Վարդավառի «օրվա կադրը»․ տարածված լուսանկարը ստեղծված է AI-ով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վերջին օրերին մեծ տարածում է ստացել լուսանկար, որտեղ երջանիկ նորապսակ զույգին փողոցում մարդիկ ջրով են ցողում, իբրև Վարդավառի (Պայծառակերպության) տոնակատարության ժամանակ։
Մի շարք օգտատերեր և էջեր լուսանկարը ներկայացրել են որպես իրական՝ առանց որևէ բացատրական նշման։ Նկարը տասնյակ հազարավոր հավանումներ և հարյուրավոր կիսումներ է հավաքել, իսկ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններով շնորհավորել են «նորապսակներին»։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է մեծ տարածում ստացած այս նկարը։
Պատկերը ստեղծված է արհեստական բանականության միջոցով
Իրականում՝ տարածվող նկարն իրական չէ և ստեղծվել է արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ #CivilNetCheck-ը նկարը ստուգել է AI պատկերների հայտնաբերման մի շարք գործիքներով, որոնք բոլորը 99 տոկոս հավանականությամբ եզրակացրել են, որ այն ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Հարթակների վերլուծության համաձայն՝ նկարը ստեղծվել է OpenAI ընկերության GPT-4o պատկերների գեներացման մոդելի միջոցով, որը կարողանում է տեքստային նկարագրության հիման վրա բարձր որակի և իրատեսական պատկերներ ստեղծել։
Նկարի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է մի շարք վիզուալ արատներ, որոնք վկայում են դրա արհեստական ծագման մասին։ Մասնավորապես նկատելի են վերջույթների անհամաչափ ձևերը, աչքերի անբնական տեսքը և ֆոնի լղոզված (blurred) պատկերը։

Հայաստանցի օգտատերերը չեն նկատել կեղծիքը
Չնայած առկա թերություններին՝ հարյուրավոր օգտատերեր չեն նկատել, որ լուսանկարն իրական չէ, և սկսել են մեկնաբանություններում իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն հղել «նորապսակներին», իսկ որոշ դեպքում իրենց դժգոհությունն արտահայտել՝ հարսին «ջրելու» համար։

Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան դյուրին է արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների միջոցով մոլորեցնել մարդկանց։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել բավականին համոզիչ նկարներ, որոնք առաջին հայացքից դժվար է տարբերել իրականից։
Տալով GPT-4o մոդելին գրեթե համանման հրահանգ, ստացանք նման պատկերներ, ինչը լրացուցիչ հաստատում է տարածվող լուսանկարի՝ արհեստական բանականությամբ ստեղծված լինելու հանգամանքը։

Այսպիսով, Վարդավառի տոնի ժամանակ նորապսակներին «ջրելու» վիրուսային նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով և իրական չէ։ Սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածելիս կարևոր է ցուցաբերել քննադատական մոտեցում և ստուգել աղբյուրների արժանահավատությունը։
CivilNetCheck
Civilnet










