Հայկ Հովհաննիսյան, #CivilnetCheck
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառավարումը օտարերկյա մասնավոր ընկերության հանձնելու վերաբերյալ։ Այս թեմայի շուրջ հայ պաշտոնյաների հայտարարություններում նկատվում են էական հակասություններ։
#CivilNetCheck-ը համադրել է թեմայի շուրջ հայկական կողմի պաշտոնական հայտարարությունները։ Թեև որոշ պաշտոնյաներ պնդում են, որ նման անընդունելի առաջարկ երբևէ չի քննարկվել, մյուսները հաստատում են առաջարկի փաստը և այն քննարկելի համարում։
Ի՞նչ է առաջարկել ԱՄՆ-ն
Տարածաշրջանային հաղորդուղիների (կոմունիկացիաների) ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան նախաձեռնության մասին առաջինը 2025-ի հուլիսի 1-ին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։ Ըստ հրապարակման՝ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկել է ծրագիր, որը հիմնված է կառավարման գործում «ամերիկյան բիզնեսի մասնակցության» վրա։ Այս գաղափարը, ըստ էության, ենթադրում է Սյունիքի հարավային (Մեղրիի) ճանապարհի կառավարման արտապատվիրակում մասնավոր ընկերության։
Թեման հանրային լայն հնչեղություն ստացավ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հուլիսի 16-ի հայտարարությունից հետո։ Դեսպանը ներկայացրել էր ամերիկյան տեսլականը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վարձակալել Ադրբեջանի և Հայաստանի միջև «վիճելի 32 կիլոմետրանոց ճանապարհը» [իրականում՝ 40 կմ-ից ավելի], որպեսզի երկու կողմերն էլ կարողանան օգտվել դրանից։
Երբևիցե չի՞ քննարկվել, թե՞ քննարկվել ու մերժվել է
Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Factor.TV-ին հուլիսի 28-ին տված հարցազրույցում ասաց. «Հայաստանը ոչ թե չի ընդունել ԱՄՆ առաջարկը, այլ երբևիցե չի քննարկել և չի քննարկելու որևէ առաջարկ, որը իր օրենսդրությամբ նախատեսված չէ»։ Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ հողի վարձակալության ինստիտուտ գոյություն չունի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, և հետևաբար առաջարկը կիրառելի չէ։
Ռուբինյանը ուղղակիորեն հերքում էր այն, ինչ օրեր առաջ նույն տաղավարում հայտարարել էր իր կուսակից պատգամավորը։ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չորս օր առաջ՝ հուլիսի 24-ին, նույն լրատվամիջոցի եթերում հայտնել էր, որ ամերիկյան կողմից նման առաջարկ եղել է, սակայն այն ընդունելի չի եղել Հայաստանի համար։
«Նման գաղափար ամերիկացիները ունեին, բայց դա մեզ համար ընդունելի չի եղել։
Ընդունելի չի եղել մեզ համար, որովհետև [...] էդտեղ մենք նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, եթե խոսում ենք հողի վարձակալությունից, ոչ թե ֆունկցիայի իրականացումից հողի վրա»,- ասել էր Եղոյանը։
Պատգամավորը նույնիսկ մանրամասներ էր ներկայացրել քննարկումների բնույթի մասին՝ նշելով, որ դեռ կոնկրետ փաստաթուղթ և լիարժեք բանակցություններ չկան, այլ «գաղափարներ են քննարկվում» և տեղի է ունենում «մտքերի փոխանակում, շփում»։
Վարչապետի ներկայացրած դիրքորոշումը և առկա հակասությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսին ոչ միայն չհերքեց ամերիկյան առաջարկի քննարկման փաստը, այլև ընդգծեց, որ հարցը քննարկելի է, սակայն հայկական օրենսդրությամբ՝ կառուցապատման իրավունքի տրամաբանության ներքո։
« Բայց նաև շատ քննարկվում է [հանրության շրջանում` խմբ]... վարձակալության մասին է խոսվում, ներառյալ քննարկվում է հողի վարձակալության թեման։ Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք։ Այս իրավունքի տրամաբանությամբ ներդրումները պայմանագրի լրանալուց հետո դառնում են Հայաստանի սեփականությունը»,- ասում էր Փաշինյանը։
Ավելին՝ վարչապետը մանրամասներ ներկայացրեց նման գործարքի հնարավոր մեխանիզմների մասին՝ որպես օրինակ բերելով Հարավկովկասյան երկաթուղիները, «Զվարթնոց» օդանավակայանը և ջրային համակարգը, որոնք կառավարվում են մասնավոր ընկերությունների կողմից, բայց մնում են Հայաստանի սեփականությունը։
Մինչև Փաշինյանի ասուլիսը՝ հուլիսի 14-ին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նույնպես արձագանքել էր թեմային՝ պնդելով, թե ՀՀ օրենսդրությամբ «հողի վարձակալության ինստիտուտը գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար»։ Նա չէր նշել վարչապետի հիշատակած «կառուցապատման իրավունքի տրամաբանության» մասին։
Խոսնակը հայտարարել էր նաև, որ չի քննարկվել ոչ միայն տարածքի վարձակալություն, այլև վերահսկողության արտապատվիրակում՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը՝ պահպանելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները։
Սա իր հերթին հակասում է ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմի սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ ճանապարհների հարցում գործառույթներների [վերահսկողության] արտապատվիրակմանը։
Փաստացի, Ռուբինյանը և վարչապետի խոսնակը պնդում են, որ Հայաստանի օրենսդրությամբ հողի վարձակալության ինստիտուտը տարածվում է միայն գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, ինչը չի համապատասխանում ճանապարհների կառավարման առաջարկին։ Փաշինյանը, մինչդեռ, «հողի վարձակալության» առաջարկը դիտարկում է կառուցապատման իրավունքի շրջանակում, ինչը կարող է վկայել, որ առաջարկը, այնուամենայնիվ, քննարկելի է։
Հայտարարությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամերիկյան առաջարկը, հակառակ Ռուբինյանի պնդումների, առնվազն քննարկվել է։ Հարցական է մնում, թե արդյոք այդ քննարկումները շարունակվում են, թե վերջնականապես դադարեցվել են։
CivilNetCheck
Civilnet











