջերում տարածվում են խուճապային գրառումներ՝ Երևանում խոշոր հրդեհների վերաբերյալ։
«Աղոթենք, որ զոհերը քիչ լինեն․ խոշոր հրդեհը Երևանում խուճապ է առաջացրել․ ի՞նչ է հայտնի այս պահին»,- նշված է գրառման մեջ։
Մեկ այլ գրառմամբ էլ նշվում է, թե 14 հարկանի շենք է այրվում։ Մինչդեռ վերջին օրերին Երևանում խոշոր հրդեհներ չեն արձանագրվել։
Հրդեհի վերաբերյալ լուրերը հին են և չափազանցված
Երևանում բռնկված հրդեհի վերաբերյալ գրառմանը կցված է yer.arminfonews.ru կայքի հղումը, իսկ հոդվածը ռուսերենով է։ Դրանում, մասնավորապես, ասվում է, թե հրդեհը բռնկվել է Աթոյան փողոցի թիվ 1 տանը, նշվում է նաև զոհի մասին։
«Սակայն, ողբերգությունից խուսափել չի հաջողվել։ Պաշտոնապես հաստատվել է տարեց տղամարդու մահը, որին փրկել չի հաջողվել»,- նշված է հոդվածում։

Իրականում Աթոյան փողոցի 1-ին շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ բռնկվել է 2023-ին, սակայն հրդեհի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Լուսանկարը ևս վերցված է 2023-ին տեղի ունեցած հրդեհից։
Առաջին դեպքը չէ, երբ նույն կայքը հրապարակում է այս հին լուրը որպես նորություն, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
14 հարկանի շենքում հրդեհի մասին գրառումը նույնպես կեղծ է
Մյուս գրառման մեջ, մասնավորապես, նշված է․ «ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. 14 հարկանի շենք է այրվում. Կադրեր դեպքի վայրից»։
Գրառման մեջ այլ մանրամասներ չկան, նշված չէ հրդեհի վայրը։
Հրապարակմանը կցված լուսանկարում երևացող շենքը գտնվում է Հրազդանում։ Այս շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Իսկ գրառումը տանում է «Լուրեր» գրված նկարով և «Սեղմիր ներքևի միանալու կոճակին նյութը կարդալու համար» անվանումով տելեգրամյան էջ։ Այն մեկ հետևորդ (subscriber) ունի, ինչից էլ կարելի է հետևություն անել, որ խուճապային գրառման միակ նպատակը տելեգրամյան էջի հետևորդների թիվը մեծացնելն է։

Հրդեհների, վթարների ու արտակարգ իրավիճակների թեմաները սովորաբար մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Իսկ նման կեղծ լուրեր տարածելու հիմնական նպատակը գրառմանը կցված կայքի դիտումներն ավելացնելը կամ տելեգրամյան էջերի հետևորդների թիվը մեծացնելն է:
CivilNetCheck
Civilnet









