Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդում է, որ «Սրբազան պայքարի» ենթադրյալ ահաբեկչությունը ծրագրվել է 2025-ի սեպտեմբերին, սակայն միջնորդագրում բացակայում են դրա ապացույցները։ Միջնորդագրում առկա են ժամանակագրական լուրջ հակասություններ, որոնք դատախազությունը հրաժարվում է պարզաբանել։
Ազգային ժողովում 2025-ի հուլիսի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման անդամները ծրագրել են ահաբեկչություն և իշխանության զավթում՝ նշելով, թե գործողությունների «բուն» փուլը նախատեսվել էր իրագործել 2025-ի սեպտեմբերին։
Դատախազը խորհրդարան էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագիր։
Սակայն միջնորդագրում Վարդապետյանի նշած այս ամսաթիվը նշված չէ, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Հիմնական հարցն էր՝ ենթադրյալ գործողությունները խմբի անդամները պլանավորել էին իրագործել 2024-ի՞, թե՞ 2025-ի սեպտեմբերին։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է գործի փաստաթղթերն ու դատախազի հայտարարությունները՝ բացահայտելով խորքային մի շարք հակասություններ։
Հակասություն առաջին. ե՞րբ պետք է տեղի ունենային գործողությունները՝ 2024-ի, թե՞ 2025-ի սեպտեմբերին
Ըստ գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդագրի՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը, պատգամավոր Արթուր Սարգսյանը և այլ անձինք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Գալստանյանը, չկարողանալով սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնել, որոշել է դա անել հակասահմանադրական ճանապարհով։
Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մատնանշելով «սպեկուլյացիաները», թե խոսքը 2024-ի մասին է, դատախազին խնդրեց պարզաբանել գործողությունների իրականացման ծրագրված ժամկետը։ Ի պատասխան ճշտող հարցերի՝ Վարդապետյանը վստահեցրեց. «2025, պարոն Ռուբինյան... 2025, այո, այս տարվա սեպտեմբեր ամսվա մասին է խոսքը»։

Սակայն ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը հակադարձեց այս պնդմանը՝ մատնանշելով միջնորդագրում առկա 2024-ի օգոստոսի 12-ի գաղտնալսված խոսակցությունը։
Այդ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը (քաղաքացիական անունը՝ Վազգեն Գալստանյան) առաջարկում է գործողություններն իրականացնել «սեպտեմբերի 13-14-ին՝ Խաչվերաց տոնին» և հավելում, որ «մինչև սեպտեմբերի 21-ը հարցը պետք է լուծվի»։

Տրամաբանորեն, օգոստոսին տեղի ունեցած զրույցում «սեպտեմբեր» ասելով՝ պետք է նկատի ունենալ հենց հաջորդ ամիսը՝ 2024-ի սեպտեմբերը, մանավանդ որ քննարկումը կապվում էր Արցախի կորստի տարելիցի հետ։
Գլխավոր դատախազ Վարդապետյանը, սակայն, պնդեց, որ քանի որ «իշխանության զավթման նպատակը ձևավորվել է 2024-ի նոյեմբերին», օգոստոսյան զրույցը չի կարող վերաբերել նույն տարվա սեպտեմբերին։

Ավելի ուշ, երբ պատգամավորները շարունակեցին մատնանշել հակասությունները, դատախազը փոխեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ «կոնկրետ ամսաթիվ չկա», «տարբեր ամսաթվեր են քննարկվում»։
Իրավիճակն ավելի սրվեց, երբ պատգամավոր Աննա Գրիգորյանը միացրեց դատախազի ձայնագրությունը, որտեղ նա հստակ նշում էր՝ «2025-ի սեպտեմբեր»։ Դրանից հետո Վարդապետյանը կրկին փորձեց բացատրել իրավիճակը՝ այս անգամ պնդելով, որ «պլանավորումը վերաբերում էր ամեն հարմար առիթի»՝ սկսած 2024-ի նոյեմբերից։
Հակասություն երկրորդ. ե՞րբ է սկսվել պլանավորումը՝ 2024-ի հուլիսի՞ն, թե՞ նոյեմբերին
Դատախազության ներկայացրած միջնորդագրում առկա է ժամանակագրական մեկ այլ էական հակասություն։ Փաստաթղթի մի հատվածում նշվում է, որ խմբի գործողությունների «նախնական համաձայնությունը» ձևավորվել է 2024-ի հուլիսից և շարունակվել մինչև 2025-ի մարտի 14-ը։ Սակայն նույն փաստաթղթի մեկ այլ հատվածում պնդում կա, որ իշխանության զավթման նպատակադրումը ձևավորվել է 2024-ի նոյեմբերից։
Այսպիսով, միևնույն պաշտոնական փաստաթղթում որպես մեկնարկային կետ նշված են երկու տարբեր ամիսներ՝ հուլիս և նոյեմբեր։

Ժամանակագրական այս հակասությունը առաջ է բերում տրամաբանական հարցեր. եթե խմբի մոտ իշխանության զավթման նպատակը ձևավորվել է նոյեմբերին, ապա ի՞նչ էին նրանք ծրագրում 2024-ի հուլիսից մինչև նոյեմբեր, և ինչպե՞ս են որակվում օգոստոսյան գաղտնալսումները։
Հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը Վարդապետյանը կրկին պաշտպանեց իր դիրքորոշումը. «Եթե մեղադրանքն ըստ էության նոյեմբեր ամսից է սկսվում, չի կարող 2024-ի սեպտեմբերը մեջը լինել»։ Դատախազն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու է մեղադրանքը նոյեմբերից սկսվում։
Միջնորդագրի ձայնագրությունները ընդգրկում են 2024-ի օգոստոսից մինչև 2025-ի հունիս ընկած ժամանակահատվածը։ Ըստ միջնորդագրի՝ 2025-ի հունվարից հավաքագրվել է ավելի քան 2000 մարդ, ձեռք են բերվել քարտեզներ, էներգամատակարարման տվյալներ, հրավտանգ և այլ միջոցներ։
Այս փաստերը հաստատում են պլանավորման շարունակականությունը 2025-ին։ Սակայն հիմնական հակասությունը մնում է՝ ինչպե՞ս կարող էր 2024-ի օգոստոսին քննարկվել հանցագործություն, որի մտադրությունը ձևավորվել է միայն նոյեմբերին։
Դատախազությունը հրաժարվում է պարզաբանել՝ ի հեճուկս օրենքի
Ստեղծված խառնաշփոթը պարզաբանելու նպատակով #CivilNetCheck-ը գրավոր հարցում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ խնդրելով հստակեցնել, թե իրականում երբ է սկսվել գործողությունների նախապատրաստումը և ինչ ապացույցների վրա է հիմնված 2025-ի սեպտեմբերի վարկածը։
Դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, բովանդակային պարզաբանում չի տրամադրել։ Ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնել են միայն, թե գլխավոր դատախազը հարցերին արդեն իսկ անդրադարձել է Ազգային ժողովում, թեև իրականում ԱԺ-ում հնչած պատասխանները ոչ միայն չեն պարզաբանել, այլև ավելի են խորացրել հակասությունները։

Այսպիսով, «Սրբազան պայքարի» գործում առկա ժամանակագրական անհամապատասխանությունները մնում են չպարզաբանված։ Դատախազությունը ոչ միայն չի ներկայացնում փաստական հիմնավորումներ իր պնդումների համար, այլև խուսափում է օրենքով նախատեսված իր պարտականությունների կատարումից։
Civilnet
CivilNetCheck











