Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում կրկին ակտիվացել են հայալեզու էջերը, որոնք տարածում են կեղծ, հնացած կամ մանիպուլյատիվ տեղեկություններ. դրանք օգտագործում են աղմկահարույց վերնագրեր ու լուսանկարներ՝ օգտատերերին գրավելու և նրանց տարատեսակ կասկածելի կայքեր ուղղորդելով:
«Հայտնի բժիշկը ցնցեց համացանցը․ շոկային բացահայտում՝ պարզվում է Լևոնը...»,- վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են այս վերտառությամբ գրառումները, որոնք ուղեկցվում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և հայտնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանի լուսանկարներով։
Ուշադրություն գրավելու նպատակով նման էջերը հրապարակում են նաև արհեստական բանականությամբ (AI) ստեղծված անիմացված տեսանյութ, որտեղ իբր զրույց է ընթանում Վահե Տեր-Մինասյանի ու Լևոն Քոչարյանի միջև։
Շրջանառվող կեղծ պատմություններ․ Լևոն Քոչարյանից մինչև Սամվել Բաբայան
Նման գրառումները օգտատերերին տանում են կասկածելի կայքեր, որտեղ ներկայացված է հորինված և տարօրինակ պատմություն՝ իբր մի բժիշկ խոստովանում է, որ տարիներ շարունակ ապրել է կեղծ ինքնությամբ՝ օգտագործելով «Լևոն» անունը։ Այս հորինված պատմությունը որևէ կապ չունի պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ։
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ո՛չ 2022-ին, ո՛չ ներկայումս որևէ «սենսացիոն բացահայտում» չի արել Լևոն Քոչարյանի կամ որևէ այլ քաղաքական գործչի վերաբերյալ։ Պատմությունը սոցցանցերում առաջին անգամ հայտնվել է դեռևս 2022-ի մայիսին և այդ ժամանակից ի վեր պարբերաբար տարածվում է կեղծ էջերի միջոցով։
Այս և այլ սենսացիոն պատմություններում առկա են ակնհայտ կեղծիքի նշաններ․ դրանք գրված են բազմաթիվ սխալներով, հայերեն տառերի փոխարեն հաճախ օգտագործված են օտարալեզու տառեր, որպեսզի ավելի բարդ լինի դրանց հայտնաբերումը որոնման համակարգերով։
Վերջերս նման էջերը սկսել են կիրառել նաև արհեստական բանականության տարբեր գործիքներ՝ ստեղծելով ոչ միայն կեղծ հոդվածներ ու լուսանկարներ, այլև ավելի համոզիչ թվացող կեղծ տեսանյութեր։
Տես՝ Զգուշացե՛ք քլիքբեյթ թակարդից․ ինչպես են «սունկ» կայքերը թիրախավորում հայերին սոցցանցերում
Սոցցանցերում ապատեղեկատվության թիրախ է դարձել նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ «ՇՏԱՊ․ դժբախտ դեպք Սամվել Բաբայանի հետ» վերնագրով գրառումները ուղեկցվում են նրա լուսանկարով և վառվող մոմի պատկերով։

Սակայն հղումով անցնելիս պարզվում է, որ հոդվածում խոսքը գնում է Բաբայանի մայրիկի մահվան մասին, որը մահացել է դեռ 2021-ի հոկտեմբերին։ Այս տեղեկությունը «հրատապ» նշումով, շարունակում է ամենշաբաթյա պարբերականությամբ տարածվել արդեն գրեթե 4 տարի։
Ավելի վաղ, նման էջերը երկար ժամանակ անդրադարձել են նաև հայտնի բանաստեղծ Պարույր Սևակի մահվանը՝ «Ով և ինչու սպանեցին Պարույր Սևակին։ Տարինցեր անց՝ սարսափելի գաղտնիքը բացահայտվեց..» վերնագրով։

Չնայած Սևակի մահվան պաշտոնական վարկածը 1971-ին տեղի ունեցած ավտովթարն է, այդ էջերը շարունակում են շրջանառել քաղաքական սպանության տեսությունը։
Քլիքբեյթ ցանցեր․ ինչպե՞ս են գործում կեղծ էջերը
Նման կեղծ լուրերը ու պատմությունները, որպես կանոն, օգտատերերին ուղղորդում են կասկածելի «սունկ» կայքեր կամ տելեգրամյան փակ ալիքներ։ Այս էջերի հիմնական նպատակը հետևորդների քանակի և ակտիվության մեծացումն է՝ հետագայում դրանք վաճառելու նպատակով։
Կեղծ լուրեր տարածող էջերից մեկի ստեղծողը՝ մեդիա-ձեռնարկատեր Արմեն Թումասյանը, ավելի վաղ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ նման էջերի հրապարակումների պրոցեսը ավտոմատացված է, իսկ դրանց հիմնական նպատակը մեծ լսարան հավաքելն ու հետագայում էջերի վաճառքն է։
Այսպիսով, տարիներ շարունակ նույն կեղծ պատմությունները վերափաթեթավորվում և կրկին շրջանառվում են՝ այժմ արդեն AI գործիքների օգնությամբ։ «Սունկ» էջերի երևույթը ոչ միայն չի անհետանում, այլև զարգանում է՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ։
Civilnet
CivilNetCheck











