«Մեգա Մոլի» անունից կրկին տարածվում են խարդախության գրառումներ

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում ակտիվացել են սուպերմարկետների և հայտնի բրենդների անունից տարածվող կեղծ գրառումները, որոնք հորինված խաղարկությունների միջոցով խոստանում են անվճար կենցաղային տեխնիկա տրամադրել։
Այս անգամ մեծ տարածում է ստացել «Megamall Armenia» անունով կեղծ էջի հուլիսի 23-ի գրառումը, որտեղ խոստանում են անվճար տրամադրել 175 վառարան և լվացքի մեքենա՝ իբր «աննշան քերծվածքների և վնասվածքների պատճառով»։ Գրառումն արդեն հավաքել է ավելի քան 4,800 հավանում և 21,000 մեկնաբանություն։
Ուշագրավ է, որ խաղարկությանը մասնակցելու համար օգտատերերից պահանջվում է մեկնաբանություններում նշել «@» նշանը։ Խոստացվում է, որ եթե նշանը կապույտ գույն ստանա, օգտատերը կարող է հաղթել։

Կեղծ էջերը՝ զեղծարարների գործիք
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Megamall Armenia» էջը ստեղծվել է հենց գրառման օրը՝ հուլիսի 23-ին, և սա էջի միակ հրապարակումն է։ Ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ գրառման մեջ օգտագործվել են համացանցից վերցված տեխնիկայի լուսանկարներ։
Նմանատիպ գրառումներ տարածվել էին նաև մեկ ամիս առաջ՝ հունիսի 21-ին, մեկ այլ կեղծ էջից։ Այդ գրառումներում խոստացվում էր նվիրաբերել 480 լվացքի մեքենա և սառնարան՝ օգտատերերից պահանջելով գրել «ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ» բառը մեկնաբանություններում։

Այս երկու գրառումները միասին հավաքել են ավելի քան երկու միլիոն դիտում, 4000 հավանում և 7000 տարածում՝ մոլորեցնելով բազմահազար օգտատերերի, որոնցից շատերը ենթադաբար տրամադրել են իրենց անձնական և բանկային տվյալները զեղծարարներին։
Ինչպես է գործում խաբեության մեխանիզմը
Խարդախության սխեման արդեն ծանոթ է։ Մեկնաբանություն թողնելուց հետո օգտատերերը ստանում են անձնական հաղորդագրություններ, որոնցում պահանջվում է տարածել գրառումը տարբեր ֆեյսբուքյան խմբերում։ Այնուհետև նրանց ուղարկվում են կասկածելի հղումներ, որոնք հաճախ տանում են ֆիշինգային կայքեր։ Այդ կայքերի միջոցով զեղծարարները փորձում են կորզել օգտատերերի անձնական և բանկային տվյալները։
Հուլիսի 24-ին «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի պաշտոնական էջը հրապարակել է զգուշացում՝ օգտատերերին կոչ անելով զերծ մնալ խաբեություններից։
Օրերս նմանատիպ խաբեություն տարածվել էր նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի անունից՝ խոստանալով նվիրել 520 լվացքի մեքենա։ Զեղծարարները կիրառում են միևնույն սխեման՝ պարզապես փոխելով ընկերության անունը և մրցանակների տեսակը։
2025-ի ընթացքում #CivilNetCheck-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է խոշոր առևտրային ցանցերի անունից տարածվող նմանատիպ խաբեություններին և «Meta-ի երրորդ կողմի փաստերի ստուգման» ծրագրի շրջանակում սահմանափակել դրանց տարածումը։ Սակայն զեղծարարները շարունակում են ստեղծել նոր էջեր՝ յուրաքանչյուր արգելափակումից հետո։
Տես՝ «Երևան Սիթի»-ի անունից կրկին խաբեություն. սառնարաններ և լվացքի մեքենաներ չեն նվիրվում
Այսպիսով, «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնը չի նվիրում վառարաններ, լվացքի մեքենաներ կամ այլ տեխնիկա։ Բոլոր նմանատիպ գրառումները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել օգտատերերին ու կորզել նրանց անձնական տվյալները։
CivilNetCheck
Civilnet










