Իրավապահ մարմինները խուզարկության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից առգրավել են 37 փաստաթուղթ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Աշխատասենյակից 37 հատ իմ աշխատանքային փաստաթղթերն են առգրավել»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Քննչական գործողություններն ավարտվել են։
Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ առայժմ ինքը դատավարական որևէ կարգավիճակ չունի, բայց չի կարծում, թե գործընթացն այսքանով ավարտվելու է։
Անդրադառնալով Քննչական կոմիտեի հայտարարությանը, որ միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում 51 տարբեր հասցեներում՝ քրեական վարույթի շրջանակում, Նարեկ Կարապետյանը նշել է, որ 51 ընկերություններից ոչ բոլորն են մտնում «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ։
Առավոտյան Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում գնահատելով իրավիճակը նշել էր, որ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը կատարվող խուզարկությունները քաղաքական կոմպոնենտ ունեն։
***
Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են: Հակասությունները սրվեցին այն բանից հետո, երբ Կարապետյանը հունիսի 17-ին քննադատեց Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Հայտարարությանը կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո Կարապետյանի երևանյան առանձնատանն իրավապահներն իրենց ձևակերպմամբ «օպերատիվ գործողություններ» սկսեցին:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով:
Կարապետյանի կալանավորման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։
Հուլիսի 3-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Civilnet











