Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վերջերս ակտիվ տարածվեց տեղեկություն, թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իշխանությունները փորձում են ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը խոսեցին «գաղտնի ապամոնտաժման» և «պատմության վերացման» մասին, իսկ ռուսական մեդիան գրեց, թե Հայաստանի իշխանությունները հուշարձանը «գաղտնի ուզում են քանդել»։
#CivilNetCheck-ը ստուգել է տարածված պնդումները և պարզել, որ տեղեկությունը մոլորեցնող է։
Ինչպես տարածվեց տեղեկությունը
Հուլիսի 25-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարեց, թե Արթիկում «գաղտագողի» պատրաստվում են ապամոնտաժել հուշարձանը՝ անվանելով դա «համակարգային հարձակում պատմական հիշողության վրա»։ Այս թեմային Մելքոնյանը անդրադարձել էր նաև ավելի վաղ՝ հուլիսի 3-ին։
Հուլիսի 26-ին, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Արթիկի կենտրոնական հրապարակից տեսագրություն հրապարակեց՝ պնդելով, որ 1965-ին կառուցված հուշարձանն ապամոնտաժվում է «առանց հիմնավոր պատճառի»։ Նա այդ քայլը կապում էր Արևելյան Եվրոպայի երկրներում և Ուկրաինայում վարվող «հակառուսական քաղաքականության» հետ։
Այս պնդումներն անմիջապես վերատարածեցին տեղական տասնյակ լրատվամիջոցներ՝ News.am, Tert.am, Yerevan.Today, 24news.am, 5-րդ ալիք, Mamul.am, Irakanum.am, Aysor.am, Yerkir.am, Asekose.am, 7or.am, Oragir.News և այլն։
Թեմային հատուկ ուշադրություն դարձրին ռուսական պետական և մերձկրեմլյան լրատվամիջոցները։ Հուլիսի 26-ին РИА Новости-ն հրապարակեց «Հայաստանում նախատեսում են ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը» վերտառությամբ հոդված։ Լուրը տարածեցին նաև Russia Today, Sputnik, Lenta.ru, Gazeta.ru, Kommersant, RG.ru, Regnum.ru, KP.ru, MK.ru, Ren.tv, Tsargrad.tv և այլ կայքեր։

Ինչ է իրականում նախատեսվում
Իրավիճակը պարզաբանելու նպատակով #CivilNetCheck-ը գրավոր հարցում ուղարկեց Արթիկի համայնքապետարան։ Ի պատասխան՝ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը պարզաբանել է, որ 1965-ին կառուցված հուշարձանը նախատեսվում է ապամոնտաժել քաղաքի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակից, տեղափոխել և վերականգնել քաղաքի մեկ այլ հատվածում՝ Բարեկամության այգում։
Ըստ համայնքապետարանի՝ սա Ազատության հրապարակի հիմնանորոգման քաղաքաշինական ծրագիր է, որի շրջանակում նախատեսվում է տեղադրել ժամանակակից լուսաձայնային շատրվաններ։ Հրապարակը կսալիկապատվի բազալտե և տուֆե սալիկներով, կկառուցվի նոր պուրակ և ջրավազան։
Արթիկի կենտրոնական հրապարակի ներկայիս տեսքը արբանյակային լուսանկարում
Համայնքապետարանի տեղեկացմամբ՝ հուշարձանը հանրապետական նշանակության է և գտնվում է պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Այն կարող է տեղափոխվել միայն կառավարության համապատասխան որոշմամբ։
«Տվյալ պահին համայնքապետարանի և ՀՀ կառավարության որոշում չկա կայացրած, սակայն գործընթացը գտնվում է ընթացքի մեջ»,- նշվում է պատասխանում։ ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհուրդը հուլիսի 3-ին դրական եզրակացություն է տվել, որը կներկայացվի կառավարությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմից #CivilNetCheck-ին տեղեկացրին, որ թեև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման և օգտագործման մասին» օրենքը նման դեպքերում հանրային քննարկումներ չի պարտադրում, համայնքապետարանը, այնուամենայնիվ, նախատեսում է անցկացնել հանրային քննարկում՝ նախքան նախագիծը կառավարությանը ներկայացնելը։
Աշխատակազմից նաև հերքեցին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե իբր հուշարձանի ապամոնտաժման համար հատկացվել է 5 մլն դրամ, իսկ վերատեղադրման համար՝ ոչ։
Հուշարձանային համալիրի նոր վայրը կլինի ավելի բարեկարգ
Թեև համայնքապետարանից ստացված գրությունում չի հիշատակվում, սակայն հուշարձանի տեղափոխման և հրապարակի վերակառուցման գործընթացը նոր կամ գաղտնի չէ։
Դեռ 2023-ի հունիսին Արթիկի համայնքապետարանը հայտարարել էր մրցույթ քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման և հուշարձանի ապամոնտաժման ու վերամոնտաժման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։
Մրցույթում հաղթած «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի հետ 2023-ի հուլիսին կնքվել է 4,8 մլն դրամի փաստաթղթերի մշակման պայմանագիր, որում ներկայացված տեխնիկական առաջադրանքում նշված է, որ 16 մետր երկարությամբ բազալտե հուշարձանը պետք է վերականգնվի նոր վայրում։

Ըստ նախագծի՝ հուշարձանի նոր վայրում՝ Անկախության 3/5 հասցեում գտնվող Բարեկամության այգում կստեղծվի լիարժեք հուշահամալիրային տարածք։ Նախատեսվում է Անմար կրակի տեղադրում՝ գազատարի անցկացմամբ, ժամանակակից լուսավորության համակարգի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում՝ նոր պուրակի ստեղծմամբ։
Դեռ 2025-ի տարեսկզբին լրատվամիջոցները, հղում անելով «շրջանառվող տեղեկություններին», գրել էին, թե հուշարձանը պետք է ապամոնտաժվեր մինչև մայիսի 9-ը, ինչը սակայն այդպես էլ տեղի չունեցավ։
Այսպիսով, Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի «քանդման» և «գաղտնի ապամոնտաժման» մասին տարածված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հուշարձանը նախատեսվում է տեղափոխել Բարեկամության այգի՝ վերականգնելով որպես լիարժեք հուշահամալիր։
CivilNetCheck
Civilnet











